«Ռուսաստանը Ղարաբաղի կարգավիճակը չի փոխի. այն այդպես էլ կմնա անորոշ». Ալեքսեյ Մալաշենկո. «Ժամանակ»
«Ժամանակի» զրուցակիցն է Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն:
– Պարոն Մալաշենկո, ի՞նչ դասեր պետք է քաղեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, Արևմուտքի և Ռուսաստանի քաղաքականությունից այն բոլոր երկրները, որոնք իրենց ապագան ինչ-որ առումով կապում են ՌԴ հետ: Ո՞րն է տարածաշրջանի խաղաղության բանաձևը և հետսովետական երկրների արտաքին քաղաքական վեկտորի համեմատաբար ընդունելի տարբերակը:
– Առաջին հերթին Մաքսային միության և ապագա Եվրասիական միության պոտենցիալ մասնակից երկրները պետք է հասկանան, որ այդ միությունները բացառապես քաղաքական նպատակներ են հետապնդում, որ Ռուսաստանն իրեն դիրքավորում է և անկասկած ընդունում է որպես առաջնորդ հետսովետական տարածքում:
Հենց սրանից ելնելով էլ` Ռուսաստանն ապագայում իրեն դրսևորելու է, և եթե որևէ բան տարածաշրջանում տեղի ունենա ի հեճուկս իր կարծիքի և դիրքորոշման, ապա Ռուսաստանը շատ դժգոհ կմնա: Իսկ դժգոհություն Ռուսաստանը կարող է արտահայտել տարբեր կերպ, այդ եղանակներից մեկն այն է, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, այսինքն՝ Ռուսաստանն իրեն վիրավորված զգաց և իրավունք վերապահեց գործել այնպես, ինչպես ճիշտ է համարում: Այսպիսի պահվածքի համար առիթ գտնելը, փաստորեն, շատ հեշտ ստացվեց: Այսպիսով, Ռուսաստանը պատժեց Ուկրաինային, որն անխոս բացասաբար ընդունվեց հետսովետական երկրներում, այդ թվում` նաև Մաքսային միության անդամ երկրներում:
Իրականում Ռուսաստանը միայնակ մնաց և որևէ գործընկերոջ աջակցությունը չստացավ: Ամենակարևորը` Ռուսաստանին չաջակցեց Ղազախստանը, որը հնարավորություն գտավ, այնուամենայնիվ, իր վերաբերմունքը տեղի ունեցողի վերաբերյալ հայտնելու համար, ու ես կասեի, որ այդ վերաբերմունքը բավականին բացասական էր, այսինքն՝ Ռուսաստանը վերահաստատեց, որ հանդիսանում է գործընկեր, բայց մյուս կողմից` գործընկեր, որը եթե դժգոհ է` կարող է իրեն անակնկալ կերպով դրսևորել:
Այսինքն՝ Ռուսաստանն ուժ ցույց տվեց, բայց միևնույն ժամանակ իր թուլությունը ցույց տալով` հետսովետական երկրների համար Ռուսաստանի գրավչությունը կոտրվեց: Եթե կան ավելի գրավիչ գործընկերներ` ի դեմս Եվրոպայի, ի դեմս Ամերիկայի, բնականաբար, Ռուսաստանը պարտվելու է, սա անխոս հարված էր Ռուսաստանին: Բոլորն են հասկանում, և ի դեպ, Ռուսաստանը սա հասկանում է մի քիչ ուշացումով: Ռուսաստանը հայտնվում է մեկուսացման մեջ, և այս գիտակցումը կարող է դրականորեն անդրադառնալ հետսովետական երկրների և արևմտյան երկրների միջև հարաբերությունների վրա:
– Ինչպե՞ս եք պատկերացնում տարածաշրջանային տարածքային հակամարտությունների կարգավորումը, եթե հաշվի առնենք, որ դրանց կարգավորման ձևաչափերն, ըստ էության, կենսունակ չեն, իսկ Ռուսաստանը, շատ փորձագետների պնդմամբ, թեժացնում է տարածաշրջանային տարածքային հակամարտությունները, ինչպիսին Մերձդնեստրն է, կան խոսակցություններ նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Անկասկած հիշում եք Ժիրինովսկու հայտարարությունն այն մասին, թե օպտիմալ լուծում կլինի, որ ԼՂ-ն միանա Ռուսաստանին, եթե Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարողանում համաձայնության գալ:
– Լեռնային Ղարաբաղը մշտական խնդիր է, ինչպես եղել է այդ հակամարտությունը, այնպես էլ մնալու է: Որևէ փոփոխություն ես չեմ ակնկալում: Ղարաբաղը մշտապես էլ գրավելու է անհասկանալի կարգավիճակ, ոմանց համար ԼՂ-ն Ադրբեջանի տարածքն է, ոմանց համար` անկախ հող, իսկ երրորդների համար` Հայաստանի մասը:
Որպեսզի որակապես ինչ-որ բան փոխվի, պետք է որևէ կողմ պատերազմ հաղթի, որն անհնար եմ համարում, կամ էլ տոտալ ու գլոբալ որոշում պետք է լինի բոլոր երկրների` ամերիկացիների, եվրոպացիների, թուրքերի, չինացիների, ռուսների կողմից, իսկ այդպիսի բան չի լինի, ուստի սա շարունակվելու է, ինչպես մերձավորարևելյան հակամարտությունը: Իսկ Մերձդնեստրը… ես չգիտեմ… հիմա Ռուսաստանը լարում է իրավիճակը Հարավարևելյան Ուկրաինայում, Մերձդնեստրում իրավիճակը շատ ոչ պարզ է, սա ևս նվեր չէ: Ես կարծում եմ, որ Մերձդնեստրն այն տարածքը չէ, որի համար կարող են ինչ-ինչ աղաղակող դեպքեր տեղի ունենալ: Ի վերջո եղել է Աբխազիան, կա Աբխազիան, և կա Հարավային Օսիան, և ոչ մի բեկում չի եղել:
– Արևմուտքը Ռուսաստանին սպառնում է ռուսական գազից կախվածության նվազեցմամբ, իսկ ռուսական գազի փոխարեն Արևմուտքը կփորձի գազի նոր պաշարներ ստանալ Ադրբեջանում արևմտյան գազատարների ու նախագծերի միջոցով: Բացառո՞ւմ եք, որ ՌԴ-ն նշանառության տակ առնի ադրբեջանական այդ նախագծերը՝ էսկալացնելով ղարաբաղյան հակամարտությունը, Արևմուտքին ցույց տալու համար, թե ինչով կարող է ավարտվել ռուսական գազից հրաժարվելու այդ ցանկությունը:
– Այն ամենում, ինչ տեղի է ունենում աշխարհում, ԼՂ հակամարտությունը մանրուք է: Սա քչերին է անհանգստացնում: Ինչ վերաբերում է գազային խնդիրներին, եթե դա լինի Արևմուտքի հաստատակամ ռազմավարական ուղին, ապա Ռուսաստանի համար շատ ծանր ժամանակներ են գալու: Ի վերջո, եթե հաշվարկում ենք լավ, ապա կարող ենք ասել, որ Ռուսաստանին փոխարինել հնարավոր է, դրա համար կպահանջվի մի քանի տարի, իհարկե, դա բարդ կլինի, բայց տարբերակներ կան առանց Ռուսաստանի ապրելու համար, այլ հարց է, որ այս ընթացքում բարդություններ կառաջանան, և եթե Ռուսաստանը իրեն դրսևորի արհամարհական, այսինքն՝ ասես թքած ունի, ինձ կհիշեցնի ԽՍՀՄ ավարտը, թե ինչպես նավթի ու գազի գներն ընկան, սրանք կատակներ չեն: Որքան Ռուսաստանը ցուցադրի, թե իր համար միևնույն է, այնքան ավելի վատ վիճակում կհայտնվի:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։