Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված բարեգործական համերգը տեղի կունենա Երևանում

Վերջերս տեղեկատվություն տարածվեց Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված բարեգործական համերգի մասին, որը որոշակի աղմուկի՝ բավականին հակասական կարծիքների և տարբեր խոսակցությունների առիթ դարձավ թե՛ Մարկի ընկերների և թե՛ պարզապես նրան ճանաչող և սիրող մարդկանց շրջանում: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ շոումեն Արմեն Պետրոսյանը (Մենչ) «Ֆեյսբուքի» իր էջում Մարկ Սաղաթելյանի հիշատակին կազմակերպված համերգի պաստառը տեղադրեց։

Այնուհետև Tert.am-ի լրագրողի հարցին, թե՝ ո՞վ է համերգի կազմակերպիչը, Արմեն Պետրոսյանը պատասխանել էր. «Կազմակերպիչը գյումրեցի է, համերգը Գյումրիում է կայանալու, իսկ համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Մարկի գերեզմանի կառուցմանը»։

Mark-Nune (4)

Արմենի հայտարարությանը հետևել էր Մարկ Սաղաթելյանի կնոջ` Նունե Սաղաթելյանի արձագանքն այդ համերգին, որտեղ նա մասնավորապես նշում էր, որ Մարկի գերեզմանի հետ կապված աշխատանքները վաղուց ընթացքի մեջ են և, որ, Փառք Աստծո, նրանք այն վիճակի մեջ չեն, որ ստիպված լինեն մարդկանցից գումար հավաքել այդ նպատակով:

Կարդացեք նաև

Նունեն ևս անակնկալի էր եկել՝ այդ համերգի մասին լսելով, և կազմակերպիչներին իր և Մարկի կողմից առաջարկել էր այդ համերգի շրջանակում ստացվելիք գումարը հատկացնել լեյկոզով հիվանդ երեխաների բուժմանը:

Mark-Nune (3) Mark-Nune (1)

168.am-ի հետ զրույցում Նունե Սաղաթելյանը նշեց. «Մարկը միանշանակ կողմ կլիներ այս նախաձեռնությանը: Նա իր կենդանության օրոք բազմիցս զբաղվել է բարեգործությամբ: Սակայն նա այն մարդկային տեսակն էր, ով դա անում էր ոչ թե՝ ի ցույց աշխարհի, այլ միայն իր հոգու համար և Աստծո առաջ: Ես միանշանակ ողջունում եմ գյումրեցի տղաների այդ նախաձեռնությունը և անկեղծորեն շատ շնորհակալ եմ բոլորից, սակայն կարծում եմ, որ պետք է օգնել նրանց, ովքեր իրապես ունեն օգնության կարիք, և, եթե Մարկի հիշատակը կօգնի այդ հարցում, ես հիրավի շնորհակալ կլինեմ թե՛ կազմակերպիչներից և թե՛ համերգին ներկա յուրաքանչյուր հանդիսատեսից, և, իհարկե, մասնակիցներից:

Մարկը հանրային անձնավորություն էր: Նրան մինչ օրս էլ հիշում և սիրում են: Այդ մասին են խոսում բազմաթիվ նամակները, որոնք ես ստանում եմ ինձ բոլորովին անհայտ, սակայն Մարկին անչափ սիրող հանդիսատեսից:

Մեկն ասում է, որ մի մեծ ալբոմ է հավաքել Մարկի բեմական և հեռուստատեսային տարիների լուսանկարներով և ցանկանում է ինձ նվիրել: Մյուսն ասում է, որ երեխայի անունն է դրել Մարկի պատվին… Ես հասկանում եմ և գնահատում եմ մարդկանց սերը: Մարկին հնարավոր չէր չսիրել… Կրկնում եմ՝ իսկապես ուրախ եմ, որ որոշել են բարեգործական համերգով հիշել Մարկին:

Պարզապես թող որ այդ համերգն իրապես ծառայի իր նպատակին` լինի բարեգործական և օգնի լեյկոզով հիվանդ երեխաների բուժմանը: Գիտեք, երբ Մարկը պառկած էր հիվանդանոցում, նայելով այդ երեխաներին՝ հարցրեց. «Ես՝ դեռ ոչինչ, բայց այս երեխանե՞րն ինչու պետք է այստեղ լինեն: Նրանք պետք է ապրեն տանը և ոչ թե՝ հիվանդանոցում»:

Այս ամբողջ իրարանցումը մի կողմ դնելով՝ վստահ եմ, որ Մարկն իրոք ուրախ կլինի այս համերգի իրականացման համար, քանի որ այն կարող է օգնել գոնե մեկ երեխայի՝ հիվանդանոցից տուն, ընտանիք վերադառնալուն»:

Մենք կապ հաստատեցինք նաև Գյումրիում համերգի կազմակերպիչներից Լևոն Մովսիսյանի հետ, ով ասաց, որ ևս ողջունում է Մարկի կնոջ` Նունեի այդ առաջարկը:

Մեր դիտարկմանը, թե՝ արդյոք կազմակերպիչները տեղյակ չէի՞ն, որ Մարկի գերեզմանի աշխատանքները վաղուց արդեն ընթացքի մեջ են, և, թերևս, ճիշտ կլիներ համերգը կազմակերպելուց և գովազդելուց առաջ նախապես խոսել Մարկի կնոջ հետ, Լևոն Մովսիսյանը պատասխանեց, թե Արմեն Պետրոսյանը պետք է կապ պաշտպաներ Մարկի ընտանիքի անդամների հետ:

Նունեի հետ մեր զրույցից ժամեր անց մեզ հետ կապվեց համերգի կազմակերպիչ Լ. Մովսիսյանը ու նշեց, որ, զրուցելով Նունե Սաղաթելյանի հետ, որոշվել է, որ բարեգործական համերգը կկայանա` միայն թե արդեն լեյկոզով հիվանդ երեխաներին օգնելու նպատակով:

Եվ քանի որ համերգին շատ-շատերն են ցանկանում ներկա լինել, ապա այն տեղի է ունենալու ոչ թե Գյումրիում, այլ Երևանում: Մնում է միայն որոշել օրը. համերգը նշվածից երկու-երեք օր ուշացումով տեղի կունենա` հաշվի առնելով կազմակերպչական աշխատանքների բարդությունը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս