Րաֆֆի Հովհաննիսյան. Էրդողանի հայտարարությունը Թուրքիայի ժխտողականության արդիական, վերափաթեթավորված տեսակն է

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում խոսեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով Թուրքիա կատարած իր վերջին այցելության մասին:

«Այս տարի Ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով գտնվում էի Պոլսում` Ստամբուլում, մեր հայրենակիցների, առաջադեմ թուրքերի, քրդերի և Թուրքիայի տարբեր քաղաքացիների հետ մասնակցելու Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ոչ միայն իմ տեսակետն է, այլ փաստված իրողություն, որ Հայոց Մեծ Եղեռնը ոչ միայն ցեղի սպանություն էր, այլև հայրենիքի սպանություն, հայրենազրկում, այսինքն` շատ ավելին էր, քան ցեղասպանություն: Եվ այս նախադասությունն իմ բացման խոսքն էր հանդիսանում յուրաքանչյուր հարցազրույցի, ելույթի և դասախոսության ժամանակ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ ելույթ է ունեցել Ստամբուլի մի շարք հայտնի վայրերում, մասնավորապես` «Հայդար փաշա» երկաթուղային կայարանում, որտեղից 1915 թ. սկսվել է հայ մտավորականների` Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Վարուժանը, Ռուբեն Սևակը և այլոց արտաքսումը և դեպի մահ տանելը, ինչպես նաև Թաքսիմ հրապարակում, որտեղ կազմակերպվել էր կենտրոնական միջոցառումը:

Այս համատեքստում Րաֆֆի Հովհաննիսյանը չշրջանցեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի` վերջին հայտնի հայտարարությունը: Նա նշեց, որ տարբեր միջազգային լրատվամիջոցներին տված իր հարցազրույցների «մեխը» հենց Էրդողանի հայտարարությունն է եղել:

Ր. Հովհաննիսյանի խոսքով` այն նախադեպային էր այն իմաստով, որ Թուրքիայի վարչապետը, թեև համատեքստից դուրս, խուսափելով «ցեղասպանություն» եզրից, այնուամենայնիվ, «ցավակցություն» հայտնեց: «Ժառանգության» ղեկավարի խոսքերով` այդ «ցավակցությունը» շատ լավ է ընդունվել պոլսահայության կողմից` որպես նոր պատուհան դեպի զարգացումներ, սակայն ընդհանուր առմամբ` Ցեղասպանությունից տուժածների սերունդները խիստ վերապահումով են վերաբերում Էրդողանի կողմից «ցավակցություն» եզրի օգտագործմանը:

Միաժամանակ նա ընդծեց, որ Էրդողանի հայտարարությունն ավելի շատ քարոզչական նպատակներ ուներ:

«Կարող է ծայրահեղական թվալ, բայց ես կարծում եմ, որ սա Թուրքիայի ժխտողականության արդիական, վերաիմաստավորված, վերափաթեթավորված տեսակն է, որը շատ լավ է հնչում արևմտյան ականջներին: Այս անգամ նրանք չսպասեցին, որ Օբաման կամ մեկ ուրիշը «Մեծ Եղեռն» ասի կամ այլ եզրույթ օգտագործի, իրենք առաջինը ելույթ ունեցան: Կարծում եմ` սա, ինչպես ամերիկացիներն են ասում, «damage controll» էր` վնասների նվազեցում` 100-ամյակի նախաշեմին, որպեսզի երևա, որ Թուրքիայում կա ինչ-որ փոփոխություն: Եթե այդ փոփոխությունն անկեղծ է, մենք մինչև 100-ամյակը կտեսնենք այլ քայլեր Թուրքիայի կառավարության կողմից: Բայց հիմնական մեխը այն է, որ հայ ժողովրդի իրավունքները պետք է վերականգնվեն սեփական հայրենիքի նկատմամբ… Ժխտողականությունն ուժի մեջ է, քանի դեռ օգտագործվում է «ցավակցություն» բառը»:

Տեսանյութեր

Լրահոս