Բաժիններ՝

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը

Սահմանադրական դատարանը քիչ առաջ ավարտեց պարտադիր կուտակային հոդվածների սահմանադրականության հարցով որոշման հրապարակումը` վիճարկվող դրույթները ճանաչվեցին ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ կուտակայինի հոդվածները համակարգային առումով փոխկապակցված են 50 օրենքների հետ, դրանք ենթակա են վերանայման և իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակով, իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվեց սեպտեմբերի 30-ը` ԱԺ-ին հնարավորություն տալով կուտակային և փոխկապակցված օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորւմը համապատասխանեցնելու ՍԴ որոշմանը:

«Վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կատարված բոլոր վճարումները»,- հայտարարեց Գ.Հարությունյանը: Նիստն ավարտված հայտարարելուց հետո ՍԴ նախագահը նկատեց. «Այնքան հոգնեցի կարդալուց, որ վերջին կետը չասացի` ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: Հիշեցնենք, որ ՍԴ-ն մարտի 28-ին և 31-ին քննեց «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության և 4 ոչ իշխանական ուժերի դիմումը` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործը: Դիմող կողմը ներկայացնում էին պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավաբաններ Մերի Խաչատրյանն ու Արտակ Զեյնալյանը: Պատասխանող կողմը ներկայացնում էր պատգամավոր Հակոբ Հակոբյանը, հրավիրված էին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը և կառավարության այլ ներկայացուցիչներ:

Ազգային ժողովը ժամանակ ունի մինչև սեպտեմբերի 30-ը կատարի օրենսդրական փոփոխություններ՝ համապատասխանեցնելով այն սահմանադրությանը։ Մինչ այժմ կատարված փոխանցումները ենթակա են վերահաշվարկի և վերադարձի։

Նշենք, որ ներկաները ծափերով ողջունեցին ՍԴ որոշումը։

Մանրամասները՝ քիչ անց

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս