Միայն յուրաքանչյուր 7-րդ մարդն է ապրում «ազատ» մամուլ ունեցող երկրներում. Freedom House-ի զեկույցը
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության մասին» իր հերթական զեկույցը, որում գնահատական է տրվել 197 երկրում ԶԼՄ-ների ազատություններին:
Զեկույցի համաձայն, աշխարհում մամուլի ազատությունը նվազել է վերջին տասնամյակի նվազագույն մակարդակի: Դա մասնակիորեն կապված է մերձավորարևելյան մի շարք երկրների (Եգիպտոս, Լիբիա ու Հորդանան) լուրջ հետընթացով, Թուրքիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Արևելյան Աֆրիկայի մի շարք երկրներում իրավիճակի վատթարացմամբ:
ԱՄՆ-ում նույնպես տեղեկատվական միջավայրի որոշակի վատթարացում է գրանցվել: Մամուլի ազատության հարցում «ազատ» ճանաչված երկրների բնակչությունը կազմել է համաշխարհային բնակչության միայն 14 տոկոսը, «մասնակի ազատ» երկրների ցուցանիշը կազմել է 42 տոկոս, իսկ «անազատ» երկրներինը՝ 44 տոկոս: Ստացվում է, որ միայն յուրաքանչյուր 7-րդ մարդն է ապրում «ազատ» մամուլ ունեցող երկրում:
Բոլոր տարածաշրջաններում՝ բացառությամբ Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրների, մամուլի ազատության հարցում գրանցվել է անկում, ինչը մասնավորապես վերաբերում է Մերձավոր Արևելքին ու Հյուսիսային Աֆրիկային:
Չինաստանն ու Ռուսաստանը շարունակում են կոշտ վերահսկողության տակ պահել տեզի ԶԼՄ-ները: Նրանք միաժամանակ փորձում են վերահսկել առավել անկախ հայացքները, որոնք դրսևորվում են կա՛մ բլոգների ոլորտում, կա՛մ էլ օտար լրատվական ռեսուրսներում: Սահմանափակումներն առնչվում են նաև ինտերնետին:
Մամուլի ազատության հարցում ամենավատ ցուցանիշ ունեցող 8 երկրներն են Բելառուսը, Կուբան, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Իրանը, ԿԺԴՀ-ը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը: Ուկրաինան դասվել է «անազատ» երկրների թվին, իրավիճակն էականորեն վատթարացել է Թուրքիայում ու Ադրբեջանում, դրական փոփոխություններ են գրանցվել Վրաստանում ու Ղրղզստանում:
Հայաստանը ճանաչվել է «անազատ» երկիր՝ 134-րդ տեղը կիսելով Էկվադորի, Թուրքիայի, Հարավային Սուդանի, Լիբիայի հետ («անազատ» երկրներ են դասվել 132-րդ և դրանից ցածր հորիզոնական զբաղեցրած երկրները):
Եվրոպան մամուլի ազատության ցուցանիշներով տարածաշրջանների թվում առաջատարն է: Առաջատար եռյակում են հայտնվել Նիդերլանդները, Նորվեգիան ու Շվեդիան: