«Եթե զգամ, որ ժամանակի առումով մի փոքր թեթևանում եմ, ապա կստեղծագործեմ՝ ևս մեկ երեխա» (լուսանկարներ)

Անկեղծանում է գեղեցկուհի, երեք երեխաների մայր Գոհար Հարությունյանը

Ասում են՝ գեղեցիկ կանայք կարող են իրենց թույլ տալ ձգտել կյանքում ավելիին: Նաև ասում են՝ կյանքը սիրում է նրանց, ովքեր սիրում են կյանքը: Իսկ ի՞նչ կասի նա` Գոհար Հարությունյանը, ով, բացի իր արտաքին բացահայտ շքեղությունից, պարզապես գերում է՝ նաև իր համեստությամբ և պարզությամբ: Ժամանակին իր գրաված «Միսս Հայաստան 1998» և «Միսիս Գլոբ 2009» տիտղոսները երբեք «կուլտ» չի դարձնում և չի մեծամտանում այդ թեմայի շուրջ խոսելիս: Իրականում նա այնքան է տարված իր մայրությամբ, որ ասես չի էլ հիշում այդ ամենի մասին: Իր կյանքի ամենամեծ նվաճումն, անշուշտ, 3 զավակներին է համարում: Եվ որքան էլ պաշտում է իր բալիկներին, միևնույն է, ինչպես ցանկացած մայր՝ անկեղծորեն խոստովանում է, որ փոքրիկների մասին հոգատարության լարվածությունից դարձել է դյուրագրգիռ և առհասարակ շատ է փոխվել: Սակայն զարմանալին այն է, որ այդ ամենից հետո նա դեռ պատրաստ է նորից ու նորից երեխաներ ունենալ:

Gohar Harutyunyan (3)

– Գոհար, այս տարի Ձեր ամուսնու հետ ներկա էիք Սոչիում տեղի ունեցած Օլիմպիական խաղերին: Ձեզանից ո՞վ է սպորտի սիրահար, թե՞ այցը գործնական բնույթ էր կրում:

Կարդացեք նաև

– Ձմեռային սպորտի սիրահար չենք ո՛չ ես, ո՛չ էլ ամուսինս: Պարզապես Սոչին մեզ համար շատ հարազատ քաղաք է: Հաճախ ենք այնտեղ լինում, քանի որ ամուսնուս եղբայրն ապրում է Սոչիում և, բացի այդ, շատ ընկերներ ունենք այնտեղ: Իրականում ինձ ավելի շատ հետաքրքիր էր, թե ինչպես էին կառուցել Օլիմպիական քաղաքը, և իսկապես հիացած էի թե՛ քաղաքով և թե՛ խաղերով:

Gohar Harutyunyan (9) Gohar Harutyunyan (11)

– Բացի երեք հրաշալի երեխաների դաստիարակությունից, է՞լ ինչով եք զբաղվում:

– Ժամանակ առ ժամանակ աշխատանքային նախագծեր կազմվում են, սակայն այդպես էլ մնում են թղթի վրա, քանի որ 1-6 տարեկան 3 երեխա ունենալը չափազանց աշխատատար և պատասխանատու է: Հատկապես, որ իմ երեխաները շատ դժվար են մեծանում և շատ ակտիվ են: Յուրաքանչյուրին պետք է տալ սեր, ուշադրություն, խնամք, դաստիարակություն և, միևնույն ժամանակ՝ վայելել: Երեխաները խոտ չեն, որ ինչպես պատահի՝ մեծանան: Այն ամենը, ինչ ծնողը չի տալիս իր երեխային, հետագայում բացահայտ կերպով անդրադառնում է երեխայի վարքագծի, աշխարհայացքի և ապագա կյանքի վրա: Շատ կարևոր է, որ երեխան զգա ծնողների սերը, ջերմությունը… Նախքան ամուսնությունը ես շատ եմ աշխատել և ամուսնացել եմ արդեն հասուն տարիքում և շատ եմ երազել երեխաներ ունենալ: Եթե զգամ, որ ժամանակի առումով մի փոքր թեթևանում եմ, ապա կստեղծագործեմ` ևս մեկ երեխա:

Gohar Harutyunyan (6) Gohar Harutyunyan (10)

– Եթե չեմ սխալվում՝ բազում անգամներ մասնակցել եք բարեգործական միջոցառումների: Սակայն հանրության մեջ տարածված կարծիք կա, որ առհասարակ բարեգործության անվան տակ շատ կազմակերպություններ և անհատներ պարզապես փող են լվանում:

– Բարեգործական միությունների հետ կապ ունեցել եմ դեռևս ԱՄՆ-ում: Շատ մեծ աշխատանք էին տանում միության անդամները, որ օգնություն ուղարկեին Հայաստանի մանկատներին և այլ կարիքավոր ընտանիքներին: «Փող լվանալու» առումով տեղեկություն չունեմ, բայց իրենց աշխատանքի արդյունքները տեսել եմ անձամբ` առանց զգուշացնելու այցելելով մանկատներ, որպեսզի տեսնեմ, թե ինչ որակի սնունդով են ապահովում երեխաներին: Բոլոր մանկատները գոյատևում են՝ շնորհիվ արտերկրում ապրող մեր բարերարների օգնության:

Gohar Harutyunyan (2) Gohar Harutyunyan (7)

Իսկ այստեղի կազմակերպություններից ծանոթ եմ միայն «Օրրանին» և համոզված եմ, որ շատ ազնիվ են իրենց գործունեության մեջ: Նրանք մեծ մարդասիրական գործ են անում: Եթե իրենք իրենց բարերարներին ամեն տարի մանրակրկիտ հաշվետվություն չտային, նույն այդ մարդիկ նորից և նորից չէին մասնակցի և գումարներ չէին հատկացնի: Միացյալ Նահանգներ առաջին անգամ մեկնեցի հենց բարեգործական միության հրավերով: Ելույթ ունեցա բարեգործական ճաշկերույթ-դրամահավաքին` Վանաձորի մանկատան համար: Հավատացեք, բոլոր մեր մանկատները լավ վիճակում են՝ շնորհիվ բարերարների: Այդ մարդիկ մեծ ուժ, եռանդ և ժամանակ են տրամադրում մեր երկրում բարեփոխումներ կատարելու համար: Կան մարդիկ, որոնք ամեն ինչի մեջ միայն խարդախություն են տեսնում:

Gohar Harutyunyan012 Gohar Harutyunyan (5)

– Որպես այդ ամենին ներսից ծանոթ մարդ՝ կարո՞ղ եք վստահաբար ասել, որ այդ գումարները, որոնք հավաքվում են նմանօրինակ հիմնադրամների միջոցով, իրապես տեղ են հասնում ու օգնում կարիքավորին:

– Ես միանշանակ ոչինչ չեմ կարող ասել: Ներքին խոհանոց է, որտեղ ես երբեք չեմ եղել: Բայց ես տեսել եմ, թե որքան են օգնում բարերարները: Որևէ բարեգործական միություն չի կարող երկար գոյատևել, եթե նա մանրակրկիտ հաշվետվություն չներկայացնի իր բարերարներին: Այլ դեպքում այդ մարդիկ պարզապես հաջորդ անգամ չեն ցանկանա օգնել:

– Առհասարակ ի՞նչն է ստիպում մարդուն զբաղվել բարեգործությամբ: Դա արվում է, ինչպես ասում են, սեփական հոգու հանգստությա՞ն համար, թե՞ իրոք մարդ կարծում է, որ մեկանգամյա օգնությամբ ինչ-որ լուրջ բան է փոխում կարիքավորի կյանքում:

– Իհարկե, մարդ իրեն միշտ բավարարված է զգում, երբ կարողանում է ինչ-որ մեկին օգնության ձեռք մեկնել: Աստվածավախ մարդիկ կարծում են, որ այն, ինչ ունեն, ի վերուստ է տրվում, և պետք է ինչ-որ մաս վերադարձնել` հոգու հանգստության համար: Սփյուռքի մեր հայրենակիցները նաև հնարավորություն են ունենում՝ հարկերի այն մասը, որն իրենք, այսպես թե այնպես, պետք է տան պետությանը, բարեգործություն անել իրենց ցանկությամբ:

Gohar Harutyunyan (4)

– Բազում անգամներ Ձեր հարցազրույցներում նշել եք, որ Ձեր ամուսինը միշտ երազել է մեծ ընտանիքի մասին: Որքանո՞վ եք պատրաստ իրականացնելու նրա մեծ երազանքը:

– Բնականաբար, այդ հարցում կնոջ ուսերին ավելի մեծ բեռ է դրված ի վերուստ` երեխաներ ունենալ և մեծացնել: Դրա համար փորձում եմ մի քիչ մեծացնել երեխաների միջև տարիքային տարբերությունը: Ինչ վերաբերում է ամուսնուս շատ երեխաներ ունենալու ցանկությանը, ապա ասեմ, որ նա ուզում է, որ ամեն տարի տարեդարձին ես նրան նույն նվերը մատուցեմ` երեխա: Ամուսինս շատ հանգիստ է, երբ երեխաները լացում են, հիվանդ են կամ թեկուզ կիսախնամ վիճակում են: Նա երբեք խուճապի չի մատնվում, շատ հավասարակշռված է: Ես այդ հարցում այլ տեսակետ ունեմ: Ես ձգտում եմ, որ ընտանեկան կյանքում ամեն ինչ կատարյալի հասցված լինի: Դա ինձ հեշտ չի տրվում, ինչպես և շատ կանանց: Այդ պահերին ես շատ նեղվում եմ, ծանր եմ տանում և հայտարարում եմ, որ հաջորդ երեխան կունենանք, երբ փոքրիկները հնարավորինս ինքնուրույն կդառնան: Շատ կարևոր է, որ կինն առողջ և եռանդուն լինի, մնացածն իրականանալի է` մեծ ցանկության դեպքում:

– Շատ հայ տղամարդիկ մինչև առաջին երեխայի լույս աշխարհ գալն ասում են, որ պետք է ֆուտբոլի հավաքական կազմեն իրենց երեխաների քանակով: Սակայն նորածնի պարգևած մեկ շաբաթ անքնության թերապիայից հետո կարծիքը կտրուկ փոխում են: Ձեզ մոտ ինչպե՞ս է իրավիճակն այդ հարցում:

– Ամուսինս օգնում է երեխաների դաստիարակության հարցում: Խնամքի հարցում օգնում է այնքանով, որ միշտ ունեցել ենք դայակներ, ովքեր իմ հոգսերը, բնականաբար, թեթևացրել են: Ամուսինս սիրում է մեր մեծ երեխաների հետ խաղալ, զբաղվել, զբոսնել մեր դստրիկների հետ: Փոքրիկի հետ այդքան էլ հետաքրքիր չէ նրա համար, այդ է պատճառը, որ երկար չի զբաղվում հետը: Կան բաներ, որոնք ամուսինս կտրականապես չի անի, օրինակ՝ տակդիր երբեք չի փոխի, երեխաներին բժշկի չի տանի երբեք: Բայց, միևնույն է, եղել են պահեր, երբ հաստատ իմանալով, որ պետք չէ դիմել, փորձել եմ՝ մտածելով, որ միգուցե կօգնի… Առհասարակ միշտ աշխատում ենք մեր որոշումների, հոգսերի մասին խոսել միմյանց հետ, հասկանալ իրար… Այդպես հեշտ է ապրել:

Gohar Harutyunyan (1)

– Լռությունն ամուսնական կյանքում կարող է այնպիսի պատ շարել ամուսինների միջև, որ տարիների հետ ավելի ու ավելի է դժվարանում այն քանդելը: Սակայն երկկողմանի աղմուկ-աղաղակն էլ, երբ ամուսինները դադարում են իրար լսել, մի բան չէ: Ձեզանից ո՞վ է «բամբակ», և ո՞վ՝ «զանգակ»:

– Սկզբնական շրջանում ամուսինս էր զանգակ, ես` բամբակ: Հետո դերերով փոխվեցինք: Նա դարձել է շատ հանգիստ, հավասարակշռված և զուսպ: Իսկ ես` երեխաներին անփորձանք և ճիշտ մեծացնելու լարվածությունից, շատ եմ փոխվել, դյուրագրգիռ և լարված եմ դարձել:

– Ձեր ֆեյսբուքյան էջում շատ հետաքրքրական լուսանկարներ կան: Առհասարակ, սոցիալական ցանցերում այսօր արդեն կարելի է տեսնել անգամ այնպիսի լուսանկարներ, որոնք շատ անձնական են, երբ թվում է, թե այդ ամենը հանրությանը պետք չէ ցուցադրել: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին:

– Նկարների տեղադրման առումով ես շատ պարզ եմ, շատ չեմ մտածում՝ ճի՞շտ է, թե՞ սխալ: Ես կարծես չեմ ընդունում ինձ` որպես հանրային մարդ: Ես միշտ էլ շատ անմիջական եմ եղել. այն, ինչ մարդկային է, հարազատ է նաև ինձ: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ի՞նչն է ճիշտ, և ի՞նչը՝ սխալ: Եվ յուրաքանչյուրի որոշումն ինձ համար ընդունելի է: Եթե մարդիկ իրենց երեխաների լուսանկարները չեն տեղադրում, ասում են, թե մտավախություն ունեն, որ երեխաներին աչքով կտան, ես անձամբ երբեք նման բաների չեմ հավատացել: Միևնույն ժամանակ, երբեք չեմ մեղադրել այդ մարդկանց: Ի վերջո, յուրաքանչյուրս մեր կյանքն ունենք և մեր աշխարհայացքը: Ոչ ոք իրավունք չունի դիմացինին մեղադրելու և իր տեսակետը պարտադրելու:

Տեսանյութեր

Լրահոս