
«Գյումրու տեխնոպարկը» լուծարվում է, կեցցե Գյումրու տեխնոպարկը

ՀՀ կառավարության առաջիկա՝ մայիսի 15-ի, նիստի օրակարգում մի շատ մոլորեցնող հարց է ներառված՝ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲ ընկերության լուծարման վերաբերյալ: Ըստ որոշման նախագծի՝ Պետական գույքի կառավարման վարչությունը վերանայում է մինչև 50 % պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը, այդ ընկերություններում պետական բաժնեմասի հետագա պահպանման կամ դրանցում լիազոր ներկայացուցիչների ինստիտուտի ներդրման նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ում պետական բաժնեմասը կազմում է 49.02 %: Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչև օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար և առաջարկել է, հիմք ընդունելով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ՝ «Անալիտիկսարք-մեկ» ՓԲԸ-ի համաձայնությունը, սկսել լուծարման գործընթաց:
Առաջին հայացքից թվում է, թե խոսքը Գյուրին տեխնոքաղաք վերածելու առաջին քայլ համարվող Գյումրու տեխնոպարկի մասին է, ինչն արադարացիորեն վրդովմունքի է արժանի: Չէ՞ որ կառավարությունն արդեն տարիներ շարունակ Գյումրու տեխնոպարկի կառուցումը լուրջ ձեռքբերում էր ներկայացնում և մեծ հույսեր էին կապում դրա գործունեության հետ: Սակայն խնդիրն այն է, որ այս լուծարման ենթակա ընկերությունը բոլորովին կապ չունի այն տեխնոպարկի հետ, որի մասին բոլորս գիտենք:
168.am-ի հետ զրուցում Արդյունաբերության զարգացման ազգային հիմնադրամի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Գուրգեն Պարոնյանը հայտնեց, որ լուծարման ենթակա կազմակերպությունը փակ բաժնետիրական ընկերություն է, տեխնոպարկը ծրագիր է և կոչվում է Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն: Կենտրոնի համակարգողը ներկայումս Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն է:
«Ես կարող եմ հիմա Գյումրիում բացել «Գյումրու տեխնոպարկ» ՍՊԸ: Դա ոչինչ չի նշանակում, մեկը մյուսի հետ կապ չունի»,- ասաց Գ.Պարոնյանը՝ նշելով, որ ինքը երբեք այդ ՓԲԸ-ի հետ գործ չի ունեցել և տեղյակ չէ, թե այն իրենից ինչ է ներկայացնում: