Բաժիններ՝

Ինչու են դեմ կամ կողմ Միկոյանի արձանի տեղադրմանը. բանավեճ (տեսանյութ)

Երևանի ավագանու ընտրություններից 1 տարի անց ավագանու մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը համարում է, որ քաղաքապետի հետ բավականին հաջող կատարել է տրված խոստումները, մինչդեռ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչները կարծում են բացասական երևույթները գերակշռում են՝ որպես օրինակ նշելով «Ծածկած շուկայի», Կոմիտաս 5-ի, կարմիր գծերի, Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման և այլ խնդիրներ: «Մեդիա կենտրոնը» նախաձեռնել էր`
«Որքանո՞վ է Երևանի ավագանին իրականացնում նախընտրական ծրագրերը. ավագանու ընտրություններից մեկ տարի անց» թեմայով բանավեճ, որին մասնակցել են նաև ավագանում անդամներ:

«Հանրապետական կուսակցությունն այս մեկ տարվա ընթացքում քաղաքապետի հետ բավականին հաջող կատարել է տրված խոստումները: Մեկ տարվա ընթացքում մենք կատարել ենք երեք տարվան համարժեք աշխատանք»,- ասաց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը:

ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը, զարմանում է, որ մարդիկ՝ ապրելով այս քաղաքում, այս մեկ տարվա ընթացքում կատարված փոփոխությունները չեն տեսնում. «Օրինակ՝ մեր բոլորի պահանջով Երևանում վերջապես ստեղծվեց Գեղխորհուրդ, որի շնորհիվ վատ որակի և պատահական արձաններ չեն տեղադրվի: Շատ արձանների առաջարկություններ ուղղակի մերժվել են»:

Հանրապետական խմբակցության անդամների այս պնդումներին հակադարձում են ընդդիմադիրները:

Ըստ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի՝ «Երևանը զարգանում է քաոսայնորեն, և Երևանի վերաբերյալ ընդունված որոշումները միշտ չէ, որ երևանցու բարօրության համար են ընդունվում»:

ՀՅԴ Երևանի մարզային կոմիտեի անդամ Բագրատ Եսայանը կարծում է, որ Երևանում առկա են կոսմետիկ, աննշան փոփոխություններ, սակայն կատարված բացասական երևույթների կողքին սրանք չնչին են ու չեն երևում: Նա հատկապես առանձնացրեց կարմիր գծերի խնդիրը. «Կարմիր գծերի վերաբերյալ մրցույթը և ընտրությունը կատարվել էր փակ կերպով, և հիմա դրանց ամբողջ հասույթի 70 %-ը լցվում է մասնավոր օպերատորի գրպանը»:

«Նախախորհրդարանի» անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը ընդգծեց, որ առ այսօր լուծում չի տրվել «Ծածկած Շուկայի», «Կոմիտաս 5»-ի և այլ կարևորագույն խնդիրների. «Երևանցիները մնացել են մենակ իրենց խնդիրների հետ, իսկ կառուցապատումները շարունակվում են: Քաղաքացիները պաշտպանում են բակային տարածքները քաղաքապետարանից, որը ոստիկանների հսկողությամբ գրավում է խաղահրապարակները և այլ տարածքներ»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը կարևորում է Երևանի համաչափ զարգացման ծրագիրը. ««Բարգավաճ Հայաստանի» առաջարկով մշակվել է այդ հայեցակարգը և ներառվել 2014թ. ծրագրի մեջ»:

Անդրադառնալով Երևանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցին՝ Թամար Պողոսյանը, ով ղեկավարում է Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, հայտարարեց, որ իր նախաձեռնությամբ իրենց հանձնաժողովը մայիսի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել. «Նիստի ժամանակ քննարկվելու է Երևանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին ավագանու՝ օրեր առաջ կայացրած որոշումը: Կլինի նոր քննարկում և ավագանու որոշման վերաբերյալ մեր հանձնաժողովը կարտահայտի իր դիրքորոշումը»:

Բագրատ Եսայանն առաջարկեց այդ քննարկմանը հրավիրել նաև «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցչի, ով կարող է իրազեկել, թե որքան դաշնակցականներ են ռեպրեսիաների ենթարկվել Միկոյանի թեթև ձեռքով. «Մարդ, ով ստալինյան մարդակեր վարչակազմի օրոք եղել է առանցքային դեմքերից մեկը, մարդ, ով հատուկ նամակով դիմել է Կենտկոմ և Հայաստանում իրականացրել է ռեպրեսիաներ, քաղաքական, պետական, կուսակցական գործիչ չպետք է համարվի: Պետք է դատապարտվի նրա արարքը»:

Իսկ Նաիրա Նահապետյանը հպարտացավ Միկոյանի գործունեությամբ և ասաց, որ Հայաստանի տնտեսությունն այդ տարիներին զգալի վերելք է ապրել: Նա նշեց, որ գնահատում է Անաստաս Միկոյանի ջանքերը Հայաստանի տնտեսական զարգացման գործում. «Ես գիտեմ, թե ինչ ներդրումներ է արել Միկոյանը Հայաստանի տնտեսությունը, էներգետիկան զարգացնելու, Քաջարանի մոլիբդենային գործարանը զարգացնելու գործում և դրա համար կողմ եմ Միկոյանի արձանի տեղադրմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս