Վոլինկինը առաջարկում է «չեզոքացնել» ռուս – հայկական հարաբերություններում «սեպ խրող» ՀԿ-ներին. azatutyun.am
Երևանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը անհրաժեշտ է համարում Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների «չեզոքացումը», որոնք, դեսպանի կարծիքով, «ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում»: Այս մասին գրում է «Ազատություն Ռադիոկայանը»:
Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Իվան Վոլինկինը, մասնավորապես, ասել է․
-«Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայու թյան մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս – հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»:
2012 թվականի հուլիսին Ռուսաստանի Պետդուման փոփոխություններ կատարեց «Ոչ առևտրային կազմակերությունների մասին» օրենքում, ըստ որոնց՝ «օտարերկրյա գործակալ» են կոչվում բոլոր այն ՀԿ-ները, որոնք Ռուսաստանում զբաղվում են «քաղաքական գործունեությամբ» և «դրամական կամ այլ միջոցներ են ստանում օտարերկրյա պետություններից, միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից»:
Ռուսաստանյան և միջազգային հատկապես իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները սուր քննադատության ենթարկեցին Կրեմլի այս օրենսդրական նախաձեռնությունը՝ պնդելով, որ այն ուղղված է ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ:
Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ խառնվելով Հայաստանի ներքին գործերին՝ Ռուսաստանի դեսպանը, ըստ էության, պահանջում է երկրում փակել բոլոր այն մարդկանց բերանները, ովքեր կհամարձակվեն խոսել ռուսաստանյան քաղաքականության դեմ:
Շարունակությունը` այստեղ