ԲՀԿ-ի հերթական ուրացումը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կրկին փորձություն դարձավ քաղաքական դաշտի և հատկապես ոչ իշխանական հատվածի համար։ Հերթական անգամ «արյան կանչով» իշխանության գիրկը նետվեցին իր տեղն ընդդիմադիր դաշտում ապահոված ԲՀԿ-ն և օրերս ընդդիմության մկրտությունն ստացած ՕԵԿ-ը։

Եթե ՕԵԿ-ի դավաճանությունը սովորականի պես ընկալվեց, ապա ապշեցնող էր ԲՀԿ-ի պահվածքը. պարզվեց, որ ոչ վաղ անցյալում գործադիր իշխանության ղեկավար Տիգրան Սարգսյանի բմբուլները քամուն տվող ԲՀԿ-ի նախընտրած ԱԺ նախագահի թեկնածուն իշխանության թեկնածուն է։

Այլընտրանք հռչակված ԲՀԿ-ն ոչ միայն դավաճանեց դաշնակիցներ՝ հրաշալի քառյակի մաս կազմող կուսակցություններին և մասնակցեց խորհրդարանի խոսնակի ընտրությանը, այլև մոտ 30 հոգով միաձայն քվեարկեց ոչ թե Հրանտ Բագրատյանի, այլ Գալուստ Սահակյանի օգտին։ Քանի որ առանց նման «պադդերժկայի» անհնար կլիներ Գալուստի համար 101 կողմ ձայն ապահովել խորհրդարանում, և վտանգ կար, որ ներկա 68 հանրապետականները «պրավալ» կտան իշխանության կարևոր օպերացիան։

ԲՀԿ-ից խմբակցության պաշտոնական տեսակետ ներկայացվեց, թե իրենք այդքան էլ չեն կարևորում այդ ընտրությունը և ազատ են թողել դրանք, իսկ քառյակի հետ միասնական թեկնածու չառաջադրելու վերաբերյալ էլ նույն չհիմնավորված լոլոներն էին տարածում, թե քառյակում չեն քննարկել այդ հարցը։

Քառյակն ըստ ամենայնի ստեղծվել էր միայն Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար, որովհետև վերջինի պաշտոնանկությունից հետո այն անգործության է մատնվել, և որևէ միասնական օրակարգ, անգամ ԱԺ նախագահի ընտրության անշառ հարցը չեն կարողանում ձևավորել։

ԲՀԿ-ի լեդին այնպես էր ահաբեկել կուսակիցներին, որ ընտրությունից հետո բոլորը միաբերան մեր հարցերին ի պատասխան կամ կրկնում էին վերջինի խոսքերը, կամ էլ ուղղորդում դեպի նա։ Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը մեր հարցին, թե ինչ արժանիքներ ուներ Գալուստ Սահակյանը, որը չունի Հրանտ Բագրատյանը, կմկմաց, թե քվեարկությունը գաղտնի է, և ինքը որևէ բան ասել չի ցանկանում։

ԲՀԿ-ական պատգամավորն անդրդվելի մնաց նույնիսկ այն պարագայում, երբ բացատրեցինք, որ ընտրության արդյունքներից ակնհայտ է, թե ում օգտին են իրենք քվեարկել։ Մեր հաջորդ հարցն էր, թե իշխանության մեջ Տիգրան Սարգսյանից բացի կա՞ մեկը, որի դեմ ԲՀԿ-ն կարող է ուղղել իր քննադատությունը։ «Մենք քննադատել ենք կառավարությանը, և եթե այս կառավարությունն էլ նույն գիծը վերցնի, բնականաբար, ԲՀԿ-ն արտահայտելու է այն դիրքորոշումը, ինչը նախորդ ժամանակ։

Բայց տեսաք՝ Սևանի մասին օրինագծի վերաբերյալ մեր առաջարկը կառավարությունը բավարարեց, ինչպե՞ս կողմ չքվեարկեինք»,- նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանին գովելու հերթական շանսը բաց չթողեց հերթական ԲՀԿ-ականը։ Գրիգորիչի պատճառով դաշնակիցներ ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին դավաճանելու դիտարկմանն էլ ԲՀԿ-ական պատգամավորը կրկնեց անհեթեթ պատասխանը, թե իրենք չեն կարևորում այդ ընտրությունները։ Նա չբացառեց, որ կուսակցությունը նորից կվերադառնա իշխանության գիրկը. «Կուսակցությունն ինչպես կորոշի, ես պատրաստ եմ ենթարկվել, ես որոշումները կատարող եմ»։

Ինչի՞ն կամ ո՞ւմ է այլընտրանք ԲՀԿ-ն՝ հարցրինք մեկ այլ պատգամավորի՝ Վահե Հովհաննիսյանին, պատգամավորը, անակնկալի եկած, հստակ պատասխան չտվեց և կրկին ցույց տվեց խմբակցության քարտուղարի տեղը։

«Հնարավո՞ր է լքեք քառյակը և այլևս տեղ գտնեք այլ դաշտում» հարցը Միքայել Մելքումյանը սխալ համարեց. «Մենք ունեցել ենք հստակ ռեժիմ ֆրակցիայում, թողել ենք խղճի մտոք քվեարկության»։ «ԲՀԿ-ի խիղճն իշխանության օգտին է, փաստորեն, որովհետև իշխանության թեկնածուն ձեր թեկնածուն է» մեր դիտարկմանը Մելքումյանը միայն բարձրաձայն ծիծաղեց։

Ինչ է պատրաստվում անել ԲՀԿ-ին պարբերաբար շանս տվող, նրա հետ «բուրժուադեմոկրատական հեղափոխության» հույսեր կապող, բայց միշտ քցվող ՀԱԿ-ը։ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց. «Իրավիճակը կվերլուծենք՝ կասենք»։ Բայց պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ն նախընտրեց իշխանությանը, ՀԱԿ ղեկավարը նույն պատասխանը տվեց։ Այսուհանդերձ, քառյակի աշխատանքները հնարավո՞ր են. Զուրաբյանը կրկին հիշեցրեց նախորդ պատասխանը, ապա նաև ասաց. «Այս 2 տարվա մեջ այնքան բան է եղել, այնքան նահանջներով և նորից վերանվաճումներով ենք անցել, որ ընդհանրապես պետք չէ հեռու գնացող եզրակացություն անել որևէ հանգրվանում»։ ԲՀԿ-ի պայքարն արդյոք անձնավորված և արդեն սպառված չէ՞ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո. «Ես չեմ ցանկանում մեկնաբանել ԲՀԿ-ի գործողությունները, կարծում եմ, որ եթե ինչ-որ բան ուզում եք ստանալ, ապա ԲՀԿ-ին պետք է դիմել»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս