«Ղարաբաղը գործիք է Մոսկվայի ձեռքում՝ Երևանից և Բաքվից օգուտներ քաղելու համար». Ամանդա Փոլ. «Ժամանակ»
«Ժամանակի» զրուցակիցն է Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» վերլուծաբան, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի փորձագետ Ամանդա Փոլը:
– Տիկին Փոլ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի նախօրեին՝ Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ, առաջին անգամ իր ցավակցությունը հայտնեց հայ ժողովրդին՝ առանց գործածելու «ցեղասպանություն» բառը: Իսկ ապրիլի 24-ին Պրահայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ ԵՄ ձգտող Թուրքիան շարունակում է մերժել իր սեփական պատմությունը: Էրդողանի հատարարությունը Հայաստանում միանշանակորեն չընդունվեց: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր այդ հայտարարության նպատակը 2015-ին ընդառաջ, և հնարավո՞ր է, որ Ցեղասպանության 100-ամյակը դառնա մի հնարավորություն, որ Թուրքիան նախաձեռնի կառուցողական բանակցություններ:
– Պատմականորեն Թուրքիան միշտ փնտրել է իր դեմքը պահպանելու ուղիներ, երբ հարցը հասել է Հայոց ցեղասպանությանը: Էրդողանի տեքստային հաղորդագրությունը կարելի է համարել նորարարական ու համարձակ, բայց դա ամենևին չի նշանակում, որ Թուրքիան որևէ կերպ մոտ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս հայտարարությունը խոստումնալից է նաև այն իմաստով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ խոսքի ազատությունն ավելի ու ավելի կմեծանա: Միևնույն ժամանակ գաղտնիք չէ, որ Թուրքիան փորձում է «փափկեցնել» ուղին՝ 2015թ. ոգեկոչմանն ընդառաջ: Ավելին՝ այս հաղորդագրությունը կարող է թվալ գործիք միջազգային հարթակում Թուրքիայի վատթարացող վարկանիշի վերականգնման համար: Այս քայլով Էրդողանը սկսում է մի քաղաքականություն, որը շարունակական է լինելու առաջիկա 12 ամիսների ընթացքում:
– Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ: Այս ճանապարհին Հայոց ցեղասպանությունը և չճանաչված Ցեղասպանությունը գործիք է միջազգային հանրության ձեռքին Թուրքիային ճնշելու համար: Ինչո՞ւ Թուրքիան չի փորձում ազատվել դրանից:
– Առաջին հերթին թուրք հասարակության մեծամասնությունը չի հավատում, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել, և, բնականաբար, պետք է հերքեն տեղի ունեցածը, որովհետև սերունդների համար թուրքական ղեկավարությունը ներդրել է ժխտման քաղաքականություն: Թուրքը հավատում է այն բանին, որ ոչ թե Ցեղասպանություն է տեղի ունեցել, այլ քաղաքացիական պատերազմ: Երկրորդ՝ ճանաչմանը կարող է հաջորդել տարածքային և ֆինանսական հատուցումը:
– Հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում շատ քննարկվեց նաև քեսաբահայության տեղահանության հարցը: Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ Ղրիմի բռնակցումը, ստվերեցին սիրիական պատերազմը, բայց այն կարծես Քեսաբի հայության տեղահանմամբ վերադարձավ համաշխարհային օրակարգ: Ի՞նչ տեղի ունեցավ Քեսաբում և ինչո՞ւ հիմա: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հիմա Թուրքիան որոշեց մտնել Քեսաբ:
– Քեսաբի բնակիչները պնդում են, որ թուրք սահմանապահները իսլամիստ գրոհայիններին թույլ են տվել մտնել գյուղաքաղաք և սկսել կռիվը: Պարզ է, որ սիրիական շարունակական պատերազմում Թուրքիան գլխավոր գործող դերակատար է: Սիրիայում թուրքական օրակարգը շատ ավելի հագեցած է, քան Արևմուտքինը: Տարբեր ճանապարհներով Թուրքիան բացասական դերակատարություն է ունեցել սիրիական զարգացումներում, այդ թվում` իրականացրել է միջսահմանային հարձակումներ և ըստ երևույթին հեշտացրել կասկածելի «Ալ-Քաիդա» խմբավորման մուտքը Սիրիա:
– Տիկին Փոլ, Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը շարունակում է դժվարին աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, ինչպիսիք են՝ հայ-թուրքական փակ սահմանները, ԼՂ հակամարտությունը, որոնք Հայաստանին էլ ավելի կախյալ են դարձնում Ռուսաստանից և ԵՄ-ի հետ անվստահելի գործընկերոջ տպավորություն ստեղծում, բայց Հայաստանը ցանկանում է շարունակել իր քաղաքական համագործակցությունը ԵՄ հետ: Ո՞րն է Հայաստանի արտաքին քաղաքական լավագույն կարգավիճակը, եթե ԵՄ-ն անվտանգության երաշխիքներ չի կարող տրամադրել ԱլԳ երկրներին:
– ԵՄ-ն, իհարկե, անկարող է տրամադրել անվտանգության երաշխիքներ որևէ երկրի: Սա ևս մեկ անգամ ընդգծվեց ռուս-ուկրաինական ճգնաժամի արդյունքում. ճգնաժամը պարզ ցույց տվեց մեկ փաստ, որ ԵՄ երկրները իրենց անվտանգությամբ շարունակում են մնալ ՆԱՏՕ-ից կախյալ: Հայաստանի ղեկավարությունն իր ընտրությունը կատարել է՝ դեռ ամիսներ առաջ հայտարարելով ՄՄ-ին միանալու և դրանով իսկ Ռուսաստանին ինտեգրվելու մասին՝ ԵՄ հետ հնարավոր հարաբերությունները «թրջելու» գնով և միևնույն ժամանակ Ռուսաստանին թույլ տալով հետագայում ևս շարունակել խախտել Հայաստանի ինքնիշխանությունը:
Այնուամենայնիվ, Հայաստանը դեռ ձգտում է ԵՄ հետ հարաբերությունների, քանի որ դեռ ԵՄ ֆինանսական օգնության և այլ աջակցության կարիքն ունի, ուստի Երևանը կշարունակի պնդել, որ հավատարիմ է մնում բարեփոխումների իրականացմանը և ԵՄ ծրագրերին մասնակցությանը, թեև սկզբունքորեն մեծ բան չի փոխվելու և որևէ կերպ չի կարողանալու հավասարակշռել արտաքին քաղաքականությունը, քանի որ այդ հավասարակշռությունը կոտրված է Ռուսաստանի կողմից, որը էլ ավելի կմեծանա Հայաստանի՝ ՄՄ անդամակցությունից հետո:
– Արևմուտք-ՌԴ ընդհատակյա հակամարտության ընթացքում գլուխ են բարձրացնում տարածաշրջանային տարածքային հակամարտությունները, ինչպիսին է Մերձդնեստրի հակամարտությունը: Տեսակետներ կան, որ Ռուսաստանի հաջորդ ուղղությունը լինելու է հարավը, որտեղ Ռուսաստանի տարածաշրջանային թիրախներից մեկը կարող է լինել ԼՂ-ն ու ԼՂ բռնակցումը Ռուսաստանին. չէ՞ որ Ժիրինովսկին ակնարկել էր այդ հնարավորության մասին: Որքանո՞վ են Ձեզ իրատեսական թվում այս մասին խոսակցությունները:
– Ես ՌԴ-ին ԼՂ բռնակցման հնարավորությունը համարյա զրոյական եմ համարում: Ղրիմի բռնակցման դեպքում Ռուսաստանի բացատրությունը այնտեղ ռուսախոս հանրության առկայությունն էր և նրանց անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությունը, չնայած մենք գիտենք, որ դա ընդամենը ենթատեքստ էր: ԼՂ-ում չկան ռուսական փոքրամասնություններ: Երկրորդ՝ այս հակամարտությունում ՌԴ-ն հիանալի դիրքում է, քանի դեռ կարողանում է հակամարտությունը որպես գործիք օգտագործել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դեմ իր համար օգուտներ քաղելու նպատակով, ուստի այս ստատուս քվոն փոխելու պատճառ չկա:
Մանրամասները՝ «Ժամանակի» այսօրվա համարում։