Ալեքսանդր Կարավաև. Հարցն այն է, թե էլ ինչ կարող է Լուկաշենկոն ուզել Պուտինից՝ ՀՀ-ի միանալում համաձայնություն տալու դիմաց
Հարցազրույց Մոսկվայի պետական համալսարանի Ինֆորմացիոն-վերլուծական կենտրոնի փոխտնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևի հետ
– Ձեր կարծիքով` մայիսի 29-ին Աստանայում կստորագրվի՞ Եվրասիական տնտեսական միության հիմնադրման պայմանագիրը:
– Իհարկե դժվար հարց է: Ինձ թվում է, որ մայիսի 29-ին ստորագրումը կկայանա, չնայած որ կան մի շարք խնդիրներ: Տարաձայնություն կա Բելառուսի ու Ռուսաստանի միջև` կապված Ռուսաստանից արտահանվող նավթամթերքի մաքսատուրքերի սահմանափակումների վերացման հարցի հետ: Իսկ Ռուսաստանն ու Ղազախստանը դեռևս ամբողջովին չեն ներդաշնակեցրել մաքսատուրքերը: Սրանք երկու գլխավոր խնդիրներն են: Ըստ իս` այդ խնդիրները կփորձեն լուծել երկկողմանիորեն` արդեն այդ համաձայնագրի շրջանակներում: Այսինքն` մայիսի 29-ին կստորագրվի նախագիծը, իսկ խնդիրները կփորձեն ձևակերպել` որպես Մաքսային միության տարածքում փոխգործակցության համակարգման խնդիր:
– Ուրեմն Դուք և՞ս կարծում եք, որ ավելի շուտ կընդունվի հռչակագիր` մտադրությունների մասին, այլ ոչ թե կոնկրետ պայմանագիր:
– Ոչ, դա կոնկրետ է: Չէ՞ որ այն արդեն հրապարակվել է: Դա շատ լայնածավալ փաստաթուղթ է` 600 էջից բաղկացած: Այն կլինի նոր փուլի սկիզբը: Սակայն հարկավոր է նշել մեկ այլ հանգամանք. պայմանագիրը հնարավորություններ կստեղծի երեք երկրներում տնտեսական գործունեության ամբողջական ներդաշնակության համար, որպեսզի մենք իսկապես կարողանանք շարժվել դեպի միասնական տնտեսական տարածքի ստեղծում:
– Բելառուսի նախագահ Լուկաշենկոն մի քանի օր առաջ հայտարարեց, որ Բելառուսը կարող է հրաժարվել Եվրասիական միության պայմանագիրը ստորագրելուց: Միգուցե այստեղ կան ինչ-որ քաղաքակա՞ն ենթատեքստեր:
– Ես ծանոթ եմ այդ հայտարարությանը, և նրա ասածներին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել: Չեմ կարծում, որ դրանք հենց այնպես ասված խոսքեր են: Հարցն այն է, որ Լուկաշենկոն ինքն այդ շարժման նախաձեռնողներից է, և եթե նա հրաժարվի ստորագրել այդ պայմանագիրը, ապա դա կնշանակի, որ ԵվրԱզԷՍ-ի հիմնադրումից մինչ օրս անցած տարիները զուր են անցել: Իհարկե, եթե ստորագրումը տեղի չունենա, դա շատ մեծ հարված կլինի Պուտինին, դա ինքնին հասկանալի է: Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ պայմանագիրը կստորագրվի: Լուկաշենկոյի կողմից նման հայտարարությունների նպատակը ոչ թե նախագիծը տապալելն է, այլ ռուսական կողմի բանակցողներին աշխուժացնելը: Այսինքն` նա բարձրացնում է խաղադրույքները և ակնկալում է, որ Մոսկվան իրեն ընդառաջ գնա:
– Իսկ ի՞նչ կարող եք ասել Հայաստանի մասին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագիրը պատրաստ կլինի հունիսի 1-ին և մայիսի 29-ին կներկայացվի Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի քննարկմանը: Թեև պետք է նշել, որ մի շարք հայ փորձագետներ համոզված են, որ Հայաստանը տարվա առաջին կեսին չի կարող միանալ Մաքսային միությանը: Ձեր կարծիքով` Հայաստանը կստորագրի՞, թե՞ ոչ:
– Եկեք տեսնենք, թե ինչպես են իրենց աշխատանքը գնահատում իրենք՝ պաշտոնյաները և բյուրոկրատները: Նախարարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաների ելույթների համաձայն` Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մտադրության մասին հռչակագրից հետո զգալի աշխատանք է կատարվել: Ես 100 տոկոսով չեմ կարող ասել, թե այդ աշխատանքը հունիսի 1-ին ամբողջովին ավարտված կլինի, բայց, որ այդ ճանապարհի զգալի մասն արդեն անցել են, ակնհայտ է: Իհարկե, կան չլուծված խնդիրներ, օրինակ` մաքսատուրքերի հարցը: Հայաստանը, որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, արտաքին տնտեսական գործարքներում ավելի մեծ ազատություններ ունի, քան Մաքսային միության մյուս անդամները, այդ թվում` Ռուսաստանը, որը վերջերս է դարձել ԱՄՀ-ի անդամ` մի փոքր այլ կանոններով:
Բնականաբար, Հայաստանին անհրաժեշտ են անցումային փուլեր` մաքսատուրքերը ներդաշնակեցնելու համար: Բացի այդ, Հայաստանի տնտեսության մի քանի ճյուղերի եկամուտներն անդամակցությունից հետո կարող են նվազել, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի գոնե կորուստները նվազեցնելու համար: Այսինքն` թեման շատ լայնածավալ է, բայց, իմ կարծիքով, պետք չէ կառչել ինչ-որ ժամկետից: Տա Աստված, որ հունիսի 1-ին ստորագրեն, բայց փաստը, որ աշխատանքի զգալի մասն արդեն կատարվել է, վկայում է այն մասին, որ ստորագրման պահը բավական մոտ է:
– Կա մեկ այլ տեսակետ, որ հարցը բացառապես քաղաքական է: Համաձա՞յն եք:
– Ես համաձայն եմ, որ Հայաստանի դեպքում հարցը քաղաքական է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի կարծիքով` Հայաստանի անդամակցության հարցը քաղաքական լուծման կարիք ունի: Նա չի նշել, թե Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի քանի կետ են կատարվել, բայց ուղղակիորեն հայտարարել է, որ աշխատանքի մեծ մասն արդեն կատարված է, և այժմ մնում է միայն քաղաքական որոշումը, որ հարցին վերջակետ դրվի, և փաստաթուղթն ուղարկվի ստորագրման: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կլինե՞ն խնդիրներ Մինսկի և Աստանայի հետ, շատ բան կախված է անհատի գործոնից:
Այդուհանդերձ, պետք է ընդունենք, որ այդ երկրներում թելադրողը ոչ թե բյուրոկրատիան է, այլ ազգային առաջնորդները, քանի որ դրանք կիսա-ավտորիտար երկրներ են: Եվ դժվար է ասել, թե ինչ փաստարկների և դիմադրության կբախվի Պուտինը ստորագրման ժամանակ: Եթե խոսում ենք կոնկրետ Լուկաշենկոյի և Հայաստանի անդամակցության խնդրի մասին, ապա հարցն այն է, թե էլ ինչ կարող է Լուկաշենկոն ուզել Պուտինից` Հայաստանի միանալուն համաձայնություն տալու դիմաց: Եվ դա ընդհանրապես կապված չէ Հայաստանի, նրա տնտեսության և Կովկասի հետ, այն վերաբերում է բացառապես ռուս-բելառուսական հարաբերություններին: Բայց ես չեմ կարող ասել, թե Լուկաշենկոն կոնկրետ ինչ կուզեր ստանալ Պուտինից:
– Դա կապ ունի՞ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի կողմից հնարավոր ճնշման հետ:
– Ես համաձայն եմ, որ Մինսկ-Բաքու, Աստանա-Բաքու գիծն ինչ-որ դեր խաղում է այս հարցում, բայց ես չեմ ուզում այն չափազանցնել: Դա, իհարկե, պայմաններից մեկն է, բայց այն ավելի բարդ խնդիր չէ, քան եվրասիական ինտեգրացիայի հետ կապված տնտեսական հարցերը: Ուստի, չեմ կարծում, որ Հայաստանի` Եվրասիական միությանը միանալու դեպքում Լուկաշենկոն ու Նազարբաևը լուրջ խնդիրներ կունենան Ալիևի հետ: Միգուցե Ադրբեջանի բացասական վերաբերմունքն արտացոլվի մամուլի, քաղաքական քննարկումների մակարդակում:
– Եթե Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվի, ի՞նչ ձևաչափ այն կունենա: Շատերին հետաքրքրում է հարցը, թե այդ միությունը կունենա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ այն կլինի զուտ տնտեսական միություն:
– Քաղաքական բաղադրիչը պետք է, որ լինի որպես տնտեսական ինտեգրման բնական շարունակություն: Կարծում եմ` ցանկացած խոշոր ինտեգրացիոն միավոր, որն ունի պատմական հիմքեր, երկրների առջև ծառացած քաղաքական մարտահրավերների նմանություն և էլիտաների միջև սերտ կապեր, անխուսափելիորեն պետք է ծնի ինչ-որ քաղաքական գործընթաց: Դժվար է ասել, թե այն ինչ տեսք կունենա, բայց սկզբում նրանք կարող են սկսել հասարակ բաներից, օրինակ` միջխորհրդարանական վեհաժողովներից:
Սակայն ներկա փուլում էլ երեք երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումները, մեծ հաշվով, իրականացնում են քաղաքական կարգավորման գործառույթը, որովհետև ակնհայտ է, որ որևէ ներքին մարտահրավերի, վտանգի, օրինակ` հեղափոխության դեպքում, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների համար միակ հենակետը լինելու է Ռուսաստանը: Դա պարզ է և ընկալվում է` որպես բնական երևույթ: Հետևաբար, բոլոր եզրակացությունները պետք է անել` հիմնվելով այս հանգամանքի վրա:
– Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը նույնպես իր իշխանությունը պահպանելու համար հենակետ է փնտրում Մաքսային միությունում:
– Այո՛, իհարկե: Բայց դա ակնհայտ էր նաև նախկինում, երբ քննարկվում էին ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համաձայնագրերի իրականացման հարցերը: Հիմա այդ ամենն անցել է ինտեգրման ավելի բարդ մակարդակի, երբ նույնիսկ ներքին քաղաքականության համակարգման անհրաժեշտությունն է թելադրվում ինտեգրման օբյեկտիվ պայմաններով: Կարող եմ ավելացնել մեկ այլ օրինակ, թե ինչպես երեք երկրներում իշխանությունները պետք է արձագանքեն, այսպես ասած, ներքին մարտահրավերներին:
Օրինակ` Մոսկվան, Մինսկը և Աստանան ձգտում են սահմանափակել այն ոչ-կառավարական կազմակերպությունների գործունեությունը, որոնք ֆինանսավորվում են Արևմուտքի կողմից, և հակառակը` աջակցել այն կառույցներին, որոնք կողմ են արտահայտվում ազգային ժողովրդավարության, եղած ավանդույթների զարգացմանը: Սա վկայում է այն մասին, որ այս երկրները մեկ ուղղությամբ են շարժվում: Քաղաքական ուժերի դասավորությունը ևս վառ օրինակ է. երեք երկրներում էլ կա մեկ գերիշխող կուսակցություն, իսկ մյուսները, կարծես, նրա արբանյակները լինեն: Ես չեմ ասում, թե դա լավ է կամ վատ է: Դա օբյեկտիվ իրականությունն է, և այդ իրականությունը լիովին ձեռնտու է իշխանություններին: Եթե ձեռնտու է, ապա նրանք փորձելու են որոշակի բարեփոխումների միջոցով պահպանել այդ համակարգն ապագայում:
Ի դեպ, հիմա քաղաքական բարեփոխումներ են իրականացվում և՛ Ղազախստանում, և՛ Ռուսաստանում, և՛ Բելառուսում: Իսկ այդ բարեփոխումները, հավանաբար, կիրականացվեն համաձայնեցված մոդելով: Միգուցե այն չհրապարակվի, բայց ակնհայտ է, որ կքննարկվի ղեկավարների հանդիպմանը: Նշեմ կոնկրետ օրինակ` կապված Ղազախստանում իշխանության փոխանցման հարցի հետ: Ակնհայտ է, որ ով էլ լինի Նազարբաևի ժառանգորդը, ինչ ազգանուն էլ որ նա ունենա, Նազարբաևն անպայման նրա թեկնածությունը կքննարկի Պուտինի հետ: Վերջինս, բնականաբար, չի կարող թույլ տալ, որ Ղազախստանի երկրորդ նախագահ դառնա մի մարդ, ով կարող է քանդել ողջ ինտեգրացիոն սխեման և Ղազախստանը տանել այլ ուղղությամբ: Սա նշանակում է, որ մենք գործ ունենք իրական ինտեգրացիոն գործընթացի հետ: