«Ամուսինս ներկա է եղել մեր երեխաների լույս աշխարհ գալու ողջ ընթացքին»

Ասում է գրող, թատերագետ, երկու երեխաների մայր Անուշ Ալիսբեկյանն` իր ամուսնու` կոմպոզիտոր Վահան Արծրունու մասին

«Ինչո՞ւ ճիշտ ժամանակին չտրորել այն ավազը, որը հետո մի ապակե անոթից դեպի մյուսը հոսելով` հատիկ-հատիկ իր ուսերին առած առևանգելու է կյանքդ»: Այս տողերն Անուշ Ալիսբեկյանի «Հասցնել ապրել» պատմվածքից են, որն իր ուրույն տեղն է գտել գրողի առաջին` «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուի մեջ: Կյանքի զարկերակը զգալու, ժամանակի մեջ կարևորն ու արժեքավորը տեսնելու և անկարևորի պատճառով հանկարծ կյանքի լուսանցքից այն կողմում չհայտնվելու վախը, որը շատերիս է ծանոթ, արվեստագետին հատկապես հանգիստ չի թողնում` դեռ մանկուց: Ովքե՞ր են այսօր արվեստագետները մեր իրականության մեջ: Եվ ինչո՞ւ է հասարակության մի մեծ շերտ նրանց վերաբերվում իբրև այլմոլորակայինների, և ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, թե ո՞ւմ համար են նրանք ստեղծագործում:

– Երբ ճանաչված նկարիչներից մեկին մեղադրեցին, որ յուրաքանչյուր կտավում ինքն իրեն է պատկերում, վերջինս «արդարացավ», որ այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ այս աշխարհում ամենից լավ ինքն իրեն է ճանաչում: Եվ ինչ էլ որ պատկերի, ինչ թեմայի էլ անդրադառնա` նկարին նայելիս դիտորդը մշտապես նկարչին է տեսնելու: Ինչի՞ կամ ո՞ւմ մասին ես գրում դու:

– Իմ առաջին ժողովածուն` «Բարի գալուստ իմ հեքիաթը», տալիս է ձեր հարցի պատասխանը: Այդ ժողովածուի պատմվածքները փոքրիկ կտավի ստեղծագործություններ են, որոնց ներքին տարածաժամանակային ծավալն է անսահման: Դրանցում ես-ի ներանձնական հույզերն ու ապրումներն են` մանրադիտակային քննությամբ: Գրիչս թափանցում է հերոսի մտքի-հոգու այնպիսի ենթագիտակցական ու գիտակցական, երևակայելի և աներևակայելի շերտեր, որ, ի վերջո, բացահայտում է ընթերցողի և անգամ իր համար անսպասելի ոլորտներ, խորքեր:

Կարդացեք նաև

Anush-Vahan Arcruni (4) Anush-Vahan Arcruni (3)

– Ասում են` գրողի պրոֆեսիոնալ սկիզբը հաշվում են այն օրից, երբ տպագրվում է նրա առաջին ստեղծագործությունը:

– Գրում եմ վաղուց, բայց չունեի տպագրվելու ինքնավստահություն, մինչև մի հետաքրքիր դիպվածով հանդիպեցի հրաշալի պոետ Արտաշես Արամին: Դա «Նոր Դար» ամսագիրն էր, որտեղ աշխատում էր Արտաշես Ղազարյանը, ուր և վերջինիս շատ ոգևորող ու ջերմ ողջերթի խոսքով էլ առաջին անգամ տպագրվեցի 2001 թվականին: Դրանից հետո պարբերաբար տպագրվում եմ հանրապետության և սփյուռքի լավագույն ու գլխավոր գրական պարբերականներում: Առաջին ժողովածուս 2009-ին էր` լուսահոգի Լևոն Անանյանի առաջարկով և խմբագրությամբ:

Այժմ, կարելի է ասել` գրական նոր` երկրորդ փուլում եմ, և այս փուլի ստեղծագործություններս (պատմվածքներ, պիեսներ, վիպակ) արդեն մեծ կտավի գրվածքներ են: Սկզբունքը հետևյալն է` մեկ հերոսի կյանքի ամբողջական նկարագրով ներկայացնել ճակատագրի անհավանական, բայց և իրական խաղերը` տվյալ ժամանակահատվածի կոնտեքստում: Դետալային սկզբունքով վերհանել ժամանակի շունչն ու ոգին, գույներն ու բույրերը, մարդկանց ու բարքերը, իսկ իբրև լեյտմոտիվ` անդադար բացահայտել միջմարդկային տարաբնույթ հարաբերություններն ու մարդկային հոգեբանական բարդ խմորումները: Գուցե տարօրինակ կամ համարձակ հնչի, բայց հերոսս` Հերոսն է. մի դեպքում դրա դասական` իբրև իդեալ ընկալմամբ, մյուս դեպքում` նախորդ դարասկզբում գրականության մեջ ի հայտ եկած «սովորական» մարդն է, մարդ-մահկանացուն` իր թուլություններով ու արատներով: Այս հերոսների բազմազան «պատկերասրահը» կներկայացվի իմ՝ առաջիկայում սպասվող «Մոյրաների նոթատետրից» ժողովածուում։

Anush-Vahan Arcruni (5)

– Ստեղծագործելն ինքնն շատ ինտիմ ընթացք է, որտեղ ստեղծագործողը դեմ առ դեմ է հայտնվում իր երևակայական աշխարհի, ապրումների հետ: Ի՞նչն է ստիպում արվեստագետին, որ նա ցանկանում է իր ստեղծածի մասին հայտնել, պատմել հանրությանը: Դա պարզապես մարդկային փառամոլության հերթական դրսևորո՞ւմ է, թե՞ կա այլ բացատրություն:

– Կարծում եմ` գրողն իրեն չի տալիս նման հարցեր: Գրողը գրում է, որովհետև պարզապես չի կարող չգրել: Ցանկացած ստեղծագործող կհաստատի, որ արարման ակտն այնպիսի մի վերերկրային հոգեվիճակ է, երբ գրչին հասնելու տենդն իր ճանապարհին ոչնչացնում և ջնջում է ամեն խոչընդոտ:

– Իսկ ինչո՞ւ է ստեղծագործողն ուզում, որ այդ մասին իմանան նաև այլք:

– Կարծում եմ` դա չէ գրողի գերխնդիրը: Դրա վառ օրինակն այն է, որ գրում էի շուրջ 10 տարի և, բացի իմ ընտանիքի անդամներից ու ամենամտերիմներից, ոչ ոքի չէի ցուցադրել գրվածքներս: Դա տևեց մինչև այն պահը, երբ պատահաբար Դավիթ Մուրադյանը, ում հետ աշխատում էինք միևնույն ամբիոնում, կարդալով պատմվածքներիցս մեկը` հարցրեց. «Էլի ունե՞ս», ու խորհուրդ տվեց ժողովածու կազմել: Գալիս է նաև մի պահ, երբ գրողը թղթին է հանձնում իր ներաշխարհը, դատարկվում է և ասում. «Ես ստեղծել եմ, իսկ հիմա ուզում եմ լսել ձեզ»: Դա շատ կարևոր փուլ է գրողի կյանքում:

Anush-Vahan Arcruni (8)

Գրողը պիտի լսի կարծիք, նա պիտի իմանա` այն, ինչ արել է՝ արդյոք արժանի՞ է ուշադրության, համապատասխանո՞ւմ է ընթերցողի սպասումներին, ապրեցնո՞ւմ, հուզո՞ւմ է գոնե մեկ հոգու: Ընթերցողի հետ երկխոսության մեջ մտնելու լավագույն միջոցներից մեկը գրական ընթերցում-քննարկումներն են, որոնք մենք սկսեցինք գրականագետ Անի Փաշայանի հետ, և արդեն պատրաստվում ենք չորրորդին:

– Տպավորություն կա, որ այսօր ստեղծագործողները, արվեստագետները հանրության մի մեծ հատվածի համար այլմոլորակայինների պես մի բան են: Ասես կապն ընդհատված լինի ստեղծագործողի և հանրության միջև:

– Այդ կապն արհեստականորեն է ընդհատվել: Ընդհատվել է ոչ միայն գրողի և նրա ընթերցողի, այլև արվեստի բոլոր տեսակների և հանրության միջև: Խնդիրը խորքային է: Պետական մտածողությունն է թերի այդ առումով: Նախ` պետք է պետությունը ճանաչի արվեստի և իր ստեղծագործողի կարևորագույն դերը` իբրև ազգի հոգևոր ներուժ, որպեսզի ըստ այդմ հասարակության հետ կարողանա վերականգնել այդ կապը` տարատեսակ միջոցների և ճանապարհների դիմելով: Մենք մոռանում ենք կամ չենք կարող հասկանալ, որ աշխարհի երկրների մեջ տարբերվում ենք մեր մշակութային բոլորովին ինքնատիպ դեմքով: Այս երկրագնդի վրա մեզ պահել է մեր լեզուն և մեր մշակույթը, որը շատ ունիկալ է, շատ տարբեր է: Եվ անտարբեր չի թողնում այլ ազգի ներկայացուցիչներին:

Anush-Vahan Arcruni (1)

– Մենք իրոք ունիկա՞լ ենք` որպես ազգ, թե՞ ինքնախաբեությամբ ենք զբաղվում: Այլ ազգի ներկայացուցիչներն անգամ չգիտեն, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Հայաստանը, ուր մնաց տեղյակ լինի մեր մշակույթի մասին: Միգուցե այդ մենք են մեզ համոզել, որ մենք ունիկալ ենք:

– Բավական է իմանալ, որ մենք ունեցել ենք Մաշտոց, բավական է կարդալ Նարեկացի, լսել Կոմիտաս…

– Համաձայն եմ Ձեզ հետ: Բայց չէ՞ որ դա անցյալի շատ հարուստ ժառանգություն է: Բայց անցյալի և միայն ժառանգություն, որի մասին անգամ մեր երկրի քաղաքացիների մեծամասնությունը տեղյակ չէ: Իմացածն էլ դպրոցական դասագրքային մակարդակի պատկերացումներ են միայն:

– Ես էլ հենց դա եմ ասում, որ եթե գիտակցենք, որ պետք է աշխարհին ներկայանալ մեր ունեցած մշակութային հարստությամբ, անցյալի ժառանգությունն ինքներս հիմնովին ճանաչենք և ապա աշխարհին ճանաչելի դարձնենք, ինչպես նաև գնահատենք այսօր ապրող ու ստեղծագործող արվեստագետներին, ապա նկատելի կլինեն որակական փոփոխություններ: Իսկ առայժմ այս ամենն անհատների ուսերին է, ովքեր արարում են` չնայած անտանելի պայմաններին, թեև երկրում արվեստի մթնոլորտ այս կերպ չես ձևավորի: Իսկ դա վտանգավոր ու կործանարար գործընթաց է որևէ երկրի համար` մշակութաբանական իմաստով:

Anush-Vahan Arcruni (7)

– Այսօր դու արտաքին քո կերպարով մի վայրկյան անգամ չես հիշեցնում ուսանողական տարիներին իմ ճանաչած Անուշին, ով գրեթե շոկ առաջացրեց` իր շատ կարճ սանրվածքով և փոքր-ինչ էպատաժային կերպարով:

– Ուսանողական տարիներին, քանի որ շատ բազմազբաղ էի և անգամ ժամանակ չունեի մազ սանրելու, մի օր որոշեցի, որ պետք է ազատվել մազերի հոգսից, որոշեցի և իրականացրի մեկ օրում: Շատ չանցած` մեր բուհում վարակիչ դարձավ կարճ սանրվածքի մոլուցքը: Ընդամենը երկրորդ կուրսում համարձակություն ունեցա հիմնել «Արվեստ» ամսագիրը` իմ շուրջ հավաքելով ակտիվ և տաղանդավոր ուսանողների մի կորիզ և տարիներ շարունակ խմբագրելով այդ ամսագիրը: Երբ այսօր արդեն հետահայաց եմ նետում, հասկանում եմ, որ բավական լուրջ պարբերական է եղել, որը ստեղծվել է առանց միջոցների և օգնության, միմիայն մեր հավատի և համարձակության շնորհիվ:

– Ձեր և Ձեր ամուսնու` երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու միջև տարիքային տարբերությունը որքանո՞վ է նպաստում կամ միգուցե և խանգարում ընտանեկան կյանքում:

– Ամուսնուս տարիքի առավելություններն ամեն օր եմ վայելում: Շնորհիվ այդ տարիքային տարբերության նաև` նա ավելի փորձառու է բոլոր առումներով: Քանի որ Վահան Արծրունին առաջին մասնագիտությամբ բժիշկ է, նա պարզապես ինձ համար նեցուկ է և հենարան` սկսած այն պահից, որ ներկա է եղել մեր երեխաների լույս աշխարհ գալու ողջ ընթացքին, և կյանքի մնացյալ ոլորտներում: Նրա համար չափազանց կարևոր իրադարձություն էր մեր երկու երեխաների ծնունդը, որպեսզի նա թույլ տար, որ ձագուկներն առաջինը ոչ թե իրեն, այլ անծանոթ դեմքերի հանդիպեին:

– Ինչպե՞ս եք հանդիպել Վահանին:

– Երբ երկու մարդ հանդիպում են տիեզերքում` այնպիսի զգացողություն են ունենում, որ իրենք իրար ճանաչում են վաղուց, որ իրար հետ շփման ոչ մի անհարմարություն և խոչընդոտ չեն զգում, որ լիովին կիսում են իրար հայացքները, որ, ի վերջո, գտնված է այն մարդը, ում քո տեսակը չի զարմացնում, այլ հիացնում է: Երբ տղամարդու մեջ հանդիպում ես այնպիսի հատկանիշների, որոնք հազվագյուտ են մեր հասարակության արական զանգվածի մեջ` մեծահոգություն, լայնախոհություն, ազնվություն, կնամեծարություն և ներքին ամուր սաղարթ: Եվ ուրիշ ո՞վ, եթե ոչ` արվեստագետը գիտի` ինչ է զգում իր տեսակը: Միայն նա հասկանալով կհարգի և կստեղծի բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի այդ երանելի հոգեվիճակից չիջեցնի ցած` դեպի կենցաղ:

– Տիեզերական հանդիպումը` մի կողմ, իսկ երկրի վրա ինչպե՞ս եք հանդիպել:

– Մեր հանդիպումը դարձյալ արվեստի շրջանակներում էր: 2010-ին տեղի ունեցած «Արտ էքսպո» ցուցահանդեսի ժամանակ ես ներկայացնում էի «Թատրոն X» փառատոնը: Իրականում այդ օրը պետք է ուրիշ մարդ ներկայացներ մեր տաղավարը, սակայն նա ինչ-ինչ պատճառներով բացակայեց, և ես ստիպված էի նրան փոխարինել: Այդ օրն իմ ապագա ամուսինը Նկարիչների միության մոտակայքով անցնելիս, մի կարճատև, պատահական անձրևից պատսպարվելու համար միայն, մտնում է ցուցասրահ և տաղավարներն ուսումնասիրելով` մոտենում է մեր տաղավարին: Ինձ հիացրեց, թե որքան մեծ ուշադրությամբ և երկար էր նա լսում մի նորաստեղծ փառատոնի պատմությունը: Չնայած հետագայում պարզվեց, որ ոչինչ էլ չի լսել:

– Արվեստն` արվեստով, սակայն այսօր դու երկու չքնաղ բալիկ ունես, որոնք այն տարիքում են, երբ մայրական քնքշանքն ու հոգատարությունն անհրաժեշտ են օդի պես: Լինելով ստեղծագործող մարդ, ով անհամբեր սպասում է, թե երբ է կրկին ու կրկին հանդիպելու գրչի հետ, չե՞ս զգացել, որ քո մեջ ապրող մայր և գրող` այդ երկու կերպարները երբեմն խանգարում են իրար:

– Քանի որ քաջ գիտակցում եմ, որ մանկությունը շատ արագ է անցնելու, ապա ուզում եմ նրանց հետ հնարավորինս լիաթոք վայելել կյանքի այդ հրաշք ժամանակահատվածը: Ես իբրև մայր` իհարկե, հոգեբանական դժվարություններ ունենում եմ` կիսվելու ժամանակի մեջ: Սակայն գաղտնիքը հավասարակշռության ու ներդաշնակության մեջ է:

Anush-Vahan Arcruni (2)

Այստեղ ինձ օգնում է ամուսնուս թե՛ բժիշկ, թե՛ արվեստագետ լինելու գործոնը: Նա հավասարապես օգնում է ինձ երեխաների հետ կապված ցանկացած հարցում, ինչպես նաև հրաշալի հասկանալով արվեստագետի ներաշխարհը` հնարավորինս աշխատում է թեթևացնել կենցաղային իրավիճակները, ինչպես և ես նրա համար: Եթե դու կենցաղը չես դարձնում առաջնային, այն երբեք չի կարող գերիշխել քո կյանքում: Պարզապես զատում ես առաջնայինը երկրորդականից: Ես երբեք իմ երեխաներին և ամուսնուն հասանելիք ժամանակը չեմ խլում նրանցից: Այս էտապում մենք վայելում ենք Աստծուց մեզ պարգև մեր ընտանիքը: Իսկ դեռևս ստեղծագործում եմ հիմնականում գիշերները` իմ քնի հաշվին: Սակայն դա ինձ համար գերագույն հաճույք է, որից ես ունակ չեմ հրաժարվելու:

 

Տեսանյութեր

Լրահոս