
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ընդլայնումը բանակցությունների հինգերորդ փուլի նախաշեմին

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանի շինարարական հատվածի դեմ, որոնք հայտարարվել են երկու կողմի միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլի նախաշեմին, Թեհրանին ստիպում են կասկածի տակ դնել Վաշինգտոնի՝ դիվանագիտական ուղիով ընթանալու մտադրությունների լրջությունը:
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«ԱՄՆ-ի կողմից շարունակվող պատժամիջոցների փուլերը միայն ամրապնդում են մեր ժողովրդի խորը հավատը, որ ամերիկյան ղեկավար մարմինները մտադիր են բոլոր ջանքերը գործադրել Իրանի զարգացմանն ու առաջընթացին խոչընդոտելու համար…. Դրանք էլ ավելի են կասկածի տակ դնում ամերիկացիների լրջությունը և դիվանագիտությանը նրանց պատրաստակամությունը», – Բաղային գրել է X սոցցանցում։
Նա նաև նշել է, որ սահմանափակող միջոցները համարում է «ոչ այլ ինչ, քան մարդկության դեմ հանցագործություն»։Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը կանցկացվի մայիսի 23-ին, Հռոմում։
Ամերիկյան կողմը բանակցություններին կրկին կներկայացնեն Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Էնթոնը։ Որպես միջնորդ հանդես կգա Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսայիդին։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Մայիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր նոր միջոցառումների մասին՝ Իրանի շինարարական ոլորտը դասակարգելով որպես «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվող»։ Նաև Պետքարտուղարությունը նշել էր շինարարական ոլորտի համար նախատեսված այն տասը ռազմավարական նյութերը, որոնք Իրանը, ենթադրաբար, ձեռք է բերում իր միջուկային, ռազմական և հրթիռային ծրագրերում օգտագործելու համար։