
Իրանի արտգործնախարարը ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մայիսի 23-ի առավոտյան ժամանել է Հռոմ։ Նա գլխավորում է Իրանի պատվիրակությունն Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլում։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը նախատեսված է անցկացնել տեղական ժամանակով մայիսի 23-ի կեսօրին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։
Բանակցություններն ԱՄՆ-ի կողմից կգլխավորի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Ինչպես նախորդ փուլերում, այս փուլում ևս քննարկումներն ընթանում են անուղղակի. Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հանդես է գալիս որպես երկու կողմերի միջև միջնորդ։
Բանակցությունների հիմնական խոչընդոտը մնում է Իրանում ուրանի հարստացման հարցը։ԱՄՆ պաշտոնյաների, այդ թվում՝ Ուիթքոֆի վերջին հայտարարություններում ընդգծվել է Իրանում ուրանի հարստացման գործունեության լիակատար դադարեցումը, պահանջ, որին Թեհրանը կտրականապես դեմ է։
Ավելի վաղ հեռուստատեսային հարցազրույցում Արաղչին ընդգծել է. «Ուրանի հարստացումը կշարունակվի Իրանի ներսում»։
Նա նաև նշել է, որ չնայած չլուծված խնդիրներին, բանակցությունները չպետք է դադարեցվեն։«Դիվանագիտությունը երբեք չի դադարում, – նշել է նա։ – Միջնորդ Օմանը քրտնաջան աշխատել և առաջարկել է ևս մեկ փուլ՝ լուծում գտնելու հույսով: Մենք չենք կարող փոխզիջման գնալ հարստացման հարցում»:Բանակցությունների այս փուլում Իրանի հիմնական պահանջը միակողմանի և անօրինական ԱՄՆ պատժամիջոցների արդյունավետ վերացումն է:
Թեհրանում պնդում են, որ որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) անդամ, Իրանն իրավունք ունի հարստացնել ուրանը և օգտագործել միջուկային էներգիան խաղաղ նպատակներով։