Բաժիններ՝

Իրանահայ լրագրող. «Ինչքանո՞վ կարելի է դա համարել ազատ մամուլ, եթե լրատվամիջոցներում ոչ կուսակցական աշխատող չի կարող լինել» (տեսանյութ)

«Մամուլի ազատության ինդեքսով հայտարարվել է, թե Հայաստանն ինչ խայտառակ վիճակում է գտնվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանահայ լրագրող և «Իրանահայեր» լրատու ցանցի խմբագիր Ռուբիկ Մինասյանը: Նա նշեց, որ հաստատ իշխանությունից կգտնվեն մարդիկ, որոնք չեն համաձայնվի, սակայն դժբախտաբար, իրականում դա այդպես է, և դրա հետ չհամաձայնել չի լինի. «Քանի որ մամուլի ազատության բնագավառում, ընդհանրապես, որևէ կառավարությունից երբևէ քայլ չեմ տեսել, որ ուղղված լինի մամուլն ավելի ազատ դարձնելուն, կամ մամուլի աշխատակիցների վրա ճնշումները թեթևացնելուն»:

Խոսելով սփյուռքում հայկական մամուլի մասին, Ռ. Մինասայնը նշեց, որ մի քիչ բարդ է սփյուռքի հայկական մամուլի մասին խոսելը. «Համայնքներում լրատվական ցանցերը կամ մամուլը ենթակա են թե´ տվյալ երկրի սահմանափակումներին (ասենք՝ Սիրիայում, Լիբանանում և այլն), թե´ այն, ինչ բնորոշ է հայկական մամուլին: Կարելի է ասել, որ խիստ կուսակցականացված է սփյուռքի մամուլը, որը շատ դժվար կարող է անկախ լինել: Ասենք, Դաշնակցության հրատարակած մամուլը Ամերիկայում, Լիաբանանում: Չգիտեմ` ինչքանո՞վ կարելի է դա համարել ազատ մամուլ, եթե նույնիսկ նման լրատվամիջոցներում ոչ կուսակցական աշխատող չի կարող լինել: Արդեն ազատ մամուլի մասին խոսելն ավելորդ է»:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքով` անշուշտ, լրագրողի գործը միշտ եղել և մնում է ամենավտանգված մասնագիտություններից և դա վերաբերում է բոլոր երկրներին. «Հստակեցնենք, որ ընդհանուր առմամբ, երբ մենք խոսում ենք ազատ մամուլի մասին, մենք սովոր ենք խոսել միայն պետության վերաբերմունքի մասին: Պետական քաղաքականությունը միշտ բոլոր երկրներում միշտ փոխվել է հասարակության, մասնավորապես, ազատ լրագրության ճնշման ներքո: Մենք այստեղ ունենք խնդիրներ: Եթե մենք ամեն անգամ ասենք, որ մեզ ճնշում են և չի շարժվում սայլը տեղից, մենք չենք հասնելու փոփոխության: Իսկ ցանկացած հասարակության խնդիրը միշտ պետք է լինի անել դրական փոփոխություն»:

Լ. Ալավերդյանն ուրախ է, որ Արցախը կարողացել ենք անկախացնել Ադրբեջանից, բայց այն խնդիրները որոնք պետք դրված լինեն (ժողովրդավարություն, ազատություններ և առաջին հերթին՝ խոսքի ազատություն) մեզ համար դեռ առ այսօր անլուծելի խնդիրներ են. «Այն, որ բազմազան կարծիքները տպվում են, ողջունելի է, դա այն նվաճումն է, որը մենք պետք է ընդգծենք: Ի վերջո, եթե համեմատենք մամուլը, լինի դա 20 տարի առաջ, էլ չեմ ասում՝ սովետական շրջանում, մենք հասկանում ենք, որ ներքևից այդ զարգացումը գնում է: Տեխնոլոգիաները և մնացյալ այդ բաց աշխարհի իրողությունը օբյեկտիվորեն բերում են ավելի ազատորեն արտահայտվելու և խոսելու: Մինչև անգամ եթերի մասին, որ խոսենք, մենք արդեն գիտենք, որ մենք հիմա, գոնե, եթերով` տարբեր ալիքներով, կարող ենք լսել տարբեր կարծիքներ: Բայց այն, որ պետության կողմից չի փոխվում այդ կարծրատիպը՝ դա, անշուշտ, այդպես է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս