
Սիրիայում արտաքին ռազմական միջամտությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային աղետի. Սերգեյ Շոյգու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությանը ռազմական միջամտությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային աղետի:
Շոյգուն այս մասին հայտարարել է ՇՀԿ-ի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ՝ հիշեցնելով Լիբիայում իրականացված վերջին ինտերվենցիայի մասին.
«Ինչպես Լիբիայում իրականացված ռազմական գործողության մասին արտահայտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «պայքարել են ժողովրդավարության համար, իսկ ո՞ւր է այդ ժողովրդավարությունը»:
Լիբիան բաժանված է մի քանի մասի, բոլորը պատերազմում են միմյանց դեմ: Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում շարունակվում է խոր ճգնաժամը: Արևմուտքի երկրներն ու արաբ միապետները շարունակում են օգնել սիրիական ընդդիմությանը, այդ թվում նաև ցուցաբերելով ռազմական օգնություն:
Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելը հնարավորություն է տվել նվազեցնել այդ երկրի դեմ արևմտյան երկրների ռազմական գործողության սպառնալիքը: Սակայն նախկինի նման ուժ կիրառելու կոչեր են հնչեցնում»: