ՎՊ ստուգման արդյունքները՝ սոցապ ոլորտում
Հայաստանի վերահսկիչ պալատն անցած տարի ստուգել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցները, ֆինասավորված ծրագրերի կատարման ապահովմանն ուղղված գործառույթները և «Հայփոստ» ՓԲ ընկերությանը և բանկերին կենսաթոշակների և նպաստների վճարման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցները, ինչպես նաև` պայմանագրով սահմանված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված գործառույթները:
Ըստ ՎՊ զեկույցի՝ 2010-2012թթ. ընթացքում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններում գույքագրվել է կենսաթոշակի 561656 գործ, արդյունքում 5247 գործով հայտնաբերվել է 725,972 հազ. դրամ գերավճար, 4684 գործով` 487,706.5 հազ. դրամ թերավճար: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 25.02.2013թ. N1312 գրության համաձայն «գերավճար գումար հայտնաբերված գործերում կատարվել են ուղղումներ, և այժմ վճարումը կատարվում է կենսաթոշակի ճշտված (իջեցված) չափով: Թերավճար գումարով կ/թ գործերում ուղղում (բարձրացում) չի կատարվել, և վճարումը շարունակվում է նույն չափով»:
Ընտրանքային կարգով՝ Արմավիրի մարզի Վաղարշապատի, Արմավիրի և Բաղրամյանի սոցիալական ապահովության տարածքային բաժիններում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կենսաթոշակառուների թիվը 01.01.2012թ. դրությամբ կազմել է 34,911 մարդ, 01.01.2013թ. դրությամբ` 38,105 մարդ, 01.06.2012թ. գույքագրվել է կենսաթոշակի 42,717 գործ, այդ թվում` 324 գործով հայտնաբերվել է 64,953 հազար դրամ գերավճար, իսկ 353 գործով` 45,003 հազար դրամ թերավճար:
ՎՊ ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ գույքագրումից հետո՝ 2012-2013թթ. ընթացքում կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկման ժամանակ կրկին խախտվել է աշխատանաքային ստաժի և թոշակի չափի հաշվարկման կարգը, որի հետևանքով արձանագրվել են գերավճարի և թերավճարի նոր փաստեր: Աշխատանքային ստաժի հաշվարկման կարգի խախտումներ են հայտնաբերվել և մինչև 3 տարվա ավել ստաժ է հաշվարկվել 12 կենսաթոշակային գործերում: Միաժամանակ, N38264 գործում Արմավիրի ՍԱՏԲ-ի կողմից 18.01.12թ. հաշվարկվել է 10 տարվա պակաս աշխատանքային ստաժ, որի հետևանքով կենսաթոշակառուին ամսական հասանելիք 31.9 հազար դրամի փոխարեն վճարվել է 24.9 հազար դրամ թոշակ, կամ 19 ամիսների ընթացքում պակաս է վճարվել 133 հազար դրամ:
ՎՊ ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են լիազորագրերի հիման վրա 2012-2013թթ. ընթացքում կենսաթոշակի ավելի հաշվարկման և վճարման նոր փաստեր: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 05.05.2011թ. N665-Ն որոշման համաձայն «լիազորագրով վճարվում է չվճարված կենսաթոշակի ամբողջ գումարը, ինչպես նաև հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումարը` սկսած լիազորագիրը տալու ամսվանից», իսկ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` «լիազորագիրը տալու ամսվան հաջորդող 12-րդ ամսից հետո կենսաթոշակի գումարը տվյալ լիազորագրով չի վճարվում»:
Մինչդեռ Արմավիրի մարզի սոցիալական ապահովության տարածքային բաժիններում բացահայտվել է լիազորագրերի հիման վրա կենսաթոշակի վճարման վերջնաժամկետի հաշվարկման թվով 14 խախտման դեպք: Օրինակ՝ N17886 գործով, ՀՀ-ից բացակայող Լ.Մ.-ն լիազորել է ստանալ իրեն հասանելիք կենսաթոշակը, սակայն լիազորված անձը դիմումը ներկայացրել է 5 ամիս անց և Էջմիածնի ՍԱՏԲ-ի ղեկավարությունը խախտելով գործող կարգը վերջնաժամկետ է նշանակել 31.05.2013թ-ը, որի հետևանքով ավել է վճարվել 62,400 դրամ թոշակ: Նույն կերպ, կենսաթոշակառուներ Ա.Գ.-ի, Ա.Թ.-ի, Մ.Մ.-ի, Ա.Խ.-ի գործերով կենսաթոշակի վճարման վերջնաժամկետ է նշանակվել 2-4 ամիս սահմանվածից ավել ժամկետ:
Գործերի ուսումնասիրությունից պարզվել է, որ 28 կենսաթոշակառուների սոցիալական կենսաթոշակ է նշանակվել, վերահաշվարկվել և վճարվել ոչ արժանահավատ փաստաթղթերի հիման վրա: 01.01.2013թ. դրությամբ հաշմանդամների հաշվառման «Փյունիկ» տեղեկատվական շտեմարանի և կենսաթոշակների վճարման ցուցակների համադրման արդյունքում պարզվել է, որ թվով 10,122 թոշակառու ընդհանրապես ներառված չէ «Փյունիկ» տեղեկատվական շտեմարանում, իսկ 680 դեպքով արձանագրվել է հաշմանդամության խմբերի տարբերություն, այդ թվում` Արմավիրի մարզում համապատասխանաբար «Փյունիկ» տեղեկատվական շտեմարանում ներառված չէ թվով 665 թոշակառու, իսկ 28 դեպքով արձանագրվել է հաշմանդամության խմբերի տարբերություն:
Այսպես` N35687 գործով բժշկասոցիալական փորձաքննությամբ կենսաթոշակառուն ստացել է 3-րդ կարգի հաշմանդամության խումբ, միչդեռ Արմավիրի ՍԱՏԲ կենսաթոշակային գործի հաշիվ-կարգադրագրում նշված է հաշմանդամության 2-րդ խումբ, արդյունքում թոշակառուին ավելի է վճարվել 13 հազար դրամ: N125601 գործով բժշկասոցիալական փորձաքննությամբ կենսաթոշակառուն ստացել է 2-րդ կարգի հաշմանդամության խումբ` անժամկետ, սակայն ՍԱՏԲ-ի հաշվարկ կարգադրագրում նշվել է 3-րդ կարգ, որի հետևանքով քաղաքացուն պակաս է վճարվել 124.8 հազար դրամ: Նույն կերպ, N23695 գործով ավել է վճարվել 20.8 հազար դրամ, N28272 գործով՝ 26.0հազար դրամ, N28237 գործով՝ 23.4 հազար դրամ, որոնք վերականգնվել են ստուգման ընթացքում: