Հայաստանի արտգործնախարարը հանգիստ կարող է գալ Անկարա, ինչպես ես մեկնեցի Երևան. Դավութօղլու
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նպատակներից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելն է:
Դավութօղլուն ընդգծել է, որ դրա հետ մեկտեղ պետք է կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները՝ հավելելով, որ այդ նպատակները միմյանց զուգահեռ են: Դավութօղլուն հիշեցրել է նաև 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման և նախորդ տարվա դեկտեմբերին իր երևանյան այցի մասին:
Դավութօղլուի խոսքերով՝ թե՛ հայերը, թե՛ թուրքերն ունենե անցյալի հիշողություններ և դրանք, միմյանց բախեցնելով, դժվար է արդյունքի գալը, փոխարենն «անհրաժեշտ է» օբյեկտիվորեն կիսել դրանք և բացել սրտերը՝ չկենտրոնանալով անցյալի վեճի վրա:
Դավութօղլուն հիշեցրել է, որ հայերն ու թուրքերն ունեն ավելի քան 9 դարվա համատեղ պատմություն ու համատեղ մշակույթ, ինչի համար էլ եթե նրանք «կիսեն» իրենց վերապրած ցավերը, ապա «կկարողանան» արժեվորել գրեթե հազարամյա այդ համատեղ ժառանգությունը:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ Հայկական սփյուռքը չի խոչընդոտի դրան: Դավութօղլուի խոսքերով՝ Հայաստանի արտգործնախարարն առանց անհանգստանալու կարող է ժամանել Անկարա, ինչպես որ ես մեկնեցի Երևան:
Թուրքիայի արտգործնախարարը վերստին խոսել է եռաքայլ գործընթացի մասին՝ նկատի ունենալով Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների, համայն աշխարհում հայերի ու թուրքերի հարաբերությունների և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը: