Այդ փաստաթղթերը ցույց են տալիս Սերժ Սարգսյանի «կարմիր գծերը»՝ բանակցային գործընթացում. Աբրահամյան
ՀՀ կառավարության հրապարակած նյութերը ցույց են տալիս, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները մերժել են միջնորդների շահավետ առաջարկները։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակմանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը հրապարակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ, սակայն բազմաթիվ փաստաթղթեր բացակայում են. կառավարությունը չի հրապաակել բոլոր փաստաթղթերր:
«ՀՀ իշխանությունները մեկ տարի առհասարակ հերքում էին նման փաստաթղթի գոյությունը, սկսեցին խոսել միայն այն ժամանակ, երբ այդ մասին ասացին համանախագահներն ու ՌԴ–ն։ Այսինքն՝ սա 44–օրյա պատերազմից առաջ կողմերին ներկայացված վերջին փաստաթուղթն է եղել։ Ցավով եմ մեջբերում Ադրբեջանի պաշտոնյայի ասածը, բայց ՀՀ իշխանության պատասխանը չկա, ու դաշտում միայն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ եթե այդ փաստաթուղթը ստորագրեմ, ժողովուրդն ինձ կսպանի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մերժել է այս առաջարկը, և դրանից հետո սկսվել են ռազմական գործողություններ»,– ասաց Աբրահամյանը։
Նրա համար տարակուսելի է, որ ներկայացված է, օրինակ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` 2018 թվականի հարցուպատասխանը խորհրդարանում, որը բոլոր լրատվամիջոցներով հանրայնացվել է, բայց գործող իշխանության դիրքորոշումը չկա։ Պատգամավորը նշեց` Արցախի բանակցային փաստաթղթերի մասին խոսելիս դրանք պետք է ներկայացվեն ամբողջապես։
Նա իշխանություններին հորդորեց հրապարակել նաև միջնորդների առաջարկների պաշտոնական պատասխանը։ Աբրահամյանն ընդգծեց, որ բանակցային այս փաթեթն ու ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը հստակ արտահայտում են, թե որոնք են եղել Սերժ Սարգսյանի «կարմիր գծերը» ԼՂ բանակցային հարցում։
«Հրապարակվեց նաև Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումները, ի տարբերություն այսօրվա ղեկավարի, եղել են հստակ և անփոփոխ»,– ասաց նա։
Տիգրան Աբրահամյանը նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ արդարացումները, թե Շուշիի հանձնումը բանակցվել է։
Հրապարակված փաստաթուղթը, ըստ Աբրահամյանի, հերքեց Փաշինյանին ու ապացուցեց, որ «5 պլյուս 2»-ի մեջ Շուշին ու Հադրութը չեն մտել։


