«Խլելս ո՞րն է, ՀԷՑ-ը խլել, մասնատել, տեղը չգիտեմ ինչ անել, տենց օրակարգ չունեմ». ինչ էր փորձում համոզել ՀԾԿՀ նախագահի պաշտոնին հավակնող Մեսրոպյանը 2024թ.

ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու իշխանության հայտարարությունների ու գործողությունների համատեքստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է էլեկտրական ցանցերի՝ այս տարի նախատեսվածից շուրջ 7 միլիարդ դրամով ավելի ներդրում կատարելու առաջարկը․ ասել է թե՝ այս  կերպ ՀԾԿՀ-ն ևս միանում է ՀԷՑ-ի դեմ արշավին։ 

Իսկ էլեկտրական ցանցերը դիմել էր հանձնաժողովին՝ իր 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի այս տարվա ծավալը փոփոխելու համար՝ հաշվի առնելով առաջացած անհրաժեշտությունը։  Ու թեև ՀԾԿՀ-ն մինչև վերջերս ակնարկ իսկ չէր արել, որ ՀԷՑ-ը պատշաճ չի կատարում իր պարտավորությունները, ամեն դեպքում հանձնաժողովի այս որոշումը սպասելի էր, կամ՝ գուցե ուշացած, եթե հաշվի առնենք, որ իշխանությունները ողջ թափով լծվել են Սամվել Կարապետյանին չեզոքացնելու գործին։

Ավելին՝ երբ նախորդ տարի ՀԾԿՀ այսօրվա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոր-նոր էր առաջադրվել նախագահի թեկնածուի պաշտոնում, ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր ՀԷՑ-ի հնարավոր խլման մասին խոսակցություններին։

«ՀԷՑ»-ը խլել» եզրույթն ինձ համար անընդունելի է. Խլելս ո՞րն է,-  2024 թվականի նոյեմբերի 14-ին ԱԺ-ում ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր ՀԾԿ հանձնաժողովի այն ժամանակ դեռ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ ՀԾԿՀ նախկին ղեկավարին հանել են, քանի որ ցանկանում են «ՀԷՑ»-ը խլել սեփականատերերից։

Կարդացեք նաև

Անդրադառնալով էլ հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀԷՑ-ի աշխատանքը, նա պատասխանել էր. «ՀԷՑ-ը էս երկրի թշնամին չէ, ՀԷՑ-ը տարիներ ի վեր այդ համակարգը շահագործել է, այսօր ոլորտում կան ցուցանիշներ, որոնք բոլորիս չեն բավարարում, տեսանելի են այդ խնդիրների պատճառները: Պետք է այդ պատճառների հետևից գնանք, վերացնենք և շարունակենք: ՀԷՑ-ը խլել, մասնատել, տեղը չգիտեմ ինչ անել, ես տենց օրակարգ չունեմ»:

Այսօր Մեսրոպ Մեսրոպյանի օրակարգը, թերևս, այլ է։

Վերջինն ինչ-որ տեղ հասկանալի էլ է․ չէ՞ որ  2024 թվականի նոյեմբերի 5-ին ՔՊ-ն տեղեկացրել էր, որ կուսակցության վարչության նիստում, որը վարել է Նիկոլ Փաշինյանը, որոշվել է կառավարությանն առաջարկել-քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու։

Մեսրոպ Մեսրոպյանի անունը, առհասարակ, 2018 թվականի թավշյա աժիոտաժից հետո պարբերաբար հայտնվում էր լրատվամիջոցներում․ Մեսրոպյանը 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ԱԺ-ում նրա թիմի ընտրությամբ դարձել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, ապա 2020 թվականի նոյեմբերին նշանակվել Կոտայքի մարզպետ։

Ի դեպ, Կոտայքում Մեսրոպյանը թավշյա իշխանությունների համար «սվոյ է» եղել՝ պայմանավորված նաև Փաշինյանի թիմակից Սասուն Միքայելյանի հետ իր ընկերական, քաղաքական ու խնամիական կապերով։ Մեսրոպ Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի կնոջ հորեղբոր տղան է։

1 տարին չլրացած՝ Մեսրոպ Մեսրոպյանն ազատվել է պաշտոնից։ Բայց այդ մեկ տարում հասցրել է  մարզպետարանում համախմբել Սասուն Միքայելյանի հետ առնչակցություն ունեցող տարբեր դեմքերի, այդ թվում նրա դստերը՝ Սաթենիկ Միքայելյանին։

Ի դեպ, ինչպես նրա պաշտոնի նշանակումը, այնպես էլ՝ պաշտոնանկումը, մամուլում կապվել է  հենց Սասուն Միքայելյանի անվան հետ․ նշում էին՝ պատճառը Փաշինյանի ու Միքայելյանի ժամանակավոր վատթարացած հարաբերություններն են եղել։

Մեսրոպ Մեսրոպյանը երկար գործազուրկ չի մնացել․ նա նախ զբաղեցրել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռը, ապա՝ գլխավոր տնօրենի, իսկ այսօր արդեն՝ ՀԾԿՀ նախագահի։

ՀԷՑ ներդրումը մերժելու պատճառների մասին

Հանձնաժողովից ասել էին, թե առաջարկվող աշխատանքների իրականացումը կբերի մեծ քանակությամբ պլանային անջատումների և կհանգեցնի հաճախորդների էլեկտրաէներգիայի մատակարարման որակի զգալի վատթարացման։

Բացի սա՝ նշել էին, թե ընկերության կողմից առաջարկվող զգալիորեն ավելի բարձր ներդրումային գումարը կհանգեցնի նրան, որ մաշվածության և սակագների միջոցով վերականգնվող թույլատրելի շահույթի համակցված գումարը կգերազանցի ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայով սահմանված առավելագույն սահմանաչափն ավելի քան 2 միլիարդ դրամով, ինչն էլ կհանգեցնի ներդրումային ծախսերի ավելի քան 10 միլիարդ դրամի սակագների միջոցով վերականգնման զգալի ուշացման՝ ֆինանսական դժվարություններ ստեղծելով ընկերության համար։

Հանձնաժողովի այս հիմնավորումից չի հասկացվում, թե ինչո՞ւ են իշխանությունները խոսում ՀԷՑ-ում որակական խնդիրներից, եթե ներդրումները նպատակահարմար չեն համարում, կամ՝ ստացվում է, որ ցանկացած ընկերություն պետք է հրաժարվի ներդրումներից, որակի բարելավելմանն ուղղված աշխատանքներից, որովհետև դրանց իրականացման ընթացքում միշտ էլ առաջանալու են տեխնիկական խնդիրներ։

Տեսանյութեր

Լրահոս