Բաժիններ՝

Էրդողանը պարզաբանել է, թե ինչու է Թուրքիայում անհնար մահապատժի վերականգնումը

Թուրքական Haber7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուազզինօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում կարող են վերականգնել մահապատիժը: Նախարարի խոսքերով՝ Թուրքիայի պետական մարմինները ներկայումս դիտարկում են երկրում մահապատժի վերականգնման հարցը:

Նախարարը մահապատժի վերականգնումը համարում է անհրաժեշտ՝ ելնելով նրանից, որ վերջին երկու ամսում Թուրքիայում բռնաբարել և սպանել են 4 երեխայի: Սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ի առջև Թուրքիայի ստանձնած պարտավորությունները չեն տալիս երկրում մահապատիժը վերականգնելու հնարավորություն:

Էրդողանի խոսքերով՝ ներկայումս Թուրքիայի կառավարությունն Արդադարադատության նախարարության հետ աշխատում է ցմահ ազատազրկման մասին օրինագծի վրա՝ դա անհրաժեշտ համարելով երեխաների հետ պատահած նույն դեպքերի պատճառով:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մահապատիժը (կախաղան բարձրացնելը) վերջնականապես վերացվել է Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժամանակաշրջանում` 2006 թվականին (թիվ 5218 օրենքի հիման վրա):

Չնայած դրան` վերջին մահապատիժն ի կատար է ածվել 1984 հոկտեմբերի 25-ին: Դրանից հետո կայացված մահապատժի վճիռները, չհաստատվելով թուրքական խորհրդարանի կողմից, ի կատար չեն ածվել: Ավելին, 1991 թվականին մահվան դատավճիռ ունեցող 500 բանտարկյալների պատժաչափը նվազեցվեց մինչև 10 տարի ազատազրկման:

1920-1984 թվականներին Թուրքիայում իրականացվել է 712 մահապատիժ, որոնցից 15-ը վերաբերել է կանանց: Միևնույն ժամանակ, թուրքական դատարանների կողմից կայացված և խորհրդարանի կողմից չհաստատված մահապատիժների քանակը տատանվում է 1500-2000-ի միջև: Մահապատիժները կիրառվել են 18-65 տարեկանների հանդեպ:

Թուրքիայում վերջին մահապատժի ենթարկվածների թվում է նաև ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) հերոսներից Լևոն Էքմեքչյանը` 1983 թվականի հունվարի 28-ին, Անկարայում:

1990-ական թվականներին կայացված մահապատժի դատավճիռներից ամենահայտնին գրանցվեց 1999 թվականի հունիսի 29-ին, երբ «նման բախտի» արժանացավ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: Նոյեմբերի 25-ին Թուրքիայի Գերագույն դատարանը ԵՄ-ի ճնշման տակ բեկանեց այդ վճիռը:

1999 թվականի հունիսի 29-ին թուրքական դատարանը Թուրքիայի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով («ահաբեկչական կազմակերպություն հիմնել և ղեկավարել») Օջալանին դատապարտեց մահվան: Դա բողոքի մեծ ալիք բարձրացրեց քրդերի շրջանում և ԵՄ-ում, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1999 թվականի նոյեմբերի 25-ին բեկանեց այդ վճիռը՝ այն փոխարինելով ցմահ ազատազրկմամբ:

2010 թվականի ամռանը Թուրքիայի արդարադատության նախկին նախարար (1999–2002) Հիքմեթ Սամի Թուրքը, պարզաբանելով, թե ինչու ժամանակին իրենք մահապատժի չենթարկեցին Օջալանին, հայտարարեց, որ այն ժամանակ իրենք Օջալանի հետ միասին պետք է կախաղան բարձրացնեին ևս 60 հոգու, բայց քանի որ դրանով ԵՄ-ին անդամակցել հավակնող Թուրքիան կվերածվեր կախաղանների երկրի, ուստիև իրենք հրաժարվեցին այդ գաղափարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս