Դավիթ Հարությունյան. Պահումներ չկատարողները պատասխանատվության կենթարկվեն

Թեև որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ օրենքը նախատեսում է պահումներ կատարել: Նա նշեց, թե պատասխանատվության կենթարկվեն պահումներ չկատարողները, որովհետև օրենքը գործում է:

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս պետք է վարվեն այն քաղաքացիները, ովքեր ֆոնդ չեն ընտրել, և այս ընթացքում պահումներ չեն իրականացրել, արդյոք նրանք պետք է վճարե՞ն այս ընթացքում չվճարած գումարները, նա այսպես պատասխանեց. «Որպեսզի ձեր հարցին հստակ պատասխանեմ, պիտի ավելի խորը վերլուծություն անեմ, բայց հավանաբար, այո, բայց մի ընդունեք իմ ասածը որպես բացարձակ ճշմարտություն»:

Նա նշեց, որ ՍԴ  որոշման մասին իր մեկնաբանությունը շատերին դուր չի գա, և ամեն դեպքում նախազգուշացրեց. «Սահմանադրական դատարանը նշել է, որ եթե այդ նորմերն այսօրվանից ուժը կորցնեն, ապա կխաթարվի երկրում իրավական անվտանգությունը, որպեսզի դա չխաթարվի, այդ նորիմերը կշարունակեն գործել մինչև սեպտեմբերի 30-ը:

Այդ ժամանակահատվածում Կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է քայլեր ձեռնարկեն, որ, հիմք ընդունելով ՍԴ որոշման պատճառաբանական մասը, փոփոխություններ կատարեն օրենքում»:

Ճշտող հարցին, թե հակասահմանադրական ճանաչված հոդվածները շարունակելո՞ւ են գործել, Դ. Հարությունյանը պատասխանեց, որ մինչև սեպտեմբերի 30-ը օրենքի դրույթները, իր ընկալմամբ, ակտիվորեն գործելու են:

Ինչ վերաբերում է ՍԴ որոշման մեջ օգտագործված վերահաշվարկ եզրույթին, լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ի՞նչ էր դա նշանակում: Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե դատարանը ասաց, որ կա կարևոր մի հանգամանք, որ եթե այն փոփոխությունները, որոնք պետք է տեղի ունենան մինչև սեպտեմբերի 30-ը, նախատեսեն անձանց իրավական դրությունն ավելի բարելավող նորմեր:

Ըստ նրա՝ անկախ նրանից, որ դրույթներն ուշ են ուժի մեջ մտնելու, դրանք ունենալու են հետադարձ ուժ, տարածվելու են այն անձանց վրա, ումից կատարվել են պահումներ մինչև այդ ամսաթիվը:

Նա նշեց, որ օրենքը մինչև սեպտեմբերի 30-ը գործելու է այն տեսքով, որով գործում է հիմա:

Հարցին, թե արդյոք իր մեկնաբանությունը ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշո՞ւմն է, Դ. Հարությունյանն ասաց, թե ինքը մեկնաբանում է օրենքը որպես իրավաբան: «Սա Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունն է»,- ընդգծեց նա:

Մեր դիտարկմանը, թե ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե օրենքը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, այդ դեպքում քաղաքացիները ինչպե՞ս պետք է կողմնորոշվեն՝ ո՞ր մեկնաբանությունն է ճիշտ և որով պետք է առաջնորդվեն, Դ. Հարությունյանը հակադարձեց. «Տարբեր տեսակետներ կան, ինչով առաջնորդվի հասարակությունը: Ես չեմ կարծում, որ ՍԴ որոշումը հնարավոր է մեկնաբանել տարբեր ձևերով: Եթե կլինի մեկ այլ ընթերցում, պատրաստ եմ բանավիճել»:

Տեսանյութեր

Լրահոս