Բաժիններ՝

«Կան գերժամանակակից բուժման մեթոդներ, որոնք նույնիսկ կարող են կանխարգելել և բուժել քաղցկեղը»

«Մեզ համար առաջնային խնդիրն ընտանիքի պահպանումն է, ընտանիքի զորացումը, երեխաների լավ ապագան ապահովելն ու այս բոլորը, բնականաբար, կապված է մեր առողջության հետ, քանի որ եթե մենք չունենք առողջություն, ուրեմն մենք չունենք ոչինչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ բոլորի համար էլ օջախի հիմքը, պահողը պահպանողը, ծաղկեցնողը կինն է, իսկ եթե ընտանիքի մայրը հիվանդ է, կամ Աստված մի արասցե, բացակայում է, ուրեմն՝ ընտանիքը կիսատ է, անկատար է, որովհետև երեխաները առանց մայրիկի շատ դժվար են մեծանում:

«Մենք բոլորս էլ գիտնք, որ քաղցկեղը չունի բուժում, դրա միակ բուժումը կանխարգելելն է, իսկ որպեսզի կանխարգելենք, մենք պարտավոր ենք օգնել մեր բժշկին, որ նա կարողանա շուտ հայտնաբերել հիվանդությունն իր զարգացման վաղ փուլում` գոնե մեր երեխաների ու ընտանիքների համար»,- ասում է նա:

Միաժամանակ նա նշեց, որ այսօր հայ կանայք, ինչպես նաև տղամարդիկ սկսել են զբաղվել իրենց առողջությամբ. երիտասարդները ավելի ուշադիր են իրենց առողջոթյան նկատմամբ և ավելի հաճախ են դիմում բժշկի, քան միջին տարիքի և ավելի մեծ տարիքի կանայք: «Դա շատ ուրախացնող փաստ է: Պետք է ասեմ, որ օրեկան կանանց մոտ 30%-ը գալիս է ուղղակի ստուգվելու համար: Սա մեծ օգնություն է բժիշների համար, որովհետև այս դեպքում է, որ մենք կարող ենք քաղցկեղը հայտնաբերել զարգացման շատ վաղ փուլում և, այն վերացնելով, հասնել մեծ արդյունքի»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ շուրջ 4000 կանանց մոտ (որոնք պարզապես դիմել են կենտրոն ստուգման համար) հայտաբերվել է քաղցկեղ` զարգացման շատ վաղ փուլում. «Եվ այս թիվը մեզ համար շատ կարևոր է, քանի որ այսքան մարդիկ շարունակելու են ապրել»,- նշեց տիկին Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ 17 տարիների ընթացքում հետազոտել են մոտ 350 հազար կնոջ, որոնցից 185 հազարը հետազոտություն է անցել միայն կրծքագեղձի քաղցկեղի համար.

«Այս 185 հազարի մեջ հայտաբերվել են մոտավորապես 9 հազար կրծքագեղձի քաղցկեղ ունեցողներ: Ու այդ 9 հազարի մեջ 4 հազարը կանայք են, որոնք ունեցել են քաղցկեղ զարգացման շատ վաղ փուլում, և մենք կարողացել ենք իրենց իսկապես, ռեալ օգնություն ցուցաբերել: Իսկ այն 5000-ը եկել են բժշկի արդեն քայքայման` 3, 4-րդ փուլերում, երբ բժիշկն էլ ոչինչ չի կարող անել»:

Խ. Հակոբյանը հորդորում է կանանց տարվա ընթացքում գոնե մեկ անգամ անցնել այդ հետազոտությունը. «Եթե այցելուն գա ժամանակին, բժիշկներն անպայման կկարողանան հայտաբերել քաղցկեղը նույնիսկ բրնձի հատիկից փոքր չափերում»:

Նա նշեց, որ տղամարդիկ ևս հիվանդանում են կրծքի քաղցկեղով և չեն էլ պատկերացնում, որ դա կարող է քաղցկեղ լինել, դրա համար ուշ են դիմում բժշկին. «Եվ ուշ դիմելու դեպքում արդեն կյանքը փրկելու աստիճանը փոքրանում է: Այս 17 տարիների ընթացքում մենք հանդիպել ենք տղամարդկանց քաղցկեղի 37 դեպքի»:

Նույն բժշկական կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան Գայանե Հովակիմյանն էլ նկատեց, որ կանանց՝ բժիշկներին չդիմելու հիմնական խնդիրը հոգեբանական է. «Դժվար է հոգեբանորեն հաղթահարել այդ բարիերը և դիմել մեզ` մտավախություն ունենալով, որ հնարավոր է ինչ-որ վատ ախտորոշում տան, որ իր կյանքն այլևս ավելորդ է: Մեզ մոտ գալուց հետո կինը մի փոքր թուլանում և հանգստանում է, որովհետև մեզ հետ շփվելու ընթացքում կարողանում է ձերբազատվել այդ վախերից, քանի որ մենք բացատրում ենք, որ սա այսպիսի խնդիր է և խնդիրը լուծելի է, եթե անգամ պարզվի, որ չարորակ է, դուք էլի եկել եք շատ վաղ և ձեր խնդիրը արդեն լուծելի է, որովհետեև հիմա արդեն կան գերժամանակակից բուժման մեթոդներ, որոնք նույնիսկ կարող են կանխարգելել և բուժել քաղցկեղը դեռ սաղմնային շրջանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս