
Ապրելակերպի փոփոխության կարևորությունն ուռոլոգիայում

Ապրելակերպի փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ մի շարք ուռոլոգիական հիվանդությունների ընթացքի վրա` նպաստելով հիվանդության կանխարգելմանն ու հիվանդների վիճակի բարելավմանը:
Ապրելակերպի փոփոխության օրինակներից են` չծխելը, ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի չափավոր օգտագործումը, հատուկ սննդակարգի պահպանումը և այլն:
Կան մի շարք ուռոլոգիական հիվանդություններ, որոնց բուժման կամ կանխարգելման համար կարևոր է նաև ապրելակերպի փոփոխությունը:
Էրեկտիլ դիսֆունկցիայի, շագանակագեղձի ադենոմայի, միզաքարային հիվանդության, ինչպես նաև ստորին միզուղիների ախտանիշերի դեպքում մեծ նշանակություն ունի ապրելակերպի փոփոխությունը:
Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման ուղեցույցերի մեջ առաջնային տեղ է զբաղեցնում ապրելակերպի փոփոխությունը: Գիրությունը, շաքարային դիաբետը, ծխախոտը, նստակյաց կյանքը և զարկերակային հիպերտենզիան համարվում են էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառներ: Հետևաբար` ճարպային սնունդ չօգտագործելը, ֆիզիկական ակտիվությունը, չծխելը, սթրեսներից խուսափելը, աղի և ալկոհոլի չափավոր օգտագործումը, կարող է բարերար ազդեցություն ունենալ տղամարդու սեռական առողջության վրա:
Բանջարեղենի հաճախակի օգտագործումը կարող է կանխարգելիչ դեր ունենալ շագանակագեղձի քաղցկեղի համար:
Կծու համեմունքների և սուրճի չափավոր օգտագործումը կարող է բարերար ազդեցություն ունենալ ստորին միզուղիների բորբոքումների պարագայում:
Օրվա ընդունման հեղուկի քանակի ավելացումը մինչև 2.5 լիտր, կարմիր մսի չափավոր օգտագործումը, մեծ քանակի ցիտրատների ընդունումը, ձկան յուղի օգտագործման ավելացումը և չափավոր օքսալատային սնունդը կանխարգելիչ դեր կարող են ունենալ միզաքարային հիվանդության ժամանակ:
Այսպիսով, հարկավոր է գիտակցել ապրելակերպի փոփոխության կարևորությունը և հետևել այս խորհուրդներին:
www.urolog.am
Ռաֆֆի Ջանեցյան, ուռոլոգ