Քառյակի բոլոր համաձայնությունները կապված են մինչև ապրիլի 28-ը, դրանից հետո մենք դեռևս որևէ համաձայնություն չունենք
ԱԺ ՀՅԴ խբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ ոչ իշխանակնա չորս խմբակցությունները ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնեն, բայց չեն բոյկոտի ԱԺ նիստերը:
Նշենք, որ հենց այդ օրերին է ԱԺ ոչ իշխանական քառյակը բարձրացնելու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: «Ո՞նց եք դուք դա պատկերացնում, մենք բարձացնելու ենք հարցը, ակտիվ քվեարկություն է լինելու, ո՞նց եք պատկերացնում, որ մենք նախաձեռություն ներկայացնենք ու չգնանք նիստերի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ-ն թերահավատ է մոտենում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, անգամ՝ կատակով, ապա Արմեն Ռուստամյանն ասաց, թե քառյակի բոլոր համաձայնությունները կապված են մինչև ապրիլի 28-ը, երբ ԱԺ է ներկայացնելու համապատասխան նախագիծը:
«Դրանից հետո մենք դեռևս որևէ համաձայնություն չունենք՝ ինչպես ենք իրար հետ աշխատելու, ինչ ենք անելու: Ըստ ստեղծված իրավիճակի՝ մենք հետևություններ կանենք, կգնահատենք արդյունքները և դրա հիման վրա կորոշենք մեր քայլերը: Մնացած բոլորը ազատ են իրենց տեսակետը հայտնել»,- նշեց նա:
Ճշտող հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում, որ ՀՀԿ-ն կատակով է մոտենում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, Ա. Ռուստամյանը նշեց, թե ՀՀԿ-ն հենց այդպիսի կեցվածք էլ պետք է ընդունի: «Իրենք պիտի չհավատան, չտեսնեն, անընդհատ ոնց որ փորձեն սարկազմի, ծաղրուծանակի վերածեն այս ամենը, ասում են՝ հարցեր ենք բարձրացնում, ծեսի ենք վերածում, ամեն քառօրյա նիստում հարց ենք բարձրացնում: Բայց էդ հարցերն իրենք ստեղծել են, քառօրյան էլ չի հերիքի դրանց համար: Սրա մասին թող մտածեն, լավ կյանքից չէ, որ քառյակն ամեն քառօրյային ինչ-որ կոնկրետ հարց է բարձրացնում, պահանջում է լուծում տալ»,- հավելեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: