Անկախ բժիշկները կայցելեն Վարդան Պետրոսյանին. Aravot.am
«Մայիսի 5-ին՝ երկուշաբթի, ամեն ինչ պիտի անենք, որր անկախ բժիշկները կարողանան մուտք գործել Վարդան Պետրոսյանի մոտ»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ փուլում է անկախ բժիշկների այցի կազմակերպումը դերասան Վարդան Պետրոսյանի մեկուսարան, այսպես է պատասխանել Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ օրերս Վարդան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այնուհետև Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չկան մասնագիտացված բժիշկներ, ովքեր կկարողանան համապատասխան բուժօգնություն ցույց տալ իր պաշտպանյալին, ուստի պետք է կազմակերպել անկախ բժիշկների և Վարդան Պետրոսյանի հանդիպում:
Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ բժիշկների խումբը Հայաստանից է ու մանրամասնեց. «Նրանք պետք է ստուգեն ընդհանուր «Նուբարաշեն» ՔԿՀ պայմանները, պարզեն, արդյոք դրանք Վարդանի առողջության վրա բացասաբա՞ր են ազդում, թե՝ ոչ: Նրանք պետք է կոնսիլիում անեն, ստուգեն Վարդանի առողջական վիճակը և եզրակացություն տան ու ասեն՝ կամ հնարավոր է, որ Վարդանը այդտեղ մնա, կամ՝ ոչ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: