Իշխանության ազատության օրը
Այսօր աշխարհը նշում է Մամուլի ազատության միջազգային օրը: Նշում ենք նաև մենք՝ Հայաստանում: Այսինքն՝ ոչ թե նշում ենք, այլ ձևացնում ենք, թե նշում ենք, որովհետև խելամիտ չէ նշել ինչ-որ բանի տոնը, որը գոյություն չունի: Ոչ թե ֆորմալ, այլ բովանդակային իմաստով: Մամուլի ազատության միջազգային օրը նշում ենք այնպես, ինչպես հուլիսի 5-ին նշում են Սահմանադրության օրը: Դա ընդամենը ոչ աշխատանքային հերթական օր է և հեռու է տոն լինելուց, որովհետև Հայաստանում Սահմանադրությունը բոլոր ժամանակներում ամենաշատը ոտնահարված օրենքն է: Մայր օրենքը:
Հայաստանի հանրային-քաղաքական խորքային խնդիրներից մեկը ձևի և բովանդակության անհամապատասխանությունն է: Սարսափելի անհամապատասխությունը: Ձևը հասցված է առավելագույնի՝ գրեթե կատարելության աստիճանի առավելագույնի, ի հաշիվ բովանդակության: Ասվածի ամենատեսանելի օրինակներն արտահայտվում են «ժողորդավարության ինստիտուտների» անվան տակ գործող համակարգերում՝ կուսակցություններ, ընտրություններ, իշխանության հակակշիռներ, ի վերջո, նաև մամուլ:
Կուսակցական համակարգը բովանդակությամբ աղճատվել է այնքան, որքան հնարավոր է: Չնչին բացառություններով, հայաստանյան բոլոր՝ ինչպես իշխանական, այնպես էլ՝ որպես ժողովրդավարության ջահակիրներ ներկայացող ընդդիմադիր կուսակցություններում գերակայում է անձնիշխանությունը, անհատի պաշտամունքը, «կուսակցական ժողովրդավարության» անվան տակ այդ միավորները ծառայում են անհատի, լավագույն դեպքում՝ մի քանի անհատների շահերին ու կամքին: Ներքին բովանդակությամբ դեգրադացված այդ կուսակցությունները մասնակցում են ընտրություններին և հայտնվում կա՛մ խորհրդարանում, կա՛մ նախագահական նստավայրում ու Կառավարության շենքում:
Ընտրությունների մեխանիզմն էլ, ինչպես մյուս համակարգերը, բովանդակության հաշվին՝ ձևի մեջ հասցվել է կատարելության. ընտրությունից ընտրություն իշխանությունն ընտրակեղծարարության մեքենան կատարելագործել է այնպիսի ճշգրտությամբ ու պրոգրեսով, ինչպես «Daimler Chrysler»-ն է ամեն տարի կատարելագործում «Mercedes-Benz»-ի յուրաքանչյուր նոր մոդել: Բայց, ի տարբերություն «Mersedes»-ի, որի յուրաքանչյուր նորն իր մեջ նորույթ է կրում ինչպես՝ արտաքին տեսքի, այնպես էլ՝ բովանդակության՝ ֆունկցիոնալության տեսանկյունից, հայկական ընտրությունները զարգանում են միայն ձևի մեջ: Ընտրակեղծարարությամբ զբաղվում են ոչ միայն ու արդեն ոչ այնքան թաղի խուժանը, որքան անձնագրային տվյալները կեղծող, ձայների հաշվարկները մանիպուլյացնող ուսյալ մասնագետները:
Բայց բովանդակությունը դրանից չի փոխվում: Նախկինում «լավ տղեքն» էին ապահովում իշխանության կուսակցության և իշխանության թեկնածուի «հաղթանակը», հիմա՝ լավ «հաշվետարները»: Նույնը վերաբերում է «իշխանության հակակշիռ» կոչվածին՝ իշխող կուսակցությունն է նշանակում բոլորին բոլոր տեղերում: Կառավարությունը ՀՀԿ-ինն է, համայնքապետերը ՀՀԿ-ինն են, դատավորները նախագահականինն են, այսինքն՝ կրկին ՀՀԿ-ինը, վերահսկողական ֆորմալ գործառույթներ ունեցող մարմինների ղեկավարները նույնպես ՀՀԿ-ինն են՝ առանց կուսակցական կրծքանշանի:
Իսկ որքանո՞վ վերը նշվածը կապ ունի մամուլի հետ: Ուղղակի՝ գուցե ոչ այնքան: Բայց մամուլն էլ իր ֆունկցիոնալությամբ հասցվել է այն մակարդակին, ինչ ընտրությունները, ինչ իշխանության ձևավորման ու որոշումների կայացման գործընթացի վրա քաղաքացու ազդեցությունը: Մամուլն արտահայտման ձևի մեջ իսկապես ազատ է, գուցե այնքան ազատ, որքան արևմտյան՝ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում:
Բայց այդ ազատությունը որևէ գործնական հետևանք չի ունենում: Կարելի է գրել ամեն ինչի, բոլոր պաշտոնյաների բոլոր հանցագործությունների, կոռուպցիոն գործարքների, ամենաթողության մասին: Եվ ի՞նչ: Արդյո՞ք մամուլի որևէ հրապարակման արդյունքում որևէ պաշտոնյա աշխատանքից ազատվում է կամ պատասխանատվության է ենթարկվում: Իհա՛րկե ոչ: Լավագույն դեպքում, մամուլի անգամ ամենասկանդալային հրապարակումները քննարկման նյութ են դառնում սոցիալական ցանցերում, ու վերջ: Օրինակները թվարկելու համար մամուլի հրապարակման համար նախատեսված ծավալները չեն բավարարի: Այդ օրինակները կան մեր ցանկացած լրատվամիջոցի ամեն օրվա հրապարակումներում:
Այսինքն՝ մամուլի դերակատարությունը, կրկնում ենք, գործառութային իմաստով հասել է զրոյականի: Այն ունի միայն արտաքին, ցուցափեղկային նշանակություն: Եվ անգամ իշխանությանն ուղղված ամենասուր քննադատությունը ծառայում է նույն իշխանությանը՝ աշխարհին Հայաստանի «կայացած ժողովրդավարությունը» ցուցանելու համար:
Այնպես որ, մայիսի 3-ը Հայաստանում իրականում պետք է նշվի ոչ թե՝ որպես Մամուլի ազատության, այլ՝ որպես մամուլից՝ իշխանության ազատության, կամ, որ նույնն է՝ իշխանության ամենաթողության հաղթանակի օր: Այդպես գոնե տարվա մեջ մի օր բովանդակությունը կհաղթանակի ձևին: