Բաժիններ՝

Ավանի հոգեբուժարանի տնօրենը՝ մահացած երիտասարդի մասին. Հիվանդը քնած ժամանակ սուր կորոնար անբավարարությունից մահացել է, ո՞ր պրոցեսը պետք է նկարվեր

«Արձագանքն ընդհանապես եղել է, երբ հարազատը եկել է ինձ մոտ՝ մեզանից տեղեկանք ուզելու: Ես իմ ցավակցությունը հայտնել եմ իրեն, և իրոք, ցավալի բան է, որ մարդն իր ոտքով գալիս է հիվանդանոց, 4 ժամ հետո մահանում է, բայց մահանում է մեզ հետ որևէ կապ չունեցող բանի պատճառով: Էմոցիոնալ արձագանքը այն է, որ շատ ցավում եմ, որ մարդը եկավ և մահացավ, երիտասարդ մարդ էր: Գործնական առումով՝ ինքը մահացել է սուր կորոնար անբավարարությունից, որը որևէ առնչություն չունի հոգեբուժական ծառայության հետ: Այսինքն՝ մենք իր սրտով չենք զբաղվում»,- արձագանքելով այսօր hetq.am-ում հրապարակված մահացած Էդգար Շաթիրյանի հարազատների նամակին՝ 168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Սողոյանը:

Անդրադառնալով նամակում նշված տեղեկատվությանը, որ մահացող Էդգար Շաթիրյանին անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն կենտրոնի բժշկական անձնակազմը հեռախոսով նկարահանել է հիվանդի մահանալու ողջ ընթացքը, Արմեն Սողոյանն ասաց, որ նշանակվել է ծառայողական քննություն և որ գրվածի մեջ «որևէ տրամաբանություն չկա».

«Երբ ահազանգել են, և բժիշկը գնացել է հիվանդի մոտ, հիվանդը քնած տեղում մահացած է եղել սուր կորոնար անբավարարությունից, իրականացվել են շտապօգնության, վերակենդանացման միջոցառումներ, հետո երբ ֆիքսվել է մահը, զանգահարվել է շտապօգնություն, շտապօգնությունը եկել է, ֆիքսել, որ հիվանդը մահացած է, տեղյակ է պահվել ոստիկիանությանը: Այսնիքն՝ մենք՝ կենտրոնն է ոստիկանությանը տեղյակ պահել, ոչ թե նամակով պետք է տեղյակ պահվի դրա մասին:

Եկել են համապատասխան ծառայության մասնագետները, որոնք սահմանված կարգով դիակը նկարել են: Երևի այդ ժամանակ հիվանդի հարազատը, որը ներկա է եղել, ընդ որում, ոչ սթափ վիճակում է եղել, ինքը կարող է չի պատկերացրել՝ ինչն են նկարում, ինչը չեն նկարում: Իմ ենթադրությունն է, որ այդտեղից է երևի ծնվել հեռախոսով նկարելու… անհեթեթ բան»:

Կարդացեք նաև

Մեր ճշտող հարցին՝ արդյոք հոգեկան առողջության կենտրոնում հիվանդի մահանալու պրոցեսը հեռախոսով չի՞ նկարվել, Արմեն Սողոյանը պատասխանեց. «Հիվանդը քնած ժամանակ սուր կորոնար անբավարարությունից մահացել է, ո՞ր պրոցեսը պետք է նկարվեր, կարո՞ղ եք ասել»:

Ա. Սողոյանը պատմեց, որ երբ տեսել են՝ հիվանդը չի շնչում, շտապ կանչել են հերթապահ բժշկին, ով կատարել է անհրաժեշտ միջոցառումները. «Մահանալու ո՞ր պրոցեսն է այստեղ հնարավոր նկարել, դուք ինչպե՞ս եք պատկերացնում»:

Ա. Սողոյանն ասաց նաև, որ նամակը գրվել է «հիվանդի 7-ը չանցած», ինքը կարող է հասկանալ էմոցիոնալ ռեակցիան, քանի որ յուրաքանչյուրի հարազատ հետ նման դեպքից հետո «էմոցիոնալ ռեակցիա է տալիս», սակայն գնահատականները, որոնք կապ չունեն էմոցիաների հետ, լարվածություն են առաջացնում:

Բաց նամակում մահացած Էդգար Շաթիրյանի հարազատները նշել էին, որ իրենց տեղեկություններով՝ Է. Շաթիրյանին ներարկել են ուժեղ հոգեմետ դեղ՝ Տիզերցին:

«Մասնագետների կարծիքով՝ Էդգար ալկոհոլ օգտագործած լինելու, գլխուղեղի վնասվածք ու սրտային խնդիրներ ունենալու փաստը պետք է ահազանգ հանդիսանար բժիշկներին հոգեմետ դեղեր ներարկելիս»,- նշել էին հարազատները, որոնց նամակի համաձայն, հոգեբուժարանում Էդգարը հայտնել էր, որ երկար տարիներ զբաղվել է մարտարվեստով, ժամանակին տարել է գլխուղեղի վնասվածք, վերջին ժամանակներն ունի սրտային խնդիրներ, իսկ ներկա պահին՝ գլխի և սրտի ցավ:

Անդրադառնալով այս տեղեկությանը՝ Արմեն Սողոյանն ասաց, որ Առողջապահության նախարարը հանձնարարել է ծառայողական քննություն իրականացրել, ստեղծվելու է մասնագետներից կազմված հանձնաժողով, որոնք ուսումնասիրությունից հետո կնշեն, թե ինչ դեղորայք էր կարելի և ինչ չէր կարելի ներարկել այդ հիվանդին:

«Դրանից հետո դա կներկայացվի բոլորին, բոլորն էլ կտեսնեն: Անանուն մասնագետներին վկայակոչելով, երբ ոչ մասնագետները սկսում են կարծիք հայտնել, արդեն էմոցիոնալ դաշտից չէ»:

Մեր հարցին՝ արդյոք հիվանդին ցուցաբերվե՞լ է անհրաժեշտ բժշկական օգնություն, Ա. Սողոյանը պատասխանեց. «Հիվանդը եկել է, ունեցել է սուր հոգեշարժական գրգռվածություն, որի վիճակը նկարագրված է հիվանդության պատմությունում, որը նույն օրը ոստիկանները սահմանված կարգով վերցրել են: Դա իրավական փաստաթուղթ է և միակ թուղթը դա է, որը գոյություն ունի այսօրվա վիճակով, այն մեզ մոտ չէ: Այնտեղ այդ բոլորը հստակ նշված է, իսկ ծառայողական քննությունը նայելու է այդ պատմությունը, եզրակացություններ է անելու, այսինքն՝ իր վիճակին համապատասխան իր բուժումն իրականացվել է:

Մահը, որը վրա է հասել, այդ բուժման հետ որևէ անչություն չունի, բայց վերջանական մոտ 1 ամիս կամ մեկ ու կես ամսում կիրականացվեն հիմնական բոլոր հետազոտությունները և ամեն ինչի վրա լույս կսփռեն: Մինչ դա ցանկացած բան բամբասանք է և ինչ-որ մարդկանց ենթադրություն»:

Հիշեցնենք, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում այս տարվա մայիսի 5-ին մահացած Էդգար Շաթիրյանի հարազատներն այսօր Hetq.am-ի միջոցվ բաց նամակ էին հղել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիրմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս