Քի Վեսթի փաթեթը հրապարակելու կարիքը չկա. էն ա՝ «Ազատություն» ռադիոկայանը ռեպորտաժ է պատրաստել դրա մասին. Փաշինյան

«Բանավեճի էլ չեմ էլ հրավիրում, հրավիրեմ՝ էլ ի՞նչ, էլ ի՞նչ խոսեմ»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ կառավարության հրապարակած Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի որոշ փաստաթղթերին և ընդդիմության քննադատությանը, մասնավորապես, 2019 թվականի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկի և հրապարակման մեջ ՔԻ Վեսթի առաջարկի բացակայության առնչությամբ։

Խոսելով նախկին բոլոր իշխանությունների և նրանց հնչեցրած քննադատությունների մասին՝ Փաշինյանն ասաց, որ երբ խոսում են բանակցային գործընթացի մասին, թե՝ սենց պետք է լիներ, նենց պետք է լիներ, հարց տանք՝ իրենք 30 և ավել տարիներ իշխանության են եղել, եթե կարգավորման շանսեր կար, ինչո՞ւ չեն լուծել։

«Եկեք անդրադառնանք այս հարցին, այսինքն՝ եղել է լուծման, ինչպես իրենք են ասում, հայամետ լուծման շանս է եղել, չեք արել, բա ինչի՞ եք մեզ դավաճան ասում, ուրեմն Դուք եք, ձեզանից մեծ դավաճան չկա՝ տարբերակ «Ա»։ Եվ «Բ» տարբերակ՝ այդ ամեն ինչն ընդամենն աչքակապոցի է։ 2019 թվականի ԵԱՀԿ ՄԽ առաջարկը․ հարգելի գործընկերներ, ես ուղիղ, անուղղակի մի քանի անգամ, հիմա էլ հրապարակված է, հարյուր անգամ ասել եմ՝ ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել, այդ փաստաթուղթը, որ ներկայացվել է, սկսվում է՝ մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս․․․

Ընդհանրապես այդ փաստաթուղթը ո՞նց է առաջացել։ Ես երեկ մի քննարկման ժամանակ արձանագրեցի, որ այս նրբությանը չեմ անդրադարձել , որովհետև ես այնքան շատ բանի եմ անդրադարձել, որ թվում է՝ ամեն հարցի անդրադարձել եմ։

Կարդացեք նաև

Այդ 2019 թվականի փաստաթուղթը ո՞նց է հայտնվել։ Այդ 2019 թվականի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ․ երբ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել, ես խնդիր եմ դրել համանախագահների առաջ, ասել եմ՝ ստեղ լիքը թղթեր կան, ես հիմա չեմ հասկանում՝ էս թղթերից ո՞րն է, ո՞րն է էս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի, նախորդող շրջանի ամփոփումը, սեղմագիրը ո՞րն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի։

2019 թվականի հունիսի թուղթը դա է, երբ ես ասել եմ՝ ինձ ասեք՝ ո՞րն է նախորդող շրջանի սեղմագիրը։ Համանախագահները դա տվել են՝ որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Եվ այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ՝ լավ, ես կարդում եմ, հիմա ինձ հետաքրքիր է Ձեր մեկնաբանությունը՝ հիմա էս փաթեթներով Ղարաբաղը կարա՞ չլինի Ադրբեջանի կազմում՝ որևէ էս մեխանիզմով, և հնչել է շատ հստակ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով, որ դա գրված է, բայց ինքն իշխանությանը նոր մարդ է եղել, մտածում է՝ գրածը կարող է ճիշտ չի մեկնաբանում։

«Հիմա եկել են․․․ էլ չեմ ասում՝ էդ փաթեթի վերջին կամ առաջին փաստաթուղթը 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի ունեցած ելույթն է։ Վերջացել է այդ պատմությունը, չկա տարընթերցում բանակցային գործընթացի, ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին այդ փաթեթը ծայրից ծայր կարդա՝ իր համար ոչ մի հարց չի ծագի»,- նման համոզմունք հայտնեց Փաշինյանն ԱԺ ամբիոնից։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու կառավարությունը չի հրապարակել Քի Վեսթի փաթեթը՝ Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա Քի Վեսթի փաթեթ։

«Քի Վեսթի փաթեթի հենքն էն ա, ինչ տպված է փաթեթում և ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է «Հայկական ժամանակ» թերթին և հրապարակվել է, էդ ա Քի Վեսթի գաղափարական հիմքը։ Եվ էլ չեմ ասում՝ դրա կարիքը չկա էլ, էս վերջերս «Ազատություն» ռադիոկայանը շատ մանրամասն փաստաթղթերով ռեպորտաժ արեց, և դրանով ամեն ինչ ասված է։ Չկա այդտեղ թեմա, հիմա բանավեճի չեմ էլ հրավիրում, հրավիրեմ՝ էլ ի՞նչ, էլ ի՞նչ խոսեմ, էլ բանավիճելու բան չկա։ Թող կարդան-պատմեն, կարդան-պատմեն, կարդան-պատմեն։ Ի՞նչ պետք է պատմեն, պատմելու բան չկա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս