
Ադրբեջանն օկուպացված Արցախում հայկականը ոչնչացնում և հայերի գույքը յուրացնում է միջազգային զրո ճնշման և ՀՀ իշխանությունների զրո արձագանքի ֆոնին. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (փաստացի զբաղեցված այլ անձանց կողմից) բնակարանների ու տների վերաբերյալ միջազգային իրավական գործընթացներ նախաձեռնելու նպատակով Արցախի Միությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի և Արցախի ներկայիս ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, շարունակում են հավաքագրել տվյալներ։
Այս գործընթացը մեկնարկել է ամիսներ առաջ, քանի որ Ադրբեջանն ակնհայտորեն յուրացնում ու ոչնչացնում է իր օկուպացիայի տակ հայտնված Արցախի թե՛ մշակույթը, թե՛ արցախահայերի սեփականություն հանդիսացող տները, գույքը։
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ դանդաղ, բայց գործընթացը շարունակվում է, սակայն մեծ ծավալ ու մասշտաբ չեն կարող այս պահին ապահովել։
«Այս գործընթացի արդյունքները լինելու են տարիներ անց, սակայն գործընթացը կարելի է դիտարկել՝ որպես ռազմավարական, արագ արդյունք, ցավոք, չենք ունենալու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Բեգլարյանը։
Շարունակելով միտքը՝ նա նշեց, որ գործընկեր կազմակերպությունների, կամավոր անձանց հետ միասին կարողանում են այս գործընթացը շարունակել։
Արտակ Բեգլարյանը նաև շեշտեց՝ Ադրբեջանի իշխանությունները մեծ թափով քանդում ու ոչնչացնում են օկուպացված Արցախի մասնավոր և հանրային սեփականությունը, յուրացնում այն, ապօրինի կերպով ադրբեջանցիներով բնակեցնում հայերի տները։
«Այս ամենը կատարվում է միջազգային զրո ճնշման և, առավել ևս, Հայաստանի իշխանությունների զրո արձագանքի ֆոնին։ ՀՀ իշխանությունը ստացել է Եվրոպական և Արդարադատության միջազգային դատարանների միջանկյալ վճիռները, որոնք ուղղակիորեն ասում են, որ Ադրբեջանը պարտավոր է հարգել, պաշտպանել ու երաշխավորել Արցախի ժողովրդի իրավունքները, այդ թվում՝ սեփականության իրավունքը, մշակութային ժառանգությունը և այլն։ Հետևաբար՝ ՀՀ դիմումի հիման վրա այդ ամրագրված որոշումները պետք է կատարվեն, և առաջին հետևողական կողմը պետք է լինի ՀՀ իշխանությունը։ Այնինչ մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանության թողտվության հետևանքով է, որ Ալիևը շարունակում է օկուպացված Արցախի գույքն ու սեփականությունը յուրացնելու քաղաքականությունը»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
Նշենք, որ մեկնարկած գործընթացի առաջին փուլում արցախահայերը լրացնում են իրենց տվյալները, ներկայացնում որոշակի փաստաթղթեր։ Դրանից հետո նրանց տվյալները վերլուծվում են, որոշ չափով մշակվում, իսկ արդեն երրորդ փուլում կապ են հաստատում շահառուների հետ, որոնք մանրամասն ներկայացնում են իրենց վկայությունները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը գրեթե ամբողջովին քանդել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցը, որտեղ շենք-շինություններն ամենահինն են, դրանք ոչնչացնելով՝ Ադրբեջանը փոխարենը կառուցում է այգիներ, նոր շենքեր, որպեսզի ոչնչացնի հայկական հետքը։
Ադրբեջանը քանդել է նաև Արցախի ԱԺ շենքը, եկեղեցիներ, մատուռներ, թանգարաններ, որոշ եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին վերածել է մզկիթի։
Արցախահայերն Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվեցին Արցախից 2023 թվականի սեպտեմբերին, որին նախորդել էր 9-ամսյա տոտալ շրջափակումը, արցախահայերն իրենց տունը թողեցին Ադրբեջանի կողմից ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ։