
Ռուբեն Հակոբյանը՝ կառավարության կազմում «Ժառանգության» հնարավոր մասնակցության մասին. Մեզ համար կարևոր է, թե ինչպիսի ծրագիր կլինի

168.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե ո՞ր դեպքում «Ժառանգությունը» մաս կկազմի կառավարությանը, ի՞նչ պայմաններ ունի «Ժառանգությունը»: Ի պատասխան Ռուբեն Հակոբյանն ասաց. «Մենք տարբեր առիթներով ասել ենք, որ մեզ համար կարևոր է, թե ինչպիսի ծրագիր կլինի, բայց այդ ծրագիրը դեռ չկա: Ծրագրի առկայության դեպքում միայն հնարավոր է որևէ դիրքորոշում արտահայտել»:
Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ «ժառանգության» համար նախապայման է ծրագի՞րը նա այսպես պատասխանեց. «Թե ինչպիսի ծրագիր կլինի, ինչ քաղաքական ու սոցիալ տնտեսական բաղադրիչ կունենա»:
Մեր ճշտող հարցին` արդյոք չե՞ք բացառում, որ մաս կկազմեք նոր ձևավորվող կառավարությանը, եթե ձեզ համար ընդունելի ծրագիրը որդեգրվի կառավարության կողմից, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այն ընթացքը, որը այսօր կա, խոսում է այն մասին, որ ընդհանրապես որևէ լուրջ բան չի կարող փոխվել Հայաստանում, գործող համակարգը չի փոխվում, այդ դեպքում անիմաստ է ծրագիր կամ կառավարության կազմ քննարկել»: