Քոչարյանը կմասնակցի՞ քառյակի հանրահավաքներին

Ոչ իշխանական ուժերը հայտարարել են ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին: Ինչպես լրագրողների հետ զրույցում զարմացած ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հանրահավաքներին կմասնակցեն նաև չորս ուժերի առաջնորդները:

Իսկ զարմանքը Ռուստամյանի մոտ առաջացրել է այն հարցը՝ արդյո՞ք հանրահավաքներին կմասնակցեն նաև քառյակին մաս կազմող ուժերի առաջին դեմքերը: Բայց տվյալ դեպքում՝ զարմանքը, թերևս, անտեղյակության հետևանք է: Ի տարբերություն լրագրողների՝ Արմեն Ռուստամյանը թերևս չի կարդացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի ծանուցումն այն մասին, որ տակավին անհայտ է՝ ԲՀԿ ղեկավարը կմասնակցի՞ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության քվեարկությանն ԱԺ-ում, թե՞ ոչ, քանի որ դեռևս հայտնի չէ պարոն Ծառուկյանի աշխատանքային գրաֆիկը:

Բայց քառյակի շուրջօրյա հանրահավաքների ինտրիգը ոչ միայն, իրականում՝ ոչ այնքան, Ծառուկյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունն է: Արդյո՞ք այդ հանրահավաքներին կմասնակցի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քառյակի երկօրյա հանրահավաքներն իրականում այն գործընթացի միջանկյալ կուլմինացիան կարող են դառնալ, որի իրական նպատակը Քոչարյանին իշխանության վերադարձնելն է՝ անձամբ կամ դրածո մեկի միջոցով:

Որքան էլ քառյակի հավերժ քոչարյանական և նախկին հակաքոչարյանական անդամները փորձեն համոզել, որ որևէ ականջ իրենց նախաձեռնության հետևում չի երևում, քաղաքական պարզագույն տրամաբանությունն ու հայաստանյան իրողությունները միանգամայն հակառակն են պնդում: Ինչպես որ՝ քառյակի նախաձեռնությունների առաջամարտիկները, ովքեր ամբողջությամբ քոչարյանական գործիչներ են: Ուշադրություն դարձրեք՝ ովքե՞ր են մասնակցում ոչ իշխանական ուժերի խորհրդարանական խմբակցությունների հանդիպումներին:

Որպես կանոն՝ յուրաքանչյուր ուժից՝ երկուական անդամ. ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ կամ Ռուբեն Հակոբյանը միայնակ, կամ երբեմն՝ որևէ այլ ժառանգականի հետ: Ակնհայտ է, որ քառյակի հանդիպումներում առանցքային դերակատարում ունեցողների առնվազն կեսը (ամեն ուժի 2 անդամներից մեկը) գործիչներ են, ովքեր իրենց կարիերայի գագաթնակետին են հասել Ռոբերտ Քոչարյանի օրոք ու նրա շնորհիվ:

Օսկանյանը 10 տարի եղել է ՀՀ արտգործնախարարը, Արամ Մանուկյանը՝ Մշակույթի փոխնախարարը, Աղվան Վարդանյանը` Սոցապնախարարը, Արմեն Ռուստամյանը՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իսկ Ռուբեն Հակոբյանը՝ ՀՀ հյուպատոսը Սանկտ Պետերբուրգում: Վերը նշված բոլոր պաշտոնները ոչ թե ընտրովի, այլ նշանակովի պաշտոններ են, այսինքն՝ այդ մարդիկ պաշտոնավարել են բացառապես Ռ. Քոչարյանի շնորհիվ: Ֆորմալ առումով բացառություն է միայն Արմեն Ռուստամյանը, ով, թեև ընտրվել է որպես պատգամավոր, սակայն հասկանալի է՝ չէր կարող ԱԺ կարևորագույն հանձնաժողովի նախագահ դառնալ՝ առանց Ռ. Քոչարյանի ցանկության ու թույլտվության:

Այսինքն՝ քառյակի հիմնական դերակատարները մարդիկ են, ովքեր, յուրաքանչյուրն իր համար, բարձրագույն պաշտոնների են հասել Ռ. Քոչարյանի իշխանության տարիներին, ու, կրկնում ենք, նրա շնորհիվ, քանի որ այդ ժամանակ Հայաստանում պետական կառավարման համակարգում հայտնվելու որևէ այլ մեխանիզմ չէր գործում:

Մարդկայնորեն, թերևս, հասկանալի է, որ նշված գործիչների համար Ռ. Քոչարյանն ասոցիացվում է իրենց լավագույն տարիների հետ, ինչպես Խորհրդային Միությունը՝ ավագ սերնդի ներկայացուցիչների համար: Հասկանալի է նաև, որ նրանք ցանկանում են վերադարձնել իրենց այդ «լավագույն տարիները»՝ ինչպես ԽՍՀՄ-ի կարոտախտով տառապողները՝ անվճար հանգստի ուղեգրերն ու 3.10-անոց երշիկը: Պետք է ընդամենն ազնիվ լինել և խոստովանել դա:

Ինչ վերաբերում է քառյակի հանրահավաքներին Ռ. Քոչարյանի մասնակցությանը, ապա նա կարող է Ազատության հրապարակ գնալ այն ժամանակ, երբ իր նախկին ենթականերն «անշրջելի» կդարձնեն գոնե գործող կառավարության գործունեությունը: Չնայած, գուցե Ռ. Քոչարյանը միանգամից ուղևորվի Հանրապետության հրապարակ՝ որտեղից սկսել է իր քաղաքական կարիերան Հայաստանում՝ 1997 թվականին:

Հ.Գ. Այս հոդվածի պատրաստման ժամանակ դեռևս հայտնի չէր ՍԴ որոշումը, որը, բնականաբար, կարող է ազդել քառյակի հանրահավաքների վրա:

 

Տեսանյութեր

Լրահոս