Թրամփը Լուլա դա Սիլվայի հետ քննարկել է առևտրի, մաքսատուրքերի և հանցավորության դեմ պայքարի հարցերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է առևտրին, մաքսատուրքերին և հանցավորության դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Մենք շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցանք Բրազիլիայի նախագահ Լուլայի հետ։ Ի թիվս այլ բաների մենք քննարկեցինք առևտուրը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունները, բրազիլացի տարբեր պաշտոնատար անձանց նկատմամբ սահմաված պատժամիջոցները, մաքսատուրքերը և տարբեր այլ հարցեր», – նշել է Թրամփը։
Նա հավելել է, որ ինքը և Լուլա դա Սիլվան հարաբերություններ են հաստատել ՄԱԿ-ի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը «հիմք է դրել երկարատև ժամանակով շատ լավ երկխոսության և համաձայնության համար»։
«Ես անհամբերությամբ սպասում եմ շուտով նրա հետ հանդիպելուն և զրուցելուն։ Այս նոր ձևավորվող գործընկերությունը շատ լավ բաներ կբերի», – հավելել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ իրեն դուր է եկել իր բրազիլացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցը։Բրազիլիայի նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Լուլա դա Սիլվան Թրամփի հետ զրույցում ցանկություն է հայտնել շարունակել բանակցություններն ամերիկյան մաքսատուրքերի մնացած մասի վերացման շուրջ։
Հուլիսին Թրամփը Բրազիլիայի նկատմամբ մաքսատուրքերը 10%-ից բարձրացրել է մինչև 50%: Նա պարզաբանել է, որ դա արել է Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ դատավարության պատճառով՝ այդ դատաքննությունն անվանելով քաղաքական հետապնդում։
Սպիտակ տունը նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Թրամփը հրամանագիր է ստորագրել Բրազիլիայից ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների մաքսատուրքերի նվազեցման մասին:
Դրանից առաջ՝ նոյեմբերի 14-ին, Սպիտակ տան ղեկավարն ստորագրել էր մեկ այլ հրամանագիր, որի համաձայն ԱՄՆ-ն 10% համընդհանուր մաքսատուրքերի գործողությունից հանել է տասնյակ տեսակի մրգեր, բանջարեղեն, ընկույզ, սուրճ և թեյ, ինչպես նաև տավարի միսը: Ըստ The New York Times-ի՝ Վաշինգտոնի վարչակազմը որոշել է դա անել Միացյալ Նահանգներում սննդամթերքի գների աճի պատճառով:

