
ՀՀ իշխանությունները գլուխները կախ մասնակցում են հայկական կոնյակը շուկայից դուրս մղելու պրոցեսին

«Շեֆից» ոչ պակաս պոպուլիզմի մարմաջով տառապող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով գրառումներ է կատարում վրաց-ռուսական սահմանով անցնող հայկական բեռնատարների թվի վերաբերյալ։
Նա ցանկանում է տպավորություն ստեղծել, թե վերջին ամիսներին հայկական բեռների, հատկապես՝ կոնյակով բարձած բեռների տեղափոխման հետ կապված խնդիրները, կառավարության «քրտնաջան» աշխատանքի շնորհիվ, լուծվել են։ Սակայն տնտեսավարողները շարունակում են ահազանգել, որ իրավիճակը շարունակում է առաջվա նման մտահոգիչ մնալ։
Խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև մտահոգություններն են ավելացել. Վրաստանում հայկական կոնյակի որակի՝ այդպես էլ ոչնչով չպատճառաբանված ստուգումները դադարեցվելու փոխարեն, դարձել են մշտական պրոցես։
Դրա հետևանքով այսօր էլ կոնյակով բարձած բազմաթիվ բեռնատարներ Վրաստանում բախվում են արհեստական խոչընդոտների ու տարանցման դժվարությունների հետ։ Ոչ միայն շաբաթներով պահում են հայկական բեռները, այլև առանց պատճառաբանության, երբեմն ճանապարհի կեսից վերադարձնում են Հայաստան։
Այդպես էլ ոչ ոք չի պատասխանում այն պարզ հարցին, թե ինչո՞ւ պիտի հայկական կոնյակը որակի ստուգման ենթարկվի Վրաստանում, երբ Վրաստանն այդ ապրանքի համար հանդիսանում է ոչ թե իրացման, այլ ընդամենը տարանցման երկիր։
Այս հարցի պատասխանը տալու փոխարեն՝ էկոնոմիկայի նախարարը հաշվարար է դարձել, մեքենաներն է հաշվում, ոչինչ չասող թվեր է հրապարակում՝ սահմանը հատող բեռնատարների վերաբերյալ, ու փորձում քողարկել իրականությունը։ Կարծես դրանով արտադրողների ու արտահանողների խնդիրները լուծվեցին։ Նրանք այլևս վնասներ չեն կրում այս ակնհայտ ապօրինությունների հետևանքով։
Պարզ չէ, թե ամիսներ շարունակ Գևորգ Պապոյանն ու իր կոլեգաներն ի՞նչ են քննարկում վրացիների հետ, որ այդ խնդիրներն այսօր էլ շարունակում են մնալ։ Մի բան ամեն դեպքում կարծես ակնհայտ է դառնում. դատելով արվող հայտարարությունների տողատակերից՝ համաձայնել են, որ տարանցման նպատակով Վրաստանով անցնող հայկական կոնյակը պետք է ենթարկվի որակի ստուգման։ Եվ հիմա քննարկում են ոչ թե որակի ստուգումների ապօրինի պրակտիկան վերացնելու փաստը, այլ այն, թե ինչպես անեն, որ ստուգումների ժամկետները կրճատվեն։
Ահա այսպես են լուծում խնդիրը՝ ակնհայտ ապօրինությունն օրինականացնում են։
Աշխարհում հավանաբար դժվար է գտնել մեկ այլ երկիր, որ երրորդ կողմի հետ ձեռք ձեռքի տված՝ այդպես հաշվեհարդար տեսնի սեփական արտադրողների ու արտահանողների նկատմամբ։ Բայց Հայաստանի իշխանություններն այստեղ էլ օրիգինալ են գտնվել. Համաձայնել են, որ տարանցող երկիրը կարող է որակի ստուգման ենթարկել հայկական ապրանքներն ու արհեստական խոչընդոտներ ստեղծել դրանց տեղափոխման ճանապարհին։
Տնտեսավարողները վաղուց լավ գիտեն, որ Վրաստանը փորձում է դրանով ռուսական ու մի քանի այլ շուկաներից դուրս մղել հայկական կոնյակը, որպեսզի այն լցնի սեփական արտադրանքով։ Գիտեն, թե որն է այս ամենի նպատակը, և այն ուր է տանում։ Հայաստանի իշխանություններն էլ, գլուխները կախ, համակերպվել են այս իրավիճակին ու խնդիրները լուծելու իրենց անկարողությամբ մասնակցում են հայկական կոնյակը դուրս մղելու պրոցեսին։ Հետևանքներն արդեն ակնհայտ են՝ հայկական կոնյակի արտադրությունը շեշտակի նվազել է, ծավալները գրեթե մեկ երրորդով կրճատվել են։
Տնտեսավարողները, որոնք պետք է մտածեին իրենց արտադրության ծավալներն ավելացնելու ու շուկաներն ընդլայնելու մասին, եղած շուկաներն էլ կորցնում են։ Այն, ինչ հիմա կատարվում է կոնյակագործների հետ, վաղը կատարվելու է մյուս ապրանք արտադրող-արտահանողների հետ։ Ու մի գեղեցիկ օր այնպես է ստացվելու, որ Վրաստանով անցնող ցանկացած բեռ հայտնվելու է որակի ստուգման տակ։
Այդ տխուր հեռանկարից խուսափելու մեկ ձև կա, որը վաղուց աշխարհը տվել է՝ տարանցվող բեռները ենթարկա չեն որակի ստուգման։ Բայց այդ պարզ ճշմարտությունն անգամ չեն կարողանում հիմնավորել։ Չնայած հիմնավորելու բան էլ չկա, ինքնին պարզ է, որ այդպես էլ պետք է լինի։
Հպարտանում, ցնծում են, որ մի օր էլ վրացական կողմը բարեհաճեց մի քանի մեքենա բաց թողնել։ Մինչդեռ՝ դրանով ոչ թե պետք է ուրախանալ, այլ մտահոգվել։ Տնտեսության խնդիրները քիչ էին, հիմա էլ այլ խնդիրների առաջ են կանգնեցնում։ Ու այդ խնդիրները միայն Վրաստանում չեն։
Օրերս էլ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ սահմանափակումներ է մտցնում ծաղիկների արտահանման նկատմամբ։ Հայաստանից մատակարարվող ծաղկային արտադրանքի մուտքը կթույլատրվի միայն արտադրանքի վայրի հետագծելիությունն ապահովելու պարագայում։
Որոշման ընդունման պատճառն այն է, որ ծաղիկների արտահանման ծավալների ավելացմանը զուգահեռ՝ որակի ու անվտանգության հետ կապված խնդիրներ են ծագել։ Վարակված ծաղիկների արտահանման տասնյակ դեպքեր են հայտնաբերվել։ Ըստ էության, ռուսական կողմում կասկածներ ունեն, որ արտահանվող ծաղիկների մի մասը հայկական ծագում չունի, բայց արտահանվում են հայկականի անվան տակ։
Չնայած ծաղիկների արտահանման առնչությամբ բազմիցս հնչեցված ահազանգերին՝ այդպես էլ պատկան մարմինները ոչինչ չեն արել։ Ավելին՝ ի ցույց են դրել իրենց անկարողությունը, հայտարարել են, որ հնարավոր չէ հետագծել մատակարարվող ծաղիկների հայկական ծագման փաստը, որովհետև դրանց արտադրությունն ու բուսասանիտարական վիճակը չեն կարգավորվում։
Խնդիրներին այսպիսի անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերելու հետևանք է, որ սահմանափակումներ են մտցվել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա։ Առաջիկայում դա կանդրադառնա նաև արտադրության ծավալների վրա։ Այսքանից հետո Գևորգ Պապոյանը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) բարձր ամբիոնից հայտարարում է, թե վճռական են գյուղատնտեսության ներուժի իրացման հարցում։
Այսքան տարի տեսնում ենք, թե ինչպես են իրացրել այդ ներուժը։ Տարիներ շարունակ գյուղատնտեսության ներուժն ավելացնելու փոխարեն՝ հետ են շրջել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ