«Ասում են հողերը տվեք, վերադառնանք, բայց իրենք իմ ամուսնուն կվերադարձնե՞ն» (լուսանկարներ)

Ղարաբաղի Մարտակերտ քաղաքը ռազմաճակատին ամենամոտ գտվող բնակավայրերից մեկն է: Մարդկանց ամենօրյա ապրումների մի մասը բացատրվում է դրանով: Երբեմն լսվում են կրակոցներ, երբեմն լուրերը կարծես իսկական ռազմաճակատից լինեն: «Բայց չկա արդեն վախի զգացմունքը, որ եղել է պատերազմի ժամանակ: Չնայած Մարտակերտ քաղաքը բավականին մոտ է սահմանին, ու երեկոյան սահմանից այնկողմ վառվող լույսերը երեւում են, բայց ոչ ոքի չի վախեցնում, չի անհանգստացնում: Դա արդեն սովորական է դարձել, մենք մեզ համար ենք ապրում, իրենք` իրենց: Կյանքը շարունակվում է: Այստեղ մարդիկ նորմալ ու հանգիստ ապրում են, քաղաքն օրեց օր զարգանում է, ծաղկում»:

Լաուրա Ավետիսյանին Մարտակերտ է բերել Պատերազմը:

Նա ծնվել է Ադրբեջանի հանրապետության Սումգայիթ քաղաքում եւ 35 տարի բնակվել է այդտեղ: Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղից Սումգայիթի հիմնադրման տարիներին տեղափոխված ծնողների ընտանիքում է ծնվել, ամուսինը` Ռաֆիկը նախկին մարտակերտցիների:

Որ երբեւէ պիտի գային ու բնակվեին այստեղ, չէր մտածել: Բայց ճակատագիրն այդպես տնօրինեց:

1988 թվականին ստիպված էին հեռանալ Սումգայիթից: Ամուսինը պնդեց: Վերադարձան Մարտակերտ: Տունը, որտեղ ապրում են, կառուցել է պետությունը: Միայն իրենց համար չէ, որ կառուցել են: Շատերի համար, որ 1988-1989 թվականներին տուն ու տեղ թողած Ադրբեջանի տարբեր վայրերից եկան Մարտակերտ: Մինչեւ հիմա էլ իրենց թաղամասն այդպես էլ կոչվում է` «Դոմիկներ»:

2854

Երեք սենյակ, որը սիրո եւ խնամքի հետքն են կրում: Գարնանային գույներով լցված ընդամենը մի քանի մետրանոց տնամերձ:

Երեք անչափահաս երեխաների հետ եկան: Հիմա տիկին Լաուրան այստեղ ապրում է մոր` Աշխենի հետ: Որդին ամուսնանալով տեղափոխվել է, հարեւան թաղամասում է ապրում: Մյուս երկու զավակները Ռուսաստանում են:
Ամուսինը…

Սենյակի պատից այցելուներին ողջունում է Ռաֆիկի մեծադիր նկարը: Այդպիսիք Լեռնային Ղարաբաղում ապրող ընտանիքներում շատ կան:

«1988-ին Ռաֆիկին խնդրում էի, որ Ռուսաստան գնանք: Չեկավ: Ասաց, բա բարեկամներս, ազգականներս, նրանց ինչպես թողնեմ Ղարաբաղում: 42 տարեկան էր: Կամվորագրվեց: Մարտակերտն էր պաշտպանում: 1992 թվականի հունիսին քաղաքն ընկավ: Փախանք մյուսների հետ: Թոռնիկս ընդամենը տասը օրական էր: Աստված պահեց, ոչ թե մենք: Փախուստի ճամփին ջրափոսերից հավաքած անձրեւաջրով էինք լողացնում փոքրիկին»: Լռում է:

Ընտանիքը հասավ Ստեփանակերտ: Լաուրայի մայրը Կապանից եկավ ու տարավ երեխաներին: Ինքը մնաց: Ամուսինը ռազմաճակատում էր: Ինչպես թողներ:
«Եկավ մի օր, ինձ էլ ճամփեց երեխաների մոտ: Հետո ինքն էլ եկավ: Ուրախացա, բայց իզուր: Ընդամենը շորերը փոխեց: Երեխաներին տեսավ ու վերադարձավ Լեռնային Ղարաբաղ: Հետո զանգեցին ու ասացին` չկա»:

2860

Իրավիճակն այնպիսինն էր, որ ամուսնուն կորցրած կինը չհասկացավ էլ, թե ինչպես ինքն էլ դարձավ զինվորական: Առաջին գծում չէր: Բա ինչ էր: Կապավոր էր: Շուշիում: Մարտակերտում: Հրթիռահրետակոծությունների տակ էր գնում աշխատանքի: Դիրքը չլքելով, նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքը մրի ու ծխի մեջ էր հայտնվում, իսկ սիրտը կրծում էր վախը` տանը մնացած երեխաների համար:

Փառք աստծո: Հիմա այդ օրերից միայն հիշողություններն են մնացել: Տիկին Լաուրան ծառայությունը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում շարունակեց նաեւ պատերազմից հետո: Երբ Մարտակերտն ազատագրվեց, երեխաների հետ վերադարձան: Վերանորգեցին տունը: Ավագ որդին ծառայության անցավ բանակում: Վիրավորվեց: Ստիպված էր թողնել ծառայությունը: Հիմա արհեստով է զբաղվում: Տանիքներ են վերանորոգում: Ձմռանը տանն են: Ամռանը աշխատանք կա: Կրտսերը` քրոջ ընտանիքի հետ հիմա Ռուսաստանում է, ինքը զինվորական թոշակառու է:

Ինչպես պատերազմին էինք հարմարվել, հիմա էլ խաղաղությանն ենք հարմարվում:

Դժվարությունները շատ են: Սոցիալական խնդիրներ կան: «Ավտոբուսում վիճել եմ մեկի հետ: Սոցիալական վիճակից դժգոհ, ասաց, որ եթե հանկարծ պատերազմ ծագի, էլ ոչ ոք չի կռվելու: Ախր ինչպես չենք կռվելու: Դրանով մեկ անգամ արդեն անցել եք: Կանայք տղամարդկանցից առաջ են ընկնելու: Ոնց կարող ենք մեր տղաներին թողնել մարտի դաշտում: Բոլորս միասին ենք լինելու: Ախր այստեղ տուն ու տեղ ունենք: Հայրենիք»:

2863

Ժպտում է, կիսաարցունքոտ աչքերով: «Երբեք չեմ մտածել, որ Մարտակերտը կարող է ինձ համար հայրենիք դառնալ: Առաջ չէի սիրում, անտարբեր էի: Հետո այն ինձ այնքան ցավ պատճառեց: Բայց հիմա: Այստեղ ամեն ինչ հարազատ է: Սա իմն է: Ամեն ինչով, լավով ու վատով: Իմն է»:

«Քույրս Պյատիգորսկից եկել էր: Հարցնում էր , ինչ լույսեր են: Ասացի ադրբեջանական: «Վայ ես գնում եմ, վախենում եմ»: «Այ բալա, ինչից ես վախենում»,-մեղմ ծիծաղով պատմում է իր եւ քրոջ երկխոսությունը: «Ինչից վախենանք: Ապրել պետք է, չէ: Կառուցում ենք, առնում, տունը լցնում: Ամեն օր նոր հարմարություն ստեղծում»: Նորից ծիծաղում է: «Չենք հանգստանում, խելքի չենք գալիս, ախր կորցրել ենք չէ մի անգամ, երկու անգամ, բայց մեկ է` պիտի կառուցենք»:

Պատերազմից չի վախենում: Բայց համոզված է, որ եթե ինչ-որ բան լինի, բոլորը կգան: Նույնիսկ հին կռվող տղաները, որ ինչ-որ բանից նեղացած ցրվել են: «Կգան բոլորը, ամեն տեղից կգան»:

«Ես անձամբ չեմ վախենում պատերազմից: Որ կգնամ, ինձ կսպանեն: Ինձնից լավերն են զոհվել.-մատնացույց է անում ամուսնու դիմանկարը.-ինձնից ջահելներն են գնացել: Ես համոզված եմ, որ չի լինի, իսկ եթե լինի էլ, ավելի եմ համոզված, ժողովուրդը չի գնա, կմնա»:

«Իսկ հոռետեսական տրամադրությունների պատճառը պարզ է: Դժվարություններն են: Աշխատանք է պետք: Աշխատանք: Կինը միշտ զբաղմունք կգտնի: Իսկ տղամարդն ինչո՞վ զբաղվի: Հատկապես նրա համար է դժվար, որ երիտասարդ օրերից ռազմաճակատում էր, հետո բանակում ծառայեց, հիմա թոշակի է անցնում: Ինչո՞վ զբաղվի: Ախր իրավիճակը խանգարել է, որ մասնագիտություն ստանա: Երիտասարդներն էլ աշխատանք չունեն: Նրանց զբաղեցնել է պետք: Թե չէ կգնան: Հիմնարկներ են պետք, գործարաններ»:

-Չարանու՞մ եք:

«Այո, նրա վրա»: Ամուսնու լուսանկարն է ցույց տալիս: «Հատկապես այն օրերին, երբ տղայիս վիճակը վատ էր: Վիրավոր էր: Մտովի կռվում էի հետը»:

-Իսկ Ձեր նախկին հարեւանների՞ վրա:

«Ադրբեջանցիների՞… Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ: Սումգայիթը ես սիրում եմ: Իմ քաղաքն է, իմ ծննդավայրը: Ես այնտեղ 35 տարի ապրել եմ, լավ եմ ապրել: Մենք ունեինք հավատարիմ ու բարի հարեւաններ: Ադրբեջանցիներ են, բայց նրանք մարդ մնացին մինչեւ վերջին րոպեները: Մեզ երեք օր թաքցրին իրենց տանը: Երբ ասում էինք վտանգավոր է, հարեւանս ասում էր, եթե գան ձեզ կոտորելու, առաջինը մեզ պիտի սպանեն, մենք թույլ չենք տա, մենք ձեր առաջ կսպանվենք: Ինչպե՞ս կարող եմ ես նրանց մոռանալ»:

-Կուզեի՞ք վերադառնալ Սումգայիթ:

«Չգիտեմ»: Պատերազմի ծանր օրեր ապրած, հարազատների ու մարտական ընկերների մահը տեսած կինն անհանգիստ շարժվեց տեղում: Հուզմունքը թաքցրեց ծիծաղի տակ: «Ասենք թե վերադարձանք: Իսկ ո՞ւր է անվտանգության երաշխիքը: Քաղաքը նախկին չէ: Բնակիչները նախկինը չեն: Դե ես էլ չեմ նախկինը: Ինչ էլ որ լինի, մեկը կգտնվի, մի բան կասի: Հիմա ես չեմ կորողանա ինձ զսպել: Կպատասխանեմ: Իսկ հետո՞…»

2862

Իրենք Սումգայիթի արվարձանում էին ապրում: Խաղաղ օր էր, բայց հանկարծ, անհասկանալի ձեւով ամեն ինչ փոխվեց: Քաղաքից լուրեր եկան, որ հայերին կոտորում են, ծեծում, ջարդում: «Մեզ ոչինչ չեղավ: Աղջիկս հրաշքով տուն հասավ: Ավտոբուսի վարորդն ամբոխից էր փախցրել ուղեւորներին: Բայց մենք ծանոթներ ունենք, որ …. Ինչերով են անցել: Չեմ ուզում, որ այդ ամենը կրկնվի: Իհարկե նաեւ անիծում եմ այդ բոլորը սանձազերծողներին, բայց ոչ իմ հարեւանին: Նրա որդին, որ առողջության հետ խնդիրներ ուներ, չպիտի զորակոչվեր բանակ, զոռով տարան, ու զոհվեց տղան: Ռուսաստանից մեր նախկին հարեւաններն են պատմել: Ես նրան մանկուց եմ հիշում: Լավ երեխա էր: Գիտե՞ք որտեղ զոհվեց: Այստեղ՝ Մարտակերտում: Ինչպես եւ իմ ամուսինը: Նրանք մեղք ունե՞ն: Նրանց ինչո՞ւ ատեմ: Բայց իհարկե նաեւ չարացած եմ: Ուրիշների վրա, նրանց վրա, ովքեր սկսեցին պատերազմը»:

«Բարեկամությունն այստեղ այս հողում երկու ազգերի միջեւ այլեւս անհնար է: Ռուսաստանում, ինչ-որ այլ տեղ, հիմա էլ շփվում են: Բայց այստեղ…. Չեմ կարծում: Ես ինքս չեմ կարողանա: Այդ ժամանակ արդեն վախը կլինի: Ո՞նց մենք այնտեղ ապրենք, իրենք այստեղ: Անհնար է: Եթե սահմանները բացվեն: Կուրախանամ: Բայց չեմ գնա մյուս կողմ, նույնիսկ առեւտուր անելու»:

Հիմա իհարկե խաղաղություն է: Տիկին Լաուրան ներկան համեմատում է պատերազմական գործողությունների ժամանակաշրջանի հետ:

«Չեմ պատկերացնում ինչպես կարող ենք ապրել միասին: Առաջ ադրբեջանական հեռուսատեսություն էինք նայում: Ատելություն կա: Հին վերքերն են քրքրում: Պետք է հանգստանալ: Ասում են հողերը տվեք, վերադառնանք: Բայց իրենք իմ ամուսնուն կվերադարձնե՞ն: Մեր այնքան կորուստները կվերադարձնե՞ն: Այն տարիները, որ խլել են մեր կյանքից, կվերադարձնե՞ն…Չեն կարող։ Ոչինչ փոխել հնարավոր չէ»։

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս