Բաժիններ՝

Ախտորոշումը՝ երևանյան հիվանդություն

Մեր պաշտոնյաները մշտապես խոսում են տարածքների համաչափ զարգացման մասին, սակայն տնտեսությունը շարունակում է կենտրոնանալ մայրաքաղաքում։ Այն, որ պատկերն այս առումով չի բարելավվում, վկայում են անգամ պաշտոնական տվյալները։

Օրինակ` մանրածախ առևտրաշրջանառության ցուցանիշների մասին բազմիցս է գրվել` Ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված տվյալներից երևում է, որ այս տարվա առաջին եռամսյակում Երևանին բաժին է ընկել մանրածախ առևտրաշրջանառության 81.8%-ը։ Սակայն այս անհամաչափությունը երևում է նաև այլ աղբյուրներից։

Խոշորները նախընտրում են Երևանը
Մասնավորապես, հարկային վիճակագրությունից։ ՀՀ ՊԵԿ հարկային ծառայությունը երեկ հրապարակել է 2014թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, և որոշեցինք այս անգամ այդ ցանկը դիտարկել ոչ թե` ըստ առանձին ընկերությունների, ոլորտների կամ հարկատեսակների, այլ` ըստ տարածաշրջանների։ Այսինքն` տեսնել, թե որ մարզին որքան հարկեր են բաժին ընկնում։ Նշենք, որ նման կտրվածքով, որքան հիշում ենք, հարկատուների ցուցակը չի դիտարկվել։ Արդյունքները թեպետ սպասելի էին, այդուհանդերձ, բավականին ուշագրավ։

Եվ այսպես, առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 154.3 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։

1000 խոշոր հարկատուներից 790-ը գրանցված է Երևանում։ Ընկերությունների քանակով երկրորդ տեղում Կոտայքի մարզն է` 52 ընկերություն, երրորդում` Արարատի մարզը` 31 ընկերություն։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Տավուշի մարզը խոշոր հարկատուների ցանկում ներկայացված է ընդամենը 2 ընկերություններով։

harker-tiv1

Ընկերությունների թվաքանակից շատ ավելի կարևոր է մուծված հարկերի մեծությունը։
Եվ այսպես, ինչպես նշեցինք, առաջին եռամսյակում խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 154.3 միլիարդ դրամ։ Այդ գումարի առյուծի բաժինը` 125.7 միլիարդը (81.46%), բաժին է ընկնում Երևանին։

Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է։ Այս մարզի 52 ընկերությունները միասին պետբյուջեն համալրել են 9 միլիարդ 639 միլիոն դրամով։ Սյունիքի մարզը երրորդ տեղում է` 7 միլիարդ 237 միլիոն դրամ (4.69%)։
Մարզերի մեծ մասը (6 մարզեր) բավականին թույլ են հարկային ցուցանիշների առումով. նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում ընդհանուր հարկային մուտքերի 1%-ը և դրանից քիչ։ Տվյալները ներկայացված են նկարում:

harker-tes-kshir2

Տարածաշրջանային առաջատարները
Յուրաքանչյուր մարզում կան 1-2 առաջատար հարկատուներ, որոնք ապահովում են հարկահավաքման պլանը։ Երևանի և հանրապետության խոշորագույն հարկատուն առաջին եռամսյակում «Գազպրոմ-Արմենիան» է, որը պետբյուջե է վճարել 17.7 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ Երկրորդ տեղում «Ալեքս Գրիգն է»` 5.2 միլիարդ դրամ, երրորդում` «ԱրմենՏելը»` 4.2 միլիարդ դրամ։

Նշենք նաև, որ առաջին եռամսյակում 1 միլիարդ դրամից ավելի հարկեր մուծել է 23 ընկերություն, որոնցից 16-ը գրանցված է Երևանում։
Սյունիքի մարզում առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` շուրջ 3 միլիարդ դրամ, և «Դանդի փրիշս մեթալսը»` 1.4 միլիարդ դրամ։ 865 միլիոն դրամի հարկեր է մուծել Ագարակի պղնձամոլիբդենայինը։
Կոտայքի մարզում ամենախոշոր հարկատուներն են «Տրանսգազը» (1.837 միլիարդ դրամ), «Օնիրա քլաբը» (1.178 միլիարդ դրամ) և Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը (1.026 միլիարդ դրամ)։

Արարատի մարզի խոշորագույն հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն» է` 1.287 միլիարդ դրամ, Արմավիրում` ՀԱԷԿ-ը` 1.243 միլիարդ դրամ։
Մյուս մարզերում խոշորագույն ընկերությունների մուծած հարկերը 500 միլիոն դրամից ցածր են։

Երբ Երևանն առաջինը չէ
Այդուհանդերձ, կա մի ցուցանիշ, որով Երևանն առաջին տեղում չէ։ Պայմանականորեն դա կարող ենք անվանել միջին հարկատվության ցուցանիշ։ Այսինքն` դիտարկենք, թե միջին հաշվով յուրաքանչյուր ընկերության որքան հարկ է բաժին ընկնում։ Այս առումով առաջատարը Սյունիքի մարզն է։ Ինչպես նշեցինք, 2014 թվականի առաջին եռամսյակում այս մարզում գործող 30 ընկերությունները միասին պետբյուջե են վճարել 7 միլիարդ 237 միլիոն դրամ։ Մեկ ընկերությանը միջին հաշվով բաժին է ընկնում 241.2 միլիոն դրամ։ Թեպետ հանուն արդարության պետք է նշենք, որ այս ցուցանիշն ապահովել է առաջատարների, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի և «Դանդի Մեթալսի» շնորհիվ։ Ընկերությունների մեծ մասի վճարած հարկերը տատանվում են 20-25 միլիոն դրամի սահմաններում։

Ինչևէ, անցնենք առաջ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, 52 ընկերություններից յուրաքանչյուրը միջինում վճարել է 185.3 միլիոն դրամ։ Ցուցանիշն ապահովվել է «Գազպրոմ Արմենիայի» մաս կազմող «Տրանսգազ» ընկերության և Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբի» վճարած հարկերի շնորհիվ։ Երրորդ տեղում Երևանն է, որտեղ գործող 790 ընկերությունները միասին վճարել են 125.7 միլիարդ դրամի հարկեր, միջինը` 159.1 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկատուների միջին ցուցանիշին` 154.3 միլիոնին մոտ ցուցանիշ է ապահովել նաև Արարատի մարզը (151 միլիոն դրամ)։ Մյուս մարզերում ընկերությունները հարկատվության առումով շռայլ չեն։

Առաջին հայացքից` հարկային ցուցանիշներն այնպես ուղղակիորեն չեն խոսում կենտրոնացվածության մասին, ինչպես, օրինակ, առևտրաշրջանառության ցուցանիշը։

Հարկատուների ցանկում նշվում է իրավաբանական հասցեն, սակայն իրականում ընկերությունը կարող է իր հիմնական գործունեությունը ծավալել այլ վայրում։
Օրինակ, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», որը վճարել է 1.2 միլիարդից ավելի, գրանցված է Մասիսում, սակայն գործունեություն է ծավալում հանրապետության ողջ տարածքում։ Սակայն ընդհանուր օրինաչափությունն այն է, որ խոշոր հարկատուները գրանցված լինելով մարզերում` իրենց եկամտի մեծ մասը ստանում են Երևանից։ Այսինքն` կենտրոնացվածությունն իրականում ավելի խորն է, քան երևում է այս ցուցանիշներից։ Բացառություն են կազմում, թերևս, միայն հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք Երևանի հետ կապ չունեն և արտահանում են իրենց արտադրանքը։

Իսկ թե ինչու է ամեն ինչ կենտրոնանում Երևանում, դա արդեն ավելի խորքային խնդիր է։ Նշենք միայն, որ ստեղծվել է կախարդական շղթայի նման ինչ-որ բան։ Երևանում կենտրոնացած է տնտեսական հիմնական շարժը, իսկ բիզնեսը ձգտում է այնտեղ, որտեղ կա ակտիվություն, այսինքն` Երևան։ Արդյունքում` կենտրոնացվածությունն ավելի է խորանում։

Լուծման տարբերակը մարզերում գործարարությամբ զբաղվելու բարենպաստ պայմանների ստեղծումն է։ Իհարկե, կառավարությունը միշտ այս մասին խոսում է, սակայն արդյունքները տեսանելի չեն։

Մի քանի հետաքրքիր տվյալ
Քանի որ խոսում ենք խոշոր հարկատուների ցանկի մասին, նշենք նաև մի քանի կարևոր փաստեր։

  • Այս տարվա հունվար-մարտին պետական բյուջե են վճարվել 223.9 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ Այսինքն` 1000 խոշոր հարկատուներն ապահովել են հարկային մուտքերի 69.5%-ը։
  • 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին եռամսյակում վճարել են 8 միլիարդ դրամով կամ 5.5%-ով ավելի շատ հարկեր, քան 2013 թվականի առաջին եռամյակում։ Ընդհանուր հարկային մուտքերն աճել են 1.7%-ով։ Սա նշանակում է, որ խոշորների հարկային բեռը փոքր-ինչ ծանրացել է։
  • 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերից 87.7 միլիարդը (շուրջ 60%-ը) անուղղակի հարկերն են։ Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 10.2%-ով, մինչդեռ ուղղակի հարկերի աճը եղել է ընդամենը 3%։
  • Մաքսային մարմինների կողմից հավաքագրված հարկերի ծավալն այս տարվա առաջին եռամսյակում նվազել է 4.2%-ով և կազմել 54.4 միլիարդ դրամ։ Սա այն գումարն է, որը գանձվում է սահմանի վրա` ներմուծման ժամանակ։ Այս նվազումը ցույց է տալիս, որ 1000 խոշոր հարկատուների կողմից ներմուծման ծավալները նվազել են։
  • 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակից 5-ը ներմուծող ընկերություններ են։
  • 2014թ. առաջին եռամսյակում հարկատուների ցանկի հայտնություն կարելի է համարել «Օնիրա Քլաբը»։ Գագիկ Ծառուկյանին պատկանող զվարճանքների կենտրոնն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 1 միլիարդ 178 միլիոն դրամի հարկեր և հանգրվանել 1000 խոշոր հարկատուների ցանկի 18-րդ տեղում։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում ընկերությունը նախավերջին` 999-րդ տեղում էր` իր վճարած 20.4 միլիոն դրամի հարկերով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս