ՌԴ-ն ավելի դինամիկ կզբաղվի Հայաստանի Մաքսային միության անդամակցությամբ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:
– Արևմուտքը պատժամիջոցների հերթական ալիքը գործի դրեց՝ հաշիվների սառեցում, վիզային սահմանափակումներ և Արևմուտքում ռուսական ընկերությունների աշխատանքի որոշակի սահմանափակումներ: Չի բացառվում, որ Արևմուտքը ստիպված ուժի մեջ մտցնի տնտեսական պատժամիջոցները, որոնց մասին արդեն մի քանի ամիս է, ինչ խոսվում է: Ըստ Ձեզ՝ տնտեսական պատժամիջոցներն ինչպե՞ս կանդրադառնան ռուսական տնտեսության վրա և հատկապես ինտեգրացիոն նախագծերի վրա, որոնք Ռուսաստանի համար բավականին ծախսատար են, քանի որ Ռուսաստանն է վճարողի դերում:
– Մի կողմից` իրականում պատժամիջոցները կսահմանափակեն ռուսական տնտեսության եկամուտները՝ փոքր տարածություն թողնելով մեծ ծախսերի համար,առավել ևս, երբ գումարներ պետք է սկսենք հատկացնել նաև նոր տարածքներին, ինչպիսին Ղրիմն է: Բայց, մյուս կողմից, որքան կտրուկ և դաժան են պատժամիջոցներ, այնքան ավելի մեծ է հետաքրքրությունը դրանք հաղթահարելու և հետսովետական տարածքում մեր բարեկամական երկրների նկատմամբ ռուսական ծրագրերը հաջողելու համար:
– Եթե նույնիսկ հարցը հասնի նավթի գների՞ն: Չէ՞ որ Արևմուտքը գիտի` ինչպես կարճ ժամանակահատվածում Ռուսաստանի տնտեսությանը կործանարար վնաս հասցնել նավթի գնանկմամբ:
– Համաշխարհային շուկայում նավթի գնանկման հավանականությունը ծայրահեղ փոքր է: Այս մասին խոսակցությունները և Ռուսաստանին սնանկության հասցնելու մասին խոսակցությունները PR հիստերիայի ժանրից են: Ես հիշում եմ այս մասին Օբամայի հայտարարությունները և այլն: Իրականում մարդիկ չեն հասկանում մեկ պարզ բան, որ այսօր ԱՄՆ-ն հետաքրքրված է թանկ նավթով, ուստի եթե հարց են տալիս` Արևմուտքը կարո՞ղ է նավթի գին գցել, ես ասում եմ` իհարկե, կարող է, դրա համար ընդամենը մեկ պայմանավորվածություն է անհրաժեշտ, բայց ԱՄՆ-ին սա պետք չէ, քանի որ այսօր ԱՄՆ-ն ակտիվ զարգացնում է սեփական թերթաքարային յուղի արտադրությունը, և դրանք բավականին թանկարժեք նախագծեր են, ուստի նավթի գին գցել նշանակում է, հարվածի տակ դնել սեփական նավթարտադրությունը: Նավթի գինը բարձր կլինի ոչ այն պատճառով, որ Ռուսաստանին բոլորը սիրում են, այլ` որ դա առաջին հերթին պետք է հենց ԱՄՆ-ին:
– Պարոն Սիմոնով, մենք տեսնում ենք, որ Եվրասիական տնտեսական միության ձևավորման ճանապարհին ՄՄ անդամ երկրների միջև բավականին ծանրակշիռ տարաձայնություններ կան, ի դեպ` տնտեսական բնույթի: Բելառուսն ու Ղազախստանն իրենց քաղաքական նվիրվածության համար Ռուսաստանից համարժեք գին են պահանջում՝ մասնավորապես պահանջելով վերացնել որոշակի տնտեսական սահմանափակումներ: Սրանք ինչպե՞ս կհանգուցալուծվեն` ըստ Ձեզ:
– Այո, գիտենք, թե ինչպիսի տարաձայնություններ կան Բելառուսում, բավականին ծանր պատմություններ եղան նավթային առաքումների առնչությամբ, նավթարտադրության վերաարտահանման հետ կապված, բայց հիմա ինձ թվում է, որ միայն Ռուսաստանը չէ բարդ իրավիճակում հայտնվել, այդպիսի իրավիճակում է նաև Բելառուսը, քանի որ իրականում Մայդանը ցույց տվեց, որ սա այն սցենարն է, որն ԱՄՆ-ն կարող է իրագործել ցանկացած հետսովետական երկրում: Մենք այդ ամենի միջով անցանք, և ինձ թվում է` նույնիսկ այն, որ Ուկրաինայում կանգ չառան արյան և երկրի տապալման վտանգի առջև, նշանակում է Ուկրաինայի ճակատագիրը ԱՄՆ-ին քիչ է անհանգստացնում, իրենց այլ հարցեր են հետաքրքրում:
Լուկաշենկոն մշտապես բավականին աղմկահարույց դիրքորոշում է ունեցել Արևմուտքի նկատմամբ, բայց հիմա Լուկաշենկոն լուրջ հարցի առջև է կանգնած և կհրաժարվի իր լկտի ու ագրեսիվ հռետորաբանությունից, երբ նա ջանում էր ցույց տալ, թե պատրաստ է խաղալ Ռուսաստանի դեմ, հիմա Ռուսաստանի դեմ խաղը Լուկաշենկոյի համար մահվան դատավճիռ է, ուստի ես կարծում եմ, որ ընդհակառակը` ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը կստիպի հետսովետական տարածքում և ՄՄ-ում վիճահարույց հատվածները հարթել արագությամբ: Ռուսաստանը ևս իր հերթին հետաքրքրված է, որպեսզի պահպանի գործընկերային հարաբերությունները, ուստի որոշ հարցերի վրա էլ կփորձի աչք փակել: Սա է իրականությունը:
– Ինչպես ՀՀ-ում Վլադիմիր Պուտինն ասաց, Հայաստանն արագ տեմպերով շարժվում է ՄՄ անդամակցության ուղղությամբ: Սակայն էկոնոմիկայի նախարարի նախկին պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ասել էր, որ հնարավոր է՝ Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, ապա հստակեցրել էր, որ ապրիլի 29-ին չի նախատեսվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրումը, և իր մեղքով է սխալ տեղեկություն տարածվել: Ի՞նչ խնդիր կա, ըստ Ձեզ, որ պաշտոնական մակարդակում թաքցվում է, ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի անդամակցությունը: Խոսակցություն կա, որ ՄՄ անդամ երկրները դեռ չունեն համաձայնություն ԼՂ հակամարտության և ՄՄ-ում ԼՂ կարգավիճակի շուրջ:
– Ինչպես ասացի, աշխարհաքաղաքական լարված իրավիճակը հօգուտ Հայաստանի ու եվրասիական ինտեգրացիոն նախագծերի է: Կարծում եմ` դրանք աջակցելու են ՄՄ-ին Հայաստանի արագացված անդամակցությանը: Այս հարցում Ռուսաստանի աջակցությունն ավելի դինամիկ է լինելու, քան նախկինում: Քաղաքական կոնյունկտուրան աջակցում է նրան, որպեսզի Հայաստանը միանա արագ:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։