Իրանը չի դադարեցրել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի համագործակցությունը Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ չի դադարել։

Այս մասին հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով Արաղչիի հայտարարությունն՝ արված Իրանի արտաքին գործերի նախարարությունում դեսպանների, գործերի ժամանակավոր հավատարմատարների և օտարերկրյա առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։  

Նա ասել է, որ Իրանը երախտապարտ է բոլոր այն երկրներին, որոնք դատապարտել են Իսրայելի վերջին հարձակումն Իրանի նկատմամբ։ Արաղչին ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը չի դադարել, և Իրանը եղել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հնազանդ անդամ և համագործակցել է գործակալության հետ։  

«Մեր համագործակցությունը գործակալության հետ չի դադարել, այն պարզապես նոր ձև է ստացել։ Այսուհետ Գործակալության հետ հարաբերությունները կկառավարվեն Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։ Գործակալության՝ Իրանի հետ համագործակցությունը շարունակելու խնդրանքն ԱԱԳԽ-ի կողմից կքննարկվի յուրաքանչյուր դեպքի համար առանձին, և որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով անվտանգությունն ու պաշտպանվածությունը»,-նշել է նախարարը։  

Նա հայտարարել է, որ անվտանգությունն ու ապահովությունը մտահոգության առարկա են հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներին մոտեցող տեսուչների համար։  «Իրականում մեր միջուկային օբյեկտները հարձակման են ենթարկվել, և այդ օբյեկտներին մոտ լինելը ներկայում ռիսկեր է պարունակում, այդ թվում՝ ռադիոակտիվ նյութերի տարածման կամ պայթյունների առումով, և մենք կարծում ենք, որ անվտանգության և պաշտպանվածության հարցը մտահոգության առարկա է տեսուչների համար, երբ նրանք մոտենում են այդ օբյեկտներին»,-նկատել է Արաղչին։

Իրանի ԱԳ նախարարն, այդուհանդերձ, շեշտել է, որ առջևում այլ ճանապարհ չկա, քան վերադարձը դիվանագիտությանը։  «Այլ ճանապարհ չկա, քան դիվանագիտությանը և բանակցային ու համաձայնեցված լուծմանը վերադառնալը, և վերջին պատերազմը դա ավելի քան ապացուցեց։ Բայց մինչ այդ, մյուս կողմը պետք է մեզ վստահեցնի, որ իրենք դիվանագիտություն են ուզում, այլ ոչ թե դիվանագիտությունը իրենց նպատակներին հասնելու քող ծառայեցնեն»,- ընդգծել է Աբբաս Արաղչին։

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրաման է արձակել՝ կիրառելու երկրի խորհրդարանի ընդունած օրենքը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության կասեցման վերաբերյալ։  

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ մտավ դրա սրացումից ինը օր անց՝ հունիսի 22-ի գիշերը հարվածելով իրանական երեք միջուկային օբյեկտներին։ Հունիսի 23-ի երեկոյան Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազային՝ Կատարում գտնվող ալ Ուդեյդին։  

Թրամփը հետագայում հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ։ Հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։ 

Տեսանյութեր

Լրահոս