Ինչ է տեղի ունեցել «Հարսնաքարում». դատարանի վերլուծությունը
Մարտի 24-ին հայտնի «Հարսնաքարի» գործով վեց ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման, ինչպես նաև 100 հազար դրամ տուգանքի: Նրանց հարազատները վճռի հրապարակումից հետո գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով վերանայել, իրենց բնորոշմամբ, անարդար դատական ակտը:
Օրերս datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած վճիռը: Ըստ դրա՝ դատարանը գտել է, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է: Ըստ վճռի, ապացույցները, որոնցով դատարանը հիմնավորված է համարել մեղադրանքը, մասնավորապես՝ տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի, Արկադի Աղաջանյանի ցուցմունքներն են, ամբաստանյալներին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունները, առերես հարցաքննության արձանագրությունները, իրեղեն ապացույցները, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, փորձագետի ցուցմունքը, հեռախոսազանգերի վերծանումների զննություն կատարելու մասին արձանագրությունը:
«Ինչ վերաբերվում է վկաների ցուցմունքներին, ապա այդ ապացույցները, թեև, բացառությամբ Դավիթ Ադամյանի մասով, հաստատապես չեն վկայում բոլոր ամբաստանյալների կոնկրետ գործողությունների մասին տուժողներին ծեծի ենթարկելու առնչության վերաբերյալ, սակայն դրանցով ևս հաստատվում են դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը)»,- նշված է վճռում:
Նշենք, որ հրապարկված վճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ. հրապարակման օրվանից մեկ ամսյա ժամեկտում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան. կողմերից մի քանիսն արդեն հայտնել են, որ պատրաստվում են բողոքարկել վճիռը:
Դատարանի վերուծությունը
Վճռում նշված է, որ դատարանը եկել է այն եզրահանգման, որ ամբաստանյալներ Դավիթ Ադամյանին, Գարիկ Մարգարյանին, Նորայր Հայրապետյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին և Արթուր Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է. Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Իր վճռում դատարանը նշել է, որ ամբաստանյալների գործողություններն արտահայտվել են հետևյալում՝ մատուցողը սպորտային համազգեստ կրելու պատճառով վիճաբանել է Վահե Ավետյանի հետ և վիճաբանությունը շարունակելու նպատակով նրան հրավիրել բակ`«Հարսնաքար» ռեստորանային համալիրի ամառային սրահի ձախակողմյան մուտքի մոտ, որտեղ բռունցքով հարվածել է Վահե Ավետյանի դեմքին: Այնուհետև, վիճաբանողներին են մոտեցել համալիրի աշխատակիցները և վեճը հարթելու պատրվակով Վահե Ավետյանին ու նրա ընկերներ Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Էդգար Նիկոյանին և Արկադի Աղաջանյանին ուղեկցել են ռեստորանային համալիրի բակում գտնվող ավտոկայանատեղի, որտեղ ընդհանուր միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին:
Ի՞նչ են ասել տուժողները
Ըստ դատարանի վճռի՝ դատաքննության ընթացքում տուժող Արտակ Բայադյանը հայտնել էր, որ հունիսի 17-ին իրենց ընկեր Արկադի Աղաջանյանի ծննդյան օրն է եղել, առավոտյան Վահե Ավետյանը զանգահարել է իրեն և առաջարկել Արկադիի ծննդյան օրվա առիթով քաղաքից դուրս գնալ, նշել ծնունդը մաքուր օդին, Վահե Ավետյանը և Արկադի Աղաջանյանը ժամը 13:00-ին գնացել են Զեյթունի «Yerevan City» հանրախանութ, որտեղ կատարել են գնումներ, ինքը նրանց միացել է մի քիչ ավելի ուշ՝ մոտ ժամը 13:30-ին, որտեղ իրենց միացել է նաև Վահե Ավետյանի ծանոթ Դիանան: Ընկերոջ ծնունդը սկսել են նշել Արզնու ձորում, ավելի ուշ իրենց միացել է Գարիկ Սողոմոնյանը, ապա Էդգար Նիկոյանը:
Տուժող Արտակ Բայադյանի ցուցմունքը
Ըստ դատարանի վճռի՝ Ա. Բայադյանը ցուցմունք է տվել, որ Էդգարն ասել է, որ այդտեղ մոտակայքում ինչ-որ երգչախումբ է շրջում, որոնք գալիս են ժամանակ անցկացնողների մոտ և փողի դիմաց երգում են: Իրենք սպասելիս են եղել այդ երգիչների գալուն, սակայն նրանք այդպես էլ չեն եկել, և իրենք, տրամադրված լինելով երաժշտություն լսել, որոշել են գնալ մեկ այլ տեղ և քեֆը շարունակել կենդանի երաժշտության ներքո: Հիշել են, որ վիրահատել էին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի երգիչ Դավիթին, զանգահարել են նրան, սեղան պատվիրել ու գնացել ռեստորանային համալիր:
Ա. Բայադյանը, ըստ դատարանի վճռի, ասել է, որ սեղանի շուրջ նստելուց հետո Վահեն որոշել է գնալ լվացվելու, ինչից հետո վերադարձել է մի քիչ անտրամադիր: Նրան հարցրել է՝ ինչ է պատահել, նա էլ ասել է, որ խնդիր է ծագել իր սպորտային տաբատի հետ կապված և պարտավոր է լքել ռեստորանն այդ սպորտային տաբատի պատճառով:
Վահեն Արկադիի հետ գնացել է տուն, որպեսզի փոխի սպորտային տաբատը, ապա վերադառնան և միասին շարունակեն խնջույքը: Այդ ընթացքում նրանցից հետաքրքրվել են՝ ով է հայհոյանք տվել, ինքն էլ ասել է, որ ոչ ոք հայհոյանք չէր տվել: Քիչ անց վերադարձել են ընկերները, Վահեն արդեն տաբատը փոխած է եղել: Վերադառնալուց հետո միրգ և խմիչք են պատվիրել, բոլորով ուրախ տրամադրությամբ սկսել են նշել իրենց ընկերոջ ծննդյան տոնը:
Ըստ դատարանի վճռի՝ Ա. Բայադյանն ասել է, որ Վահեի վերադարձից շուրջ 10 րոպե անց սեղանին մոտեցել է մատուցող Դավիթը: Վահեն ժպիտը դեմքին հարց է ուղղել մատուցող Դավիթին. «Կարո՞ղ ա գլխարկով էլ չի կարելի ներկա գտնվել ձեր ռեստորանում», քանի որ մինչ այդ Վահեին հայտնել էին, որ սպորտային տաբատով չի կարելի ներկա գտնվել այդտեղ:
Վահեի այդ հարցին մատուցող Դավիթը «շատ տրամադրված» կտրուկ պատասխան է տվել. «Կարո՞ղ ա կայֆավատ ես լինում վրես», ինչին էլ Վահեն պատասխանել է, որ «կայֆավատ» չի լինում, քանի որ եկել է ռեստորան՝ ընկերոջ ծնունդը նշելու և ուրախանալու: Մատուցող Դավիթը ասել է. «Արի հետևիցս, կասեմ»:
Տուժողն ասել է, թե Վահեն իրենց ասել է, ոք ոչ ոք չգնա հետը, կպարզի, թե ինչ է ուզում մատուցող Դավիթը և կվերադառնա: Մոտ 10 րոպե անց ինքը, Գարիկն ու Էդգարը, անհանգստանալով, որոշել են գնալ պարզելու, թե ուր է Վահեն: Դուրս են եկել նախասրահ ու տեսել Վահեին կքանստած վիճակում, նկատել է, որ նրա քթից առատորեն արյուն է հոսել:
Ըստ դատարանի վճռի՝ տուժողն ասել է, որ այդ ժամանակ այդտեղ են գտնվել Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, այն թիկնեղ անձնավորությունը, ում անունը չգիտեր և ով մոտեցել էր իրենց սեղանին դրանից առաջ, մենեջեր Դավիթն ու մատուցող Դավիթը:
Տուժող Ա. Բայդայանն ասել է, որ այդ պահին Ն. Հայրապետյանը դիտողություն է արել մատուցող Դավիթին, անգամ հայհոյել նրան՝ ասելով, թե նա ով է, երբ նրանք այդտեղ են, ինքը հասկացել է, որ իր ընկեր Վ. Ավետյանին հարվածել է հենց այդ մատուցող Դավիթը:
Ըստ դատարանի վճռի՝ տուժողը նշել է, որ Նորայրն իրենց ասել է. «Տղեք ջան, մի մտածեք, մենք կպատժենք էս մատուցողին, պետք չի անհանգստացնել մյուս հաճախորդներին» ,ապա առաջարկել է դուրս գալ ռեստորանից, և իրենք ուղևորվել են մուտքից դեպի ձախ ավտոկայանատեղի:
Ըստ վճռի՝ տուժող Արտակ Բայադյանն ասել է, որ իր կողքով մի թիկնեղ անձ է քայլել, ում չի ճանաչել. այդ մարդը հարցրել է, թե որ մեկն է իրենցից հայհոյանք տվել, ինքն էլ պատասխանել է, որ իրենցից ոչ ոք հայհոյանք չի տվել, սակայն այնպիսի տպավորություն է եղել, որ նրան չէր էլ հետաքրքրել հարցի պատասխանը:
Նա Արտակ Բայադյանին ասել է, որ ձեռքերով չխոսի և հարվածել է ձեռքին, սակայն, ըստ ցուցմունքի՝ ինքը ձեռքերով չէր խոսել: Եվ այդ պահին հասկացել է, որ իրենց ավտոկայանատեղի տանելու բուն նպատակը մատուցողին պատժելը չի եղել, այլ այնտեղ իբրև իրենց կողմից տրված հայհոյանքն է եղել:
Ա. Բայդայանը պատմել է, որ իրենց սկսել են վերցնել շրջանի մեջ, այդտեղ եղել են մոտ 15-20 անձնավորություն, որոնք այնպես են շրջապատել իրենց, որ անգամ հետ քայլ չի կարողացել դնել:
Ըստ դատարանի վճռի՝ Ա. Բայադյանն ասել է, որ այդ ամբոխի մեջ ճանաչել է Արմանին, Արթուրին և Արմանին: Վահեի և Էդգարի գալուց մոտ 5 վայրկյան անց, առանց ինչ-որ մի բան պարզաբանելու, սկսել են հայհոյել և բոլոր կողմերից հարվածել Վահե Ավետյանին:
Ըստ Ա. Բայադյանի ցուցմունքի՝ ինքը ծոծրակի շրջանից հարված է ստացել և միաժամանակ մոտ 4-5 հարված էլ ստացել է դեմքին, ընկել գետնին, որտեղ ոտքերով սկսել են հարվածել իր մարմնի տարբեր տեղերին, այնուհետև վերնաշապիկը քաշել են գլխին և հարվածելով սկսել են քարշ տալ և բազմաթիվ հարվածներ հասցնել:
Մոտ 30-40 վայրկյան հետո լսել է մի արտահայտություն, որը տպավորվել էր մոտը. նրանցից մեկը ասել է. «Լավ, մեռավ էսի, թողեք»:
Դրանից հետո ինքն էլ է ուշագնաց եղել: Տուժող Ա. Բայադյանը նշել է, որ իրեն ուշագնացությունից հետ է բերել իր ընկեր Էդգարը, մի քանի վայրկյան անց լսել է, որ իր ընկեր Արկադին ասել է, որ «հասնի» Վահեին. նրա վիճակը շատ վատ է եղել:
Մոտենալով Վահեին և տեսնելով նրա անբնական «ճմռթված» դիրքով գետնին պառկած լինելը՝ միանգամից հասկացել է, որ նրա վիճակը ծանր է. Վահեն անգիտակից վիճակում է եղել, պուլսը շատ թույլ, և նա, խռխռացնելով, մի կերպ է կարողացել շնչել: Ինքը Էդգարին ասել է, որ շուտ գնա մեքենայի հետևից, ճանապարհին արդեն ահազանգել է հոսպիտալ և տեղեկացրել բոլոր բժիշկներին, որ շտապ պատրաստվեն, քանի որ իրենք արդեն հասնելիս են եղել հոսպիտալ:
Ա. Բայադյանը նշել է, որ մեքենայի մեջ Վահեի վիճակը գնալով վատացել է: Իրենք շուտ հասել են հոսպիտալ, որտեղ արդեն պատրաստ իրենց սպասելիս են եղել բժիշկները: Դեռ հոսպիտալի վերելակում Վահեի շնչառությունը կանգ է առել, սակայն իրենք շուտ հասցրել են նրան հիվանդասենյակ և արագորեն միացրել արհեստական շնչառության սարքը:
Տուժող Գարիկ Սողոմոնյանի ցուցմունքը
Ըստ դատարանի վճռի՝ տուժող Գարիկ Սողոմոնյանն ասել է, որ ավտոկայանատեղի քայլելու ճանապարհին ծանոթացել է Նորայրի հետ, պատմել, թե ինչ է տեղի ունեցել, մասնավորապես որ Վահեն գնացել է տուն, զգեստափոխվել ու վերադարձել է, ինչպես նաև այն, որ իրենցից ոչ ոք հայհոյանք չի հնչեցրել: Նորայրը, լսելով իրեն, ասել է, որ բան չկա, կխոսեն ու կպարզեն, մատուցողն էլ արարքի համար կպատժվի: Գ. Սողոմոնյանն, ըստ դատարանի վճռի, ասել է, որ ինքն ու Նորայրը, հասնելով ավտոկայանատեղի, ամբոխից մի փոքր ավելի հեռու կանգնած շարունակել են զրույցը, իրենց է մոտեցել Արկադին, ով բջջայինով զանգահարած է եղել ինչ-որ մեկին ու հեռախոսը ձեռքին Նորայրին ասել է, որ պատասխանի, Նորայրը Արկադիին պատասխանել է, որ ամեն ինչ նորմալ է, հարկ չկա ինչ-որ մեկին զանգահարելու, ու կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել և կպատժեն մատուցողին:
Դրանից մի քանի վայրկյան անց իրենց համար լրիվ անսպասելի հիշյալ ամբոխը հարձակվել է ընկերների վրա ու սկսել հարվածներ հասցնել: Տուժողն, ըհստ դատարանի վճռի, ասել է, որ ինքը, հետևելով Նորայրին, նույնպես մտել է ամբոխի մեջ՝ ասելով, որ սպասեն, չխփեն: Սակայն իրեն այդպես էլ ոչ ոք չի լսել: Նկատել է Վահեին, ում տարբեր կողմերից հարվածներ են հասցրել, վերջինս էլ հետ-հետ է քայլել, ինքն այդ պահին փորձել է հանդարտեցնել ծեծկռտուքը, սակայն Նորայրն անսպասելի հարձակվել է ու հարվածներ հասցրել իրեն, որից հետո վայր է ընկել գետնին:
Գետնից բարձրանալուց հետո կրկին անգամ հարձակվել են վրան ու տարբեր հարվածներ հասցնելով ուշագնաց արել իրեն: Գիտակցության գալով հայտնաբերել է, որ աչքի ու քթի շրջանից արյուն է հոսել: Իրենից քիչ հեռու նկատել է Վահեին` գետնին ընկած վիճակում: Նրան ձայն է տվել, սակայն պատասխան չի ստացել:
Մոտեցել է նրան ու ստուգել զարկերակը, որը շատ դանդաղ է խփելիս եղել: Այդ պահին մտածել է, որ ուշագնաց է եղել. զարկերակը դանդաղ է խփել, ինչի համար էլ որոշել է գնալ ու ջուր տանել, որ դրանով կարողանա նրան ուշքի բերել: Տուժողն, ըստ դատարանի վճռի, նշել է, որ՝ հասնելով ռեստորան մուտքի մոտ, հանդիպել է մի երիտասարդ մատուցողի, որից էլ հենց շշով ջուր է խնդրել, այն շփել է Վահեի դեմքին, սակայն վերջինս ուշքի չի եկել. միանգամից հասկացել է, որ վիճակը ծանր է: Արկադին այդ պահին անմիջապես բերել է Վահեի մեքենայի բանալիները, ու իրենք շտապ որոշել են Վահեին տեղափոխել հոսպիտալ:
Տուժող Էդգար Նիկոյանի ցուցմունքները
Ըստ դատարանի վճռի՝ Է. Նիկոյանն ասել է, որ ինքը Վահեին ուղեկցել է լվացարան` նրա քթից հոսող արյունը կանխելու համար, ապա իր ու Վահե Ավետյանի կողմից այդ ամբոխի մեջ մտնելուն պես՝ 10 վայրկյան չանցած, միանգամից սկսել են տարբեր կողմերից իրենց հարվածել: Առաջին հարվածը, որ նկատել է, եղել է իրենից աջ կանգնած Արկադի Աղաջանյանին ուղված հարվածը, ինչից հետո նա ընկել է և բոլորը սկսել են նրան գետնի վրա ոտքերով հարվածներ հասցնել, տեսնելով դա՝ վազել է Արկադիի ուղղությամբ ու փորձել պահել նրա գլուխը: Այդ ժամանակ հարվածներ է զգացել իր մարմնի տարբեր մասերում: Նկատել է Արտակ Բայադյանին, ում նույնպես տարբեր կողմերից հարվածներ են հասցրել, ծեծկռտուքի ընթացքում Վահե Ավետյանին ու Գարիկ Սողոմոնյանին չի նկատել:
Տուժողն, ըստ դատարանի վճռի, ասել է, որ դրանից մոտ 2-3 րոպե անց ծեծկռտուքն ավարտվել է: Այդ ժամանակ փորձել է Արկադիին բարձրացնել գետնից նա էլ ասել է, որ նորմալ է:
Դիանային իջեցրել Է Նար-Դոս փողոց, այնուհետև միանգամից զանգահարել է Արտակին: Վերջինս հայտնել է, որ հոսպիտալում են: Հասնելով հոսպիտալ՝ տեսել է, թե ինչպես են փորձում Վահեին տեղադրել արհեստական շնչառության սարք: Սարքը տեղադրելուց հետո Վահե Ավետյանն սկսել է շնչել: Մինչ այդ նա չի շնչել:
Տուժող Արկադի Աղաջանյանի ցուցմունքները
Ըստ դատարանի վճռի՝ Ա. Աղաջանյանն ասել է, որ ռեստորանի սրահ մտնելուց հետո տեսել է Վահե Ավետյանին, ով ասել է, որ միասին գնան իրենց տուն, որպեսզի նա կարողանա փոխել հագուստները: «իասին գնացել են Վահեենց տուն, Վահեն փոխել է հագուստները ու հետ են վերադարձել: Վերադարձի ճանապարհին Վահեն հայտնել է իրեն, որ խնդիր է առաջացել իր տաբատի հետ կապված և նա ստիպված է եղել փոխել այն, քանի որ նման տաբատով արգելվում է ռեստորանում ներկա գտնվել: Ինքն Վահեին առաջարկել է այլևս չվերադառնալ ռեստորան ու մի ուրիշ տեղ գնալ, ինչին էլ Վահեն պատասխանել է, որ անհարմար է, քանի որ նախապես սեղանը պահելու խնդրանքով զանգահարել էր ռեստորանի իր ծանոթ երգչին: Հասնելով ռեստորան՝ նստել են սեղանի շուրջ:
Տուժողը, ըստ դատարանի վճռի, հայտնել է, որ այդ ընթացքում Վահե Ավետյանի ու իրենց մոտեցած մատուցող Դավիթ Ադամյանի միջև ինչ-որ խոսակցություն է ծագել, ինչից հետո էլ մատուցողը Վահե Ավետյանին դուրս է հրավիրել, ինքը նույնպես դուրս է եկել նրանց հետ դեպի նախասրահ, որտեղ մատուցողը հայհոյել է Վահե Ավետյանին ու միանգամից հարվածել նրա դեմքին: Դրանից հետո քայլել են դեպի ավտոկայանատեղի, որտեղ սկսվել է ծեծկռտուքը: Ծեծկռտուքից հետո ինքը մոտեցել է Վահե Ավետյանին, տեսել է, որ նրա վիճակը ծանր է, կանչել է Արտակ Բայադյանին ու շտապել դեպի ռեստորան` ավտոմեքենայի բանալիները վերցնելու: Հասնելով ռեստորան մուտքի մոտ՝ տեսել է Էդգար Նիկոյանին, ումից էլ վերցրել է մեքենայի բանալիները: Մեքենան մոտեցնելով Վահե Ավետյանի գտնվելու վայրին՝ նրան շտապ դրել են մեքենայի մեջ ու գնացել Մուրացանի հոսպիտալ: Դրանից 12 օր անց Վահե Ավետյանը մահացել է:
Ինչ են ասել ամբաստանյալները
Ամբաստանյալ Գարիկ Մարգարյաի ցուցմունքները
Ըստ դատարանի վճռի՝ քրեական գործի դատական քննության սկզբնական շրջանում Գարիկ Մարգարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Հետագայում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում մասնակի. Գ. Մարգարյանն ընդունել է մեղադրանքը տուժող Արտակ Բայադյանին միջին ծանրության մարմնական վնասվածքներ պատճառելու մասով և ցուցմունք է տվել, որ դեպքի օրը սովորականի պես գտնվել է աշխատանքի վայրում, շրջել է ռեստորանի տարածքով, երբ նկատել է հավաքված անձանց:
Ըստ դատարանի վճռի՝ Գ. Մարգարյանը ցուցմունք է տվել, որ մոտենալով վերջիններիս նկատել է մի խմբի, որոնց մեջ է գտնվել նաև Վ. Ավետյանը` կռացած վիճակում, տեղեկացել է, որ մատուցողն է հարվածել վերջինիս ու, զայրանալով մատուցողի վրա, ասել է, որ վերջինս հեռանա հիշյալ վայրից, քանի որ նրա ներկայությունից ավելի շատ լարվածություն կարող էր ստեղծվել: Դրանից անմիջապես հետո Վահե Ավետյանին ցույց են տվել լվացարանի տեղը, որ վերջինս գնա, լվացվի:
Այդ ընթացքում Արկադի Աղաջանյանն անընդհատ հեռախոսազանգեր է կատարել, մասնավորապես, սպառնալով, որ «Երկրապահ» կզանգահարի: Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանյալը նշել է, որ այդ ընթացքում Ա. Բայադյանն իրեն հարցրել է, թե արդյոք իրենք կարող են պատասխան տալ մատուցողի փոխարեն նրանց ընկերոջը հարվածելու հարցում, ինչին էլ ինքը պատասխանել է, որ կարող է պատասխան տալ միայն իր կատարած արարքների համար: Դրանից հետո լսել է Վ. Ավետյանի հայհոյանքները, ով հարցնում էր իրեն հարվածողին:
Դրանից հետո իր և Արտակ Բայադյանի միջև խոսակցությունն ավելի է թեժացել, որի ընթացքում նա հայհոյել է իրեն, ինչից անմիջապես հետո իրենց միջև փոխադարձ ծեծկռտուք է սկսվել: Գ. Մարգարյանը, ըստ դատարանի վճռի, հայտնել է, որ տուժող Ա. Բայադյանին մարմնական վնասվածքներ հասցրել է անձամբ, ուրիշ ոչ մի այլ անձ վերջինիս չի հարվածել, հարվածների արդյունքում Ա.Բայադյանը ուշագնաց չի եղել:
Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանյալը հայտնել է, որ Ա. Բայադյանին գետնին տապալելուց հետո, նկատել է Էդգար Նիկոյանին, ով իրեն ասել է, թե նույն օրը ընկերներով գտնվել են Արզնու ձորում, խմած են և ցանկանում է հավաքել ընկերներին ու հեռանալ այդտեղից: Դատարանի վճռի համաձայն՝ Գարիկ Մարգարյանը հայտնել է, որ մյուս ամբաստայալ Արման Բաղդասարյանին ծեծկռտուքից հետո տեսել է ռեստորանի մուտքի դիմաց` կանգնած վիճակում, ամբաստանյալներ Արման Բաղդասարյանն ու Արման Խաչատրյանը ծեծկռտուքին որևէ մասնակցություն չեն ունեցել:
Դատարանի վճռի համաձայն՝ ամբատանյալը նաև հայտնել է, որ ծեծկռտուքին մասնակցություն չեն ունեցել նաև Արկադի Աղաջանյանը և Էդգար Նիկոյանը՝ հավելելով, որ վերջինս այդ ընթացքում հանգիստ կանգնած զրուցելիս է եղել Արման Խաչատրյանի հետ: Ըստ դատարանի՝ ամբաստանյալը հայտնել է, որ ծեծկռտուքն ընդհանուր առմամբ տևել է 30-ից 40 վայրկյան:
Ըստ դատարանի վճռի՝ նախաքննության ընթացքում՝ 2012թ. հունիսի 18-ին, հայտնել է, որ 2012 թ. հունիսի 1-ից «Հարսնաքար» ռեստորանային համալիրում աշխատել է որպես անվտանգության աշխատակից, դեպքի օրը՝ հունիսի 17-ին, սովորականի պես գտնվել է աշխատանքի վայրում, զբաղվել է իր պարտականություններով, ժամը 23:00-ի սահմաններում ռեստորանի ամառային դահլիճի մոտից քայլելով մոտենալիս է եղել ռեստորանի գլխավոր մուտքին, երբ նկատել է դիմացի ավտոկայանատեղիում հավաքված անձանց, որոնց շարքում` նույն ռեստորանի մատուցող Ալիկին (Դավիթ Ադամյան):
Հիշյալ անձինք ռեստորանի ավտոկայանատեղիում քաշքշելիս են եղել Ալիկին ու հայհոյել: Հենց այդ ընթացքում ինչ-որ անձնավորություն, ում չի կարող հիշել, հարվածել է վերջինիս: Ըստ դատարանի վճռի՝ Գ. Մարգարյանը հայտնել է, որ ինքը մոտեցել է նրանց բաժանելու և քաշքշուկը սաստելու նպատակով, Ալիկին քաշել է մի կողմ ու նշված անձանց հորդորել, որ հանգստանան, չշարունակեն: Դրանից հետո Ալիկի հետ միասին գնացել է ռեստորանի ուղղությամբ, Ալիկը մտել է ներս, իսկ ինքը դուրս է եկել ռեստորանից, ճանապարհից տաքսի ավտոմեքենա նստել և ուղևորվել տուն: Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանյալը հայտնել է նաև, որ հիշյալ անձանցից երևում էր, որ գտնվել են ոգելից խմիչքի ազդեցության տակ:
Ամբաստանյալ Դավիթ Ադամյանի ցուցմունքները
Ըստ դատարանի վճռի՝ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Դավիթ Ադամյանը հայտնել է, որ, չորս տարի աշխատել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում որպես մատուցող, ամուսնացած է, ունի 7-ամյա դուստր: Նա հայտնել է, որ երբ դեպքի օրը Վահե Ավետյանն ու նրա ընկերները եկել են ռեստորոնային համալիր, ինքը մոտեցել է նրանց և ուղեկցել նախապես պատվիրված սեղանի մոտ: Դրանից անմիջապես հետո իրեն են մոտեցել Վ. Ավետյանը և Դիանան, վերջիններս զուգարանի տեղն են հարցրել: Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանայալը ցուցմունք է տվել, որ այդ պահին ինքը Վ. Ավետյանին հայտնել է, որ ռեստորանում չի թույլատրվում սպորտային համազգեստով գտնվելը: Ըստ դատարանի՝ ի պատասխան Վ. Ավետյանը հարցրել է, թե ով է սահմանել սպորտային համազգեստով ռեստորանային համալիրում ներկա գտնվելու արգելքը, ինչին պատասխանել է, որ ռեստորանի տնօրինությունը:
Վահե Ավետյանը, ի պատասխան իր հայտնածի, ասել է, որ տնօրինությանը փոխանցի՝ «Հեսա սպարտիվկես հանում եմ, տռուսիկիով նստեմ»:
Ըստ դատարանի վճռի՝ Դավիթ Ադամյանն ասել է, որ ինքն այդ պահին՝ չհակադարձելով վերջինիս, որոշել է հեռանալ, սակայն Վահե Ավետյանը հայհոյանքներով սկսել է պահանջել սեղանի հաշիվը, ինքը գնացել է հաշիվը բերելու ու վերադառնալուն պես հայտնաբերել է վերջինիս սեղանի մոտ:
Մոտեցել է իրեն, որ հաշիվը փակի:
Ըստ դատարանի վճռի՝ Դ. Ադամյանը հայտնել է, որ իրենց է մոտեցել նաև Արկադի Աղաջանյանը ու ասել. «Բա հիմա չենք շարունակելո՞ւ», ինչին էլ ի պատասխան Վ. Ավետյանն ասել է. «Ոչ, աֆիցանտը չի թողնում»:
Ըստ դատարանի վճռի՝ ամբաստնայլն ասել է, որ Վ. Ավետյանն իրեն այդ պահին հարց է տվել, թե ինչ է լինելու վճարածը, ինչին էլ պատասխանել է, որ պատվիրածը կարող է փաթեթավորել, որ հետները վերցնել, Վ. Ավետյանն իրեն հայտնել է, որ սեղանին ձեռք չտան, և գիշերվա որ ժամն էլ լինի, կվերադառնա ու քեֆը կշարունակի, այդ ամենը ուղեկցվել է Վ. Ավետյանի կողմից հնչեցվող հայհոյանքներով, որոնք չի ցանկացել դատարանում բարձրաձայն հնչեցնել: Ինքը Վ. Ավետյանին հայտնել է, որ ռեստորանը փակվում է ժամը 24:00-ին, ինչին էլ վերջինս պատասխանել է, որ միևնույն է՝ 12:00-ին 5 էլ պակաս լինի՝ վերադառնալու է:
Ըստ դատարանի վճռի՝ Դավիթ Ադամյանը նշել է, որ նրանց հեռանալուց անմիջապես հետո ինքը գնացել է ռեստորանային համալիրի տնօրեն Զոհրաբյան Հրաչյայի մոտ ու պատմել կատարվածը: Տնօրենն էլ պատասխանել է, որ, եթե հանկարծ հիշյալ անձինք վերադառնան, ապա առանց մենեջերի թույլտվության չնստեցնեն սեղանի շուրջ: Ըստ դատարանի վճռի՝ Դ. Ադամյանն ասել է, որ ինքը մենեջերին տեղեկացրել է, որ չի ցանկանում սպասարկել հիշյալ սեղանը, քանի որ նրանք վատ են վերաբերվել իրեն: Մենեջերը հանձնարարել է, որ գնա ու շարունակի իր աշխատանքը մեկ այլ սեղանի շուրջ, ինքը հեռացել է: Ըստ ամբաստանյալի՝ մոտ 20-25 րոպե անց ափսեները ձեռքը մտնելով լվացարան, իրեն է մոտեցել այդ պահի դրությամբ Վահե Ավետյանենց սեղանը սպասարկող մատուցող Մանուկը ու հայտնել, որ այլևս «հավես չունի» ու խնդրել է, որ ինքը մոտենա վերջիններիս ու տեսնի, թե ինչ են ուզում:
Դուրս գալով լվացարանից՝ հանդիպել է մատուցող Գևորգին, ով իրեն հայտնել է, որ կռիվ է լինելու, որ նրա սպասարկած սեղանը վիճաբանում է իր կողմից սպասարկվող սեղանի հետ ու նրա սեղանի հաճախորդները հայտնել են, որ այդ անգամ արդեն շիշը գլխներին են տալու:
Ըստ դատարանի վճռի՝ Դ. Ադամյանը հայտնել է, որ ինքը մոտեցել է Վ. Ավետյանենց սեղանին, հարցրել, թե արդյոք կանչե՞լ են իրեն, նրանք էլ պատասխանել են. «Բա մտածում էիր էլ չենք հանդիպելո՞ւ իրար»: Ի պատասխան ասել է, որ նման բան չի մտածել: Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանյալն ասել է, որ Արկադի Աղաջանյանն իրեն խմիչք է առաջարկել, սակայն ինքը պատասխանել է, որ աշխատանքի վայրում իրավունք չունի խմել, իսկ նա ասել է. «Այդքան հետույք չունես, որ հետներս խմես, բայց այդքան հետույք ունես, որ մեզ զգուշացում տաս»:
Ըստ դատարանի վճռի՝ Դ. Ադամյանն ասել է, որ Վ. Ավետյանը հարցրե է. «Կարո՞ղ ա գլխարկով էլ թույլ չտաս նստենք», իսկ ինքը պատասխանել է, որ եթե թողել են նստել, ուրեմն կարող են նստել: Դրանից հետո վերջիններս ասել են. «Մի հատ ուշադիր նայի, կարողա վրեն գծեր լինեն, չթողնես» ու սկսել են ծաղրել իրեն՝ հավելելով. «Տենց մի նայի մեր վրա, կայֆավատ ենք լինում վրեդ»:
Դատարանի վճռի համաձայն՝ ամբաստանյալն ասել է, որ ոչ ոք չի կարող իր վրա «կայֆավատ» լինել, ինչից հետո Վ. Ավետյանը սկսել է հայհոյանքներ տալ իր հասցեին, մասնավորապես՝ ասելով, որ հեսա սենց կանի իրեն, նենց կանի, ինքն էլ պատասխանել է. «Արի, տենանք՝ ում պտի անես», շարժվել է դեպի մուտքի կողմ, նրանք էլ, հայհոյանքներ հնչեցնելով, շարժվել են իր հետևից: Ըստ դատարանի վճռի ամբաստանյալն ասել է, որ մուտքը սեղանից գտնվելիս է եղել 3-ից 4 քայլ հեռավորության վրա, սյդ ընթացքում Արկադի Աղաջանյանն սկսել է արմունկով հարվածել իր կողքին ասելով. «Արա, ձենդ կտրի, ինչ ես…»: Իսկ Վ. Ավետյանը սկսել է իր ընտանիքի անդամներին հայհոյել, որն էլ լսելով, շրջվել ու մեկ անգամ հարվածել է Վ. Ավետյանին:
Ըստ դատարանի վճռի՝ Դ. Ադամյանը հայտնել է, որ այդ պահին միանգամից միջամտել են անվտանգության աշխատակիցներ Նորայրն ու Գարիկը, ով հրել է իրենց մի կողմ, իսկ Նորայրը, իր շորից քաշելով, ասել է. «Ռադ էղի վերև»: Ամբաստնյալը հայտնել է, որ ինքը գնացել է տնօրենի մոտ, որ տեղյակ պահի կատարվածի մասին, քանի որ չի ցանկացել, որ վերջինս հիշյալ միջադեպի մասին տեղեկանա այլ անձանցից ու ազատի իրեն աշխատանքից:
Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանյալը հայտնել է, որ, լինելով 35 տարեկան, առաջին անգամ է գտնվել ոստիկանությունում, այդ իսկ պատճառով գտնվել է շփոթված և վախեցած վիճակում: Հայտնել է, որ ոստիկանության բաժնում ինքը շրջապատված է եղել ինչ-որ դիմակավոր անձանցով, իրեն բազմաթիվ հարցեր են ուղղել, որոնց ինքը պատասխանել է, սակայն իրեն այդպես էլ չեն հավատացել: Բացի դա՝ հայտնել են, որ եթե չհայտնի իրականությունը, ապա կդատապարտվի: Ինքն էլ, վախեցած այդ ամենից, կարծելով, որ իրեն ծեծի կենթարկեն` ստել է, մասնավորապես՝ հայտնելով, որ ճանաչում է մյուս ամբաստանյալներին ևս:
Ըստ դատարանի վճռի՝ նախաքննության ընթացքում՝ 2012 թվականի հունիսի 19-ին, Դավիթ Ադամյանը հայտնել է, որ դեպքի օրը «Հարսնաքար» են եկել հինգ տղամարդ և մեկ կին, որոնցից մեկը սպորտային համազգեստով է եղել, ինքը նրան տեղեկացրել է, որ նման համազգեստով ռեստորան մուտք գործելը չի թույլատրվում:
Ամբաստանյալն, ըստ դատարանի վճռի, ասել է, որ որոշ ժամանակ անց հիշյալ սպորտային համազգեստով անձնավորությունը հետը ռեստորան ժամանած անձանցից մեկի ուղեկցությամբ իրեն դուրս է հրավիրել ու հարցրել, թե ինչու է ինքը նրանց վատ վերաբերվում, իսկ վանդակավոր շապիկով անձնավորությունը իրեն հրել է, անմիջապես իրենց է մոտեցել ռեստորանի անվտանգության աշխատակից Գարիկը ու ասել իրեն, որ հեռանա:
Ըստ դատարանի վճռի՝ Դ. Ադամյանը հայտնել է, որ մի քանի րոպե անց, երբ ինքը կրկին վերադարձել է ռեստորանի բակ, նկատել է, թե ինչպես է անվտանգության աշխատակից Գարիկը և Ռուբեն Հայրապետյանի երկու թիկնապահները` Կյաժը և Արթուրը, ավտոմեքենաների կայանատեղիի մոտ ծեծի ենթարկում իր հետ վիճաբանող անձնավորությանը և վերջինիս հետ ռեստորան ժամանած չորս տղամարդկանցից երեքին, Գարիկը, Արթուրը և Կյաժը ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել հիշյալ անձանց:
Այդ պահին մտնելով ռեստորան նկատել է հիշյալ անձանց հետ ռեստորան ժամանած չորրորդ անձնավորությանը` կանգնած հետը ժամանած կնոջ հարևանությամբ: Նա հայտնել է նաև, որ ծեծկռտուքն անվտանգության աշխատակիցների և հիշյալ անձանց միջև տևել է մոտ 15 րոպե, ինքն այդ կռվին չի մասնակցել, ոչ ոքի չի հարվածել, ոչ մի անձի առողջությանը վնաս չի պատճառել:
Ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի ցուցմունքները
Ըստ դատարանի վճռի՝ քրեական գործի դատական քննության սկզբնական շրջանում ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն հետագայում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում մասնակի, մասնավորապես՝ տուժող Գարիկ Սողոմոնյանին ծեծի ենթարկելու մասով: Նա հայտնել է, որ ինքը դեպքի օրը ցանկացել է հանդիպել տնօրենին, քանի որ դրա հաջորդ օրն իր երեխայի ծննդյան օրն է եղել, ցանկացել է սովորականից ավելի վաղ ավարտել աշխատանքը : Իրեն տեղեկացրել են, որ տնօրենը տեղում չէ, այդ պատճառով որոշել է սպասել մինչև տնօրենի ժամանելը: Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանյալը հայտնել է, որ սպասելու ընթացում նկատել է Նորայր Հայրապետյանին, ով կանգնած զրուցելիս է եղել տուժող Գարիկ Սողոմոնյանի հետ: Նկատել է, որ մի բան այն չէ, քանի որ վերջիններս բարձր տոնայնությամբ են զրուցել, մոտեցել է վերջիններիս ու հենց այդ ընթացքում նկատել է նաև Գարիկ Մարգարյանին, ով նույնպես բարձր տոնայնությամբ զրուցելիս է եղել երկու անձանց հետ, ովքեր հետագայում պարզվել է, որ հանդիսանում են Արտակ Բայադյանն ու Արկադի Աղաջանյանը:
Այդ ընթացքում նկատել է ևս մեկ անձի, ով, բարձր հայհոյանքներ հնչեցնելով, մոտենալիս է եղել իրենց, հետագայում պարզել է, որ այդ անձը Վահե Ավետյանն է եղել:
Արթուր Բաբլոյանը, ըստ դատարանի վճռի՝ հայտնել է, որ հայհոյանքներ հնչեցնող անձի ուղղությամբ քայլել է Նորայր Հայրապետյանը՝ ասելով, որ բոլորը հանգստանան, ու անմիջապես այդ պահին Նորայրին հայհոյել է Գարիկ Սողոմոնյանը, ինչն էլ լսելով, շրջվել ու ապտակել է վերջինիս:
Նորայրը մոտեցել է Վահե Ավետյանին, որ հանդարտեցնի նրան, ու հենց այդ պահին ինքը նկատել է, թե ինչպես է Գարիկ Սողոմոնյանը փորձում հարձակվել Նորայրի վրա: Միջամտել է՝ կանգնելով Նորայրի և Գարիկի միջև: Ըստ դատարանի վճռի՝ Արթուր Բաբլոյանը հայտնել է, որ Գարիկը, շրջվելով դեպի իրեն, սկսել է հայհոյել ու հարձակվել իր վրա, որից հետո իրենց միջև փոխադարձ ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում ինքը ստացել է մարմնական վնասվածքներ, մասնավորապես դեմքի շրջանում, որոնց մասին նշումներն առկա են դատաբժշկական եզրակացության մեջ: Ամբաստանյալը նշել է, որ ծեծկռտուքի ընթացքում անմիջապես հասկացել է, որ վիճաբանող հաճախորդները գտնվելիս են եղել ալկոհոլի ազդեցության ներքո. դրա մասին է վկայել վերջիններիս պահելաձևը: Հարվածների արդյունքում նա ստացել է մարմնական վնասվածքներ:
Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի ցուցմունքները
Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը գործի նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իսկ դատաքննության ընթացքում հայտնել է, որ դեպքից տեղեկացել է դրա ավարտից հետո: Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ իրեն ճանաչման գործընթացի ժամանակ տուժողների կողմից իրեն ճանաչելը պայմանավորված է շուրջ 3 օր ոստիկանությունում չսափրված վիճակում, առանց հագուստների, առանց կոշիկների ամրակների գտնվելով, այն դեպքում, երբ իրեն հետ ճանաչման ներկայացված մյուս անձինք գտնվել են բավականին պատշաճ վիճակում՝ հագներին ոսկեղեն, շապիկներից կախված ակնոցներով:
Ինքն ակնհայտ տարբերվել է շարքում կանգնած մյուս մասնակիցներից իր անփույթ տեսքով, հետևաբար հենց դա էլ, ըստ իրեն, հանգեցրել է այն բանի, որ տուժողները միանգամից մատնանշել են հենց իրեն, իբրև անձ, ով դեպքի ժամանակ գտնվել է ավտոկայանատեղիում:
Ամբաստանյալ Արման Խաչատրյանի ցուցմունքները
Ըստ դատարանի վճռի՝ քրեական գործի նախնական և դատական քննության ընթացքում ամբաստանյալ Արման Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 2012 թվականի հունիսի 17-ին սովորականի պես գտնվել է աշխատանքի վայրում` Հարսնաքար ռեստորանային համալիրում: Ըստ նրա ցուցմունքի՝ ժամը 21:40-ից 21:50-ի սահմաններում ինքը Արման Բաղդասարյանին տեղեկացրել է, որ մոտ կես ժամով պետք է բացակայի ռեստորանից, քանի որ «Play city»-ի մոտ իր հին ծանոթներից մեկին պետք է հանդիպի: Սակայն մոտ 30-ից 40 րոպե սպասելով ու հասկանալով, որ ծանոթը չի ժամանել՝ վերադարձել:
Ըստ դատարանի վճռի՝ Արման Խաչատրյանը նշել է, որ, հասնելով ռեստորանի տարածք, հեռվից նկատել է, որ ռեստորանի ամառային սրահի մոտ մարդիկ են հավաքված և ինչ-որ հրմշտոց է տեղի ունենում: Մոտենալով տեսել է կռացած վիճակում, քիթն արյունահոսող Վահե Ավետյանին: Վերջինիս կողքին կանգնած է եղել Էդգար Նիկոյանը, այնուհետև նկատել է նաև մյուս տուժողներին, ինչպես նաև մատուցող Դ. Ադամյանին:
Տուժողներն այդ պահին փորձել են ինչ-որ հարցեր պարզել Դ. Ադամյանի հետ, իսկ ռեստորանի անվտանգության աշխատակիցներ Նորայրն ու Գարիկը փորձել են հանդարտեցնել իրավիճակը: Նորայրը, բարկանալով մատուցող Դ. Ադամյանի վրա, ասել է. «Ռադդ քաշի, ստեղից գնա՛»: Ինքն այդ պահին տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել: Նորայրի ասածից հետո Դ. Ադամյանը հեռացել է ու այլևս նրան չի տեսել:
Ըստ դատարանի վճռի՝ Ա. Խաչատրյանը հայտնել է, որ քրեական գործի նախաքննության ժամանակ քննիչին հայտած այն տեղեկությունը, թե ինքը հանդիսանում է Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը, չի համապատասխանում իրականությանը: Ամբաստանյալը, ըստ դատարանի վճռի, հայտնել է, որ այդ հարցին ինքը պատասխանել է իր սուբյեկտիվ տրամաբանությամբ: Այն է՝ ըստ իրեն, քանի որ ինքը հանդիսանում է ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակից և այն պարագայում, երբ ռեստորանը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, հետևաբար՝ ստացվում է, որ ինքը նույնպես հանդիսանում է Ռ. Հայրապետյանի աշխատակիցը: Իրականում ինքը չի հանդիսանում Ռ. Հայրապետյանի անվտանգության աշխատակիցը, ինքն աշխատել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում՝ որպես անվտանգության աշխատակից:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի ցուցմունքները
Ըստ դատարանի վճռի՝ քրեական գործի դատական քննության սկզբնական շրջանում ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Սակայն հետագայում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում մասնակի է իրեն մեղավոր ճանաչում, մասնավորապես՝ մեղադրանքն ընդունել է տուժող Վահե Ավետյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մասով: Ըստ վճռի՝ Ն. Հայրապետյանը հայտնել է, որ ինքը մեկ անգամ ապտակել է տուժող Գարիկ Սողոմոնյանին իր հասցեին հայհոյանք հնչեցնելու կապակցությամբ, փորձել է հանդարտեցնել իրավիճակը, ու այդ պահին իր առջև է կանգնել Վահե Ավետյանը, ով հայհոյանքներ է հնչեցրել ու չի ցանկացել հանդարտվել, իրեն ասել է, որ մի կողմ քաշվի ու հայհոյել է, ինչից հետո ինքը մեկ անգամ հարվածել է նրան, ինչի արդյունքում Վահեն վայր է ընկել գետնին:
Ամբաստանյալը նշել է, որ դրանից հետո ինքն առաջ է շարժվել, որպեսզի հանդարտեցնի մյուս մասնակիցներին, որևէ միտում չի ունեցել վերջինիս ծեծի ենթարկելու, միայն ցանկացել է հանդարտեցնել վիճաբանողներին: Սակայն դեռ մի քայլ չկատարած, ինքը հարված է ստացել թիկունքից ու հետ շրջվելով հայտնաբերել է, որ հարվածողը Վահե Ավետյանն է: Վերջինս հարվածել է իրեն ու հայհոյել, ինչից հետո զայրացած հետ է շրջվել ու փոխադարձ ծեծկռտուքի մեջ մտել Ավետյանի հետ: Ըստ դատարանի վճռի՝ Նորայր Հայրապետյանը հայտնել է, որ Վահեին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորություն չի ունեցել, իրենից բացի՝ ուրիշ ոչ մի այլ անձ Վահե Ավետյանին հարվածներ չի հասցրել:
Դատարանի գնահատականը՝ ամբաստանյալների ցուցմունքներին
Անդրադառնալով ամբաստանյալների ցուցմունքներին, մասնավորապես՝ այն մասին, թե տուժողներին ծեծի ենթարկելու գործընթացին չեն մասնակցել կամ տուժողներին համապատասխան մարմնական վնասվածքներ պատճառելը չի կատարվել միասնական դիտավորությամբ մեկը մյուսի գործողությունները լրացնելու դիտավորությամբ, դատարանն իր վճռում նշել է.
«Դատարանը գտնում է, որ այդ պատճառաբանություններն անհիմն են ու կարող են քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ հետապնդել, և դրանք հերքվում են, իսկ առաջադրված մեղադրանքները հաստատվում, հիմնավորվում են պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գործի հանգամանքների և հավաստի ապացույցների հետազոտման հիման վրա»:
Պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ
Դատարանը ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմաացնող հանգամանք է դիտել նախկինում դատապարտված չլիները, բնակության վայրում դրական բնութագրվելը, ինչպես նաև խնամքին մինչև 14 տարեկան երեխայի առկայությունը: Նրա պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:
Որպես ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, բնակության վայրում դրական է բնութագրվում, խնամքին ունի մինչև 14 տարեկան երեք երեխա, ինչպես նաև հիվանդ մայր: Դատարանն արձանագրել է, որ գործում ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք առկա չէ:
Արման Բաղդասարյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դիտվել այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, բնակավայրում դրականորեն է բնութագրվում, վատառողջ է, խնամքին ունի հաշմանդամ ծնողներ, մինչև 14 տարեկան երկու երեխա, որոնցից մեկը հաշմանդամի կարգավիճակ է ստացել:
Պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:
Արման Խաչատրյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղացնող հանգամանք է դիտվել նախկինում դատապարտված չլինելը, բնակության վայրում դրականորեն բնութագրվելը, խնամքին հաշմանդամ մոր, թոշակառու հոր և մինչև 14 տարեկան մեկ երեխայի առկայությունը: Ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:
Նորայր Հայրապետյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանագանք է դիտվել բնակության վայրում դրականորեն բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը, խնամքին թոշակառու ծնողների և մինչև 14 տարեկան մեկ երեխայի առկայությունը, ծանրացնող հանգամանք չի արձանագրվել:
Գարիկ Մարգարյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դիտվել այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, բնակավայրում դրականորեն է բնութագրվում, խնամքին վատառողջ մայր ունի, պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք չի արձանագրվել:
Պատրաստեց՝ Օֆելյա Հովհաննիսյանը