
«Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչները հայ պատանդներին տեղեկացրել են՝ այդ այցելությունը վերջինն է. Ադրբեջանի նպատակը հայերին բացարձակ մեկուսացվածության մեջ պահելն է». Սիրանուշ Սահակյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում պահվող հայ պատանդներին, գերիներին վերջին անգամ այցելել են հունիսին։ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը խաթարել է այն աշխատանքը, որն իրականացնում էր գրասենյակը գրեթե ամեն ամիս՝ այցելելով հայ պատանդներին, գերիներին։
Ի՞նչ է սպասվելու Բաքվում պահվող հայ պատանդներին, գերիներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակվելուց հետո, ո՞վ պետք է այցելի նրանց և տեղեկատվություն փոխանցի նրանց պահման պայմանների, առողջական վիճակի մասին։
168.am-ի հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ հաստատեց՝ Կարմիր խաչից վերջին անգամ հունիսին են այցելել Բաքվում պահվող գերիներին ու պատանդներին։
«Կոմիտեի ներկայացուցիչները պատանդներին տեղեկացրել են, որ այդ այցելությունը վերջինն է և իրենց գործունեության դադարեցման պայմաններում իրենց կողմից հնարավոր չէ այցելություններ։
Իհարկե, այդ գրասենյակի փակումը չպետք է ենթադրեր այցելությունների դադարեցում, տարբեր երկրներ առանձին պայմանավորվածություններ են ձեռք բերում Կարմիր խաչի հետ և այլ տարածաշրջանների գրասենյակներին հնարավորություն են տալիս կազմակերպելու այցելություններ։ Կարծես թե սրա մասին խոսեցին նաև գործադիր մարմնի ներկայացուցիչներ՝ նշելով, որ բացառված չէ տարածաշրջանի այլ գրասենյակների ներկայացուցիչների այցելություն։ Սակայն դինամիկան տեսնելով, հասկանում ենք, որ Ադրբեջանը նախ անբարեխիղճ է՝ գրասենյակի գործունեությունը չերկարաձգելու տեսանկյունից։ Եվ այդ անբարեխղճության պայմաններում նաև ցանկություն չունի ապահովել այլ երկրների գրասենյակների մուտքը, ինչը նշանակում է, որ նպատակը հայերին բացարձակ մեկուսացվածության մեջ պահելն է»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։
Շարունակելով միտքը, իրավապաշտպանն ասաց, որ հայերին մեկուսացնելը չի կարող ինքնանպատակ լինել՝ բացարձակ մեկուսացվածությունն անհրաժեշտ է հանցագործ ռեժիմ ունեցող իշխանություններին, որոնք խոշտանգումների սիստեմատիկ հանցագործություններ են իրականացնում, նաև քողարկում են այդ հանցագործության հետքերը։ Եվ բացարձակ արտաքին աշխարհից կտրված անազատությունն ինքնին խոսում է խոշտանգումների ռիսկերի և դրանց թաքցնելու պրակտիկայի մասին։
«Բացարձակ մեկուսացվածության պայմաներում Ադրբեջանը ոչ թե փորձում է ապահովել համանման այլ մանդատ ունեցող կառույցների ֆիզիկական ներկայացությունը, այլ փոխարինող, մտացածին մեխանիզմ է փորձում ներդնել այդ վակուումը բացառելու նպատակով։
Մենք վերջերս տեղեկացանք, որ խոշտանգումների դեմ ինչ-որ կոմիտե այցելել է հայ պատանդներին, որը միջազգային կոմիտե չէ, նրանք միտումնավոր կրկնում են նույն անունը՝ ցույց տալու համար, որ խոշտանգումների դեմ պայքարի մեխանիզմները գործունեություն են իրականացնում: Սա միջազգայնորեն ճանաչված անկախ մեխանիզմ չէ, այլ Ադրբեջանում ներդրված, որի նպատակն է՝ ձևացնել, թե Կարմիր խաչին փոխարինող մեխանիզմ է ստեղծվել։ Այն առանց անկախության չի կարող խոշտանգումների դեմ պայքար իրականացնել։ Նույնիսկ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որը տևական գործունեության փորձ և միջազգային ներգրավվածություն ունի, չի կարող խաբել կամ համոզել միջազգային հանրությանը, որ անկախության պայմաններում է գործունեություն իրականացնում։ Այս համատեքստում զավեշտ է մտածել, թե այդ մեխանիզմը կարող է փոխարինել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը»,- հավելեց Սիրանուշ Սահակյանը։
Ըստ մեր զրուցակցի, նման պայմաններում իրական հնարավորությունը հյուպատոսական այցելությունն է՝ Հայաստանի պատվիրակմամբ այլ երկրի հյուպատոսական ծառայողի կողմից։
Սիրանուշ Սահակյանը փաստեց՝ այս հնարավորւթյունների մասին ՀՀ իշխանությունը տեղյակ է, դրա առնչությամբ հրապարակային խնդրանք-դիմում են ուղղել նաև ՀՀ արտաքին գերատեսչությանը։ Սակայն այս պահին գերատեսչությունից որևէ հաստատում չունեն, որ արտգործնախարարությունը ջանքեր է գործադրել որևէ չեզոք երկրի նման խնդրանքով դիմելու համար, կամ, որ դիմումին հաջորդել է մերժումը։
«Այս ամենից ելնելով, կարծում ենք, որ ՀՀ իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Բաքվում պահվող պատանդների մեկուսացվածությունը բացառելու և հյուպատոսական այցելությունների իրավունքը պատվիրակելով՝ հայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներից ունեցած սպասելիքներին և առհասարակ նրանց քայլերին, Սիրանուշ Սահակյանը նկատեց՝ միջազգային կազմակերպություններից դրական ակնկալիքներ ունեն, պարզապես այդ կառույցների գործունեությունը հնարավոր չէ՝ առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության։ Որպեսզի այդ կառույցները ֆիզիկապես մուտք գործեն Ադրբեջան և կարողանան գտնվել փակ հաստատություններում, որտեղ գործում են ռեժիմային կանոններ, նրանք պետք է արտոնություն ստանան պետական մարմինների կողմից։
«Օրինակ, գործում է խոշտանգումների դեմ եվրոպական կոմիտե, գործում են ենթակոմիտեներ, կա խոշտանգումների հարցով հատուկ զեկուցող։ Բայց այդ բոլորը փաստացի գործունեություն կարող են ծավալել Բաքվում Ադրբեջանի իշխանություններից թույլտվություն ստանալուց հետո։ Մենք դեռևս նախորդ տարվա հրապարակային հայտարարությունից գիտենք, որ Ադրբեջանը սահմանափակում է խոշտանգումների դեմ կոմիտեի գործունեությունը և խոչընդոտներ է առաջացնում, համագործակցելու միջոցները սպառվել են։ Չգիտեն, թե այս տարի ինչ զարգացումներ կլինեն, այդ մարմիններն առնվազն կապը պահում են երկրի հետ և պլանավորվող այցելություններում նախատեսում է նաև այց Ադրբեջան։ Սակայն մենք չունենք որևէ տեղեկատվություն, որ այդ այցը տեղի է ունեցել։ Քանի դեռ պաշտոնական հասատատում չկա, կարող ենք պնդել, որ Ադրբեջանն այցելությունների համաձայնություն չի տալիս»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։
Նա նաև հավելեց, որ մնացյալ դեպքերում բողոքի հիման վրա իրավունքների պաշտպանություն կարող են իրականացնել դատարանները՝ քվազի դատական մարմինները։ Բայց այս դատարանները այցելություն, տեղում մոնիթորինգ իրականացնող սուբյեկտներ չեն, այլ փաստերի հիման վրա իրավունքների խախտման հարցը լուծող ատյաններ են։
«Այս առնչությամբ գործընթացներ կան, դրանք շարունակվելու են, սակայն հրատապային խնդիրն այս պահին վիճակի դիտարկումն է, որը հնարավորություն կտա մեղմել հայ պատանդների կյանքին սպառնացող իրական վտանգները։ Նշեմ նաև, որ Ադրբեջանի կառավարությունն անհապաղ միջոցների որոշման կոնտեքստում պարտավոր է հայ պատանդների առողջական վիճակի, պահման պայմանների և այլ պայմանների վերաբերյալ տեղեկություն տրամադրել դատարանին։ Ադրբեջանը փորձեց հասնել այս որոշումների վերացմանը, սակայն դատարանը լսելով հայկական կողմին, մերժեց ադրբեջանական պահանջը, և հայցի ապահովման միջոցները գործում են։ Ադրբեջանը զեկույցներ տրամադրելու պարտավորություն ունի, վերջնաժամկետը հուլիսին է։
Ակնկալում ենք, որ կտրամադրվեն որոշակի տեղեկություններ և սա ևս կօգտագործվի՝ հասկանալու վիճակը։ Բայց կրկնում եմ՝ առանց այցելությունների միայն այս տեղեկատվությունը բավարար չէ կյանքին սպառնացող վտանգներից ապահովելու համար, քանի որ Ադրբեջանը բազմաթիվ դրվագներով ներկայացնում է նաև կեղծ փաստաթղթեր։ Անհրաժեշտ է ռեալ շփման ճանապարհով ճշտել՝ արդյո՞ք ողջ են և ի՞նչ ֆիզիկական ու հոգեբանական վիճակում են գտնվում հայերը»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։
Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։