«Հովիկ Աբրահամյանն էլ է մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի պատասխանատուների ցուցակում»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին և թվարկեց մի շարք նոր անունների մասին, որոնք, ըստ նրա, կապ ունեն այդ ողբերգական դեպքերի հետ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ին նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ընթացքում իրավապահների կողմից ուժի կիրառման հետևանքով բախումներ տեղի ունեցան ոստիկանության և ընտրությունների արդյունքները վիճակող ընդդիմության և ժողովրդի միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ զոհվեց (2 ոստիկան եւ 8 քաղաքացիական անձ), շատերն էլ տարբեր տեսակի վնասվածքներ ստացան։

Ա. Սաքունցն այսօրվա ասուլիսում նշեց, որ լրատվամիջոցներում այս թեմայով անդրադարձների սակավությունն արդեն իսկ խոսում է հանրային վերաբերմունքի նվազեցման միտումների մասին. «Ես դա գնահատում եմ որպես կանխամտածված վերաբերմունք»,- ասաց նա:

Բանախոսը մարտի 1-ի դեպքերը որակեց ոչ թե ոստիականության ուժերի և խաղաղ ցուցարարների բախում (դա ընդամենը մարտի 1-ից մի էպիզոդ է), այլ տեղի է ունեցել պետության զավթում այդ ժամանակ գործող իշխանության կողմից. «Այդ զավթումն իրականացել է ոչ միայն ոստիկանական ուժերի, այլև զինված ուժերի, ինչպես նաև պետական ապարատի ամբողջ ռեսուրսների կիրառմամբ»,- ասաց նա:

Ա. Սաքունցն մատնանշեց մի քանի փաստաթղթեր, որտեղ անդրադարձ կա մարտի 1-ի դեպքերին. «Առաջինը` Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն 2011 թվականին իր հատուկ նիստի ժամանակ անդրադարձել մարտի 1-ի դեպքերին, մասնավորապես, գտնելով, որ պետք է անպայման ներկայացվեն հետաքննության այն բոլոր ինֆորմացիաները, որոնք վերաբերվում են մահացության դեպքերին և արդարադատության իրականացման ուղղությամբ, այսինքն՝ քննության ընթացքի վերաբերյալ:

2012 թվականին նույնպես՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հատուկ անդրադարձ կատարեց Հայաստանի վերաբերյալ զեկույցի մասով, որ պետությունը պետք է արագացնի 10 հոգու սպանության հետաքննությունը, ինչպես նաև՝ պետությունը պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռք առնի, որպեսզի արդյունավետ պաշտապանություն ապահովի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք կարող են տեղեկատվություն հաղորդել մարտի 1-ի հանցագործության վերաբերյալ»:

Ա. Սաքունցի հավաստմամբ` իրենք դեռևս 2013 թվականի հոկտեմբերին գրություն են ուղարկել Հատուկ քննչական ծառայություն` պահանջելով ներկայացնել տեղեկություն քննության արդյունքների վերաբերյալ, սակայն Հատուկ քննչական ծառայությունն ուղղակի հայտնում է, որ իրենք նման տեղեկատվությունը նպատակահարմար չեն գտնում հրապարակել. «Նաև ներկայացրել էինք հատուկ առաջարկություններ, թե պաշտոնական որ անձանց քննեն, այսինքն՝ բացատրություն վերցնեն:

Ցավոք սրտի, Դատախազությունից պատասխան չենք ստացել, բայց Հատուկ քննչական ծառայության կողմից, ուղղակի նշեմ, որ իրենք գտնում են, որ Քրեական դատավարության օրենսգրքով նախաձեռված չէ դիմումատուին քննչական գործունեության վերաբերյալ տեղեկություններ հայտնելու օրենսդրական ընթացակարգ, բայց այդ իրենց ասած ընթացակարգի պայմաններում իրենք 2012 թվականին ամբողջ հանրությանն էին նման ինֆորմացիա տրամադրել»:

Նա արձանագրեց, որ փոխվել է Հատուկ քննչական ծառայության պետը, փոխվել է, այսպես կոչված, քաղաքական ղեկավարությունը` հանձինս Հանրապետության նախագահի, բայց կամքը՝ մարտի 1-ի հանցագործության բացահայտման ուղղությամբ մնացել է նույնը:

Մարտի 1-ի դեպքերի, ՀՀ-ի մարդկության դեմ կատարած հանցագործության անմիջական պատասխանատուների, հանցակիցների և կոծկողների մասին, այն ցուցակը, որը հրապարակել էին ապրիլ ամսին՝ Ա.Սաքունցը լրացրեց նաև հետևյալ մարդկանցով ու հետևյալ տրամաբանությամբ:

«Միակ հանդես եկող տղամարդը` ժամանակին ՀՀ-ի գլխավոր պաշտոնատար անձը, տիրապետում էր ամբողջ պետական ապարատին, հետևաբար, այդ աբողջ պետական ապարատի ռեսուրսները, այդ թվում՝ մարզպետները, պետք է ընդգրկվեն այդ ցուցակում: Ավելին, որտե՞ղ են եղել այդ մարզպետները, ի՞նչ հրահանգեր են ստացել և ի՞նչ գործողություններ են իրականացրել… Եվ այդ շարքում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանը, ՀՀ բնապահպանության նախարարը, այն ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, Հարություն Փամբուկյանը, ԱԺ այն ժամանակվա պատգամավոր Մնացական Մնացականյանը: Մենք այն ժամանակ ցուցակում նշել էինք պաշտպանության նախարարի անունը: Բայց պաշտպանության նախարարն այն ժամանակ (Միքաել Հարությունյանը) և հատկապես շտաբի պետը՝ Սեյրան Օհանյանը, միայն իրենց անձերով չէին ներգրավված: Հետևաբար՝ առանձին ուսումնասիրության հարց է դառնում կորպուսի հրամանատարների դերակատարությունը մարտի 1-ի իրադարձություններում»:

Տեսանյութեր

Լրահոս