ԲՀԿ-ին ընդդիմություն հռչակածները հիմա էլ Գալուստ Սահակյանի՞ն են պոկում իշխանական բուրգից. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Երեկ այն օրերից մեկն էր, որ ԱԺ ոչ իշխանական քառյակի` մեկ ամիս առաջ արած հայտարարությունների համաձայն, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ պետք է տեղի ունենային՝ կառավարության հրաժարականի պահանջով:

Հանրահավաքը պետք է հրավիրեին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», որոնք միասնաբար պահանջում էին Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը: Այս գաղափարի նկատմամբ հոռետեսական տրամադրվածներին ՀԱԿ-ի կարկառուն դեմքերը հակադարձում էին, թե կառավարության հրաժարականը ընդամենը միջանկյալ քայլ է Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու ճանապարհին, որ ռեժիմը փլուզվում է, իսկ վարչախումբը խուճապի մեջ է:

Հետո կառավարության հրաժարականը տեղի ունեցավ, բայց` վաղաժամ: Ապրիլի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց: Քառյակի ներկայացուցիչները հայտարարում էին, որ դա իրենց հաղթանակն է: Այս հայտարարությունից բխում էր, ուրեմն, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու ճանապարհին անհրաժեշտ միջանկյալ խնդիրը լուծված է, կառավարությունը հրաժարական է տվել, եւ ուրեմն` եկել է Սերժ Սարգսյանով զբաղվելու ժամանակը:

Երեկ, սակայն, Ազատության հրապարակի շուրջօրյա հանրահավաքի համար նախատեսված երկրորդ օրը, զարմանալի տեսարան էր Ազգային ժողովում: Տեղի էր ունենում ԱԺ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Թեկնածուները երկուսն էին. ընդդիմադիր Հրանտ Բագրատյան եւ իշխանական Գալուստ Սահակյան: Քառյակի դոմինանտ ուժի՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչները հերթ էին կանգնել իշխանության ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի օգտին քվեարկելու համար:

Քվեարկության պաշտոնական արդյունքներով պարզվեց, որ Հրանտ Բագրատյանն ընդամենը երեք ձայն է ստացել: Բոլորը գիտեին, թե ովքեր են նրա օգտին քվեարկել. ինքը՝ Բագրատյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Երկու քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր, իսկ Գալուստ Սահակյանը ստացել էր 101 ձայն` ընտրվելով ԱԺ նախագահ:
Քվեարկության արդյունքների մակերեսային ուսումնասիրությունն ակնհայտ է դարձնում, որ «Բարգավաճ Հայաստանը» գրեթե ողջ կազմով քվեարկել է Գալուստ Սահակյանի օգտին: Ինչո՞ւ, որն է նման պահվածքի պատճառը. երեկ այդպես էլ ԲՀԿ ներկայացուցիչների կողմից որեւէ հոդաբաշխ պատասխան չհնչեց:

Քառյակում ԲՀԿ-ի դաշնակիցների ներկայացուցիչները նույնպես որեւէ հոդաբաշխ բացատրություն չէին տալիս թե՛ իրենց դաշնակցի, թե՛ հենց իրենց վերջին օրերի պահվածքի մասին: Մեծ հաշվով, չնայած, որեւէ բացատրության անհրաժեշտություն չկա: Պարզապես իրականանում են բոլոր այն կասկածներն ու մտավախությունները, որ գոյություն ունեին ԲՀԿ-ի գործունեության եւ ընդդիմադիրացման կապակցությամբ: Բայց բացատրության կարիք չունեն նրանք, ովքեր այս եւ այսօրինակ զարգացումների մասին ահազանգում էին, զգուշացնում, բացատրում:

Մյուս կողմից, սակայն, ԲՀԿ-ին ընդդիմություն հռչակածները, ԲՀԿ առաջնորդի հետ լուսանկարվողներն ու նկարահանվողները պետք է բացատրություն տան, թե ինչ է կատարվում եւ ինչու: Գուցե սա հերթական գիգանտ քաղաքագիտական սցենա՞րն է՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության, գուցե հիմա էլ՝ Գալուստ Սահակյանի՞ն են պոկում իշխանական բուրգից, բայց հասարակ մահկանացուները սրանից ոչինչ չեն հասկանում»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս