Բաժիններ՝

Ֆիննախը հաստատեց. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ֆինանսական չարաշահումներ են եղել. Փաստինֆո

Ինչպես տեղեկացնում է Փաստինֆոն, ՀՀ ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ֆինանսական չրաշահումներ են եղել:

Հիշեցնենք՝ շուրջ 1 ամիս առաջ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հրաժարականից հետո լուրեր տարածվեցին, թե նրա այդ քայլը հատկապես օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայտնաբերված ֆինանսական չարաշահումների հետևանք էր:

Պարզվում է` հիմնարկի անցած տարվա ծախսերում չարաշահումներ իրոք եղել են, և դրանք արդեն իսկ կառավարության որոշմամբ հաստատված փաստ են:

Երեկ կառավարությունը հաստատեց պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության՝ 2013 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ ֆինանսների նախարարության հաշվետվությունը, որում բավական մեծ տեղ է հատկացված նաև «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսական գործունեությանը:

ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը պարզել է, որ թատրոնի տնօրինությունը, օրինակ, կանխամտածած ցածր եկամուտ է ցույց տվել, ինչի արդյունքում մշակույթի նախարարությունից չհիմնավորված բարձր սուբսիդիաներ է ստացել:

Օրինակ` տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտները հաշվարկելիս մեկ տոմսի միջին գինն ընդունվել է նախորդ տարիների փաստացի միջին գնից էլ ցածր: Արդյունքում` էականորեն նվազեցվել է տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտների գումարը, որն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ սուբսիդիաների տրամադրմանը:

Բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում ստացված եկամուտներն զգալիորեն գերազանցել են կանխատեսված չափը: Իսկ պետական բյուջեից ֆինանսավորված սուբսիդիայի 4.5 մլն դրամը թատրոնի ղեկավարությունը չի էլ ծախսել, բայց ո’չ հաշվետվություններում է ցույց տվել, ո’չ էլ բյուջե է վերադարձրել:

Պարզվել է նաև, որ թատրոնը որոշ ներկայացումների դիմաց գումար է ստացել, բայց բեմադրությունը չի իրականացրել:

Օրինակ` Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության համար 2012թ. մարտի 31-ին պետական բյուջեից հատկացված գումարի դիմաց օպերայի բեմադրությունը պայմանագրով նախատեսված նախնական ժամկետում` 2013թ.փետրվարի 10-ին, չի իրականացվել, սահմանվել է պատվերի կատարման նոր ժամկետ` 2013թ. դեկտեմբերի 30-ը: Սակայն հատկացված 24 200 200 դրամի դիմաց ներկայացումն այդպես էլ չի բեմադրվել:

Եվս 1.5 մլն դրամ հատկացվել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» ստեղծման 75-ամյակի հոբելյանական միջոցառումների ծախսերի համար: Այս գումարի ծախսը ֆինանսների նախարարության կողմից ևս որակվել է իբրև անարդյունավետ ծախս:

Արձանագրվել է նաև, որ պետական բյուջեից հատկացված գումարների հաշվին առանձին ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումները թատրոնի ղեկավարությունը իրականացրել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումով:

Այդուհանդերձ, պնդել, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը գործել է առանց մշակույթի նախարարության գիտության, թերևս, ճիշտ չի լինի, քանի որ այս գերատեսչությունում կատարված ստուգումների արդյունքում էլ նոր փաստեր են հայտնաբերվել, որոնք նույնպես կապված են օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս