
Ռուսական զորքերն Ուկրաինայի սահմանից հետ կքաշվեն զորավարժությունների ավարտից հետո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ղազախ գործընկեր Երլան Իդրիսովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում չուռճացնել Ռոստովի մարզում մարտական ստորաբաժանումների տեղաշարժերի շուրջ տիրող իրավիճակը:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի տարածքում ռուսական զորքերի այդ տեղաշարժերը չեն հակասում որևէ նորմի, տվյալ հարցում չկա որևէ սահմանափակում: Լավրովը հավելել է, որ իրենց արևմտյան գործընկերներն ընդունում են, որ իրավական իմաստով որևէ խնդիր չի կարող ծագել:
Լավրովի խոսքերով՝ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող զորքերն իրենց մշտական կենտրոնակայան կվերադառնան զորավարժությունների ավարտից հետո: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը սրանից առաջ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի ֆիքսել Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հետ քաշում: