ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Ճապոնիային արգելել է զբաղվել կետորսությամբ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ընդունել է, որ Ճապոնիայի կետորսական ծրագիրը չի հետապնդում գիտական նպատակներ, ինչի համար էլ այն պետք է ժամանակավորապես կասեցվի: Դեռ հայտնի չէ, թե որքան կտևի այդ արգելքը:
Ճապոնիայի ներկայացուցիչները խոր հիասթափություն են հայտնել այդ որոշման կապակցությամբ, սակայն մտադիր են պահպանել դատարանի որոշումը: Դատարանը դիտարկել է Ճապոնիայի նկատմամբ Ավստրալիայի ներկայացրած բողոքը և ընդունել դրական որոշում:
Ավստրալիան պնդում է, որ Ճապոնիան տարեկան սպանում է մոտ 1000 կետի, ինչն անում է ոչ թե հանուն գիտական նպատակների, այլ՝ սնունդ հայթայթելու համար: Կետորսությունը միջազգայնորեն արգելված է 1982 թվականից:
Եվ չնայած դրան՝ Ճապոնիան շարունակում է այդ պրակտիկան, ինչը հարուցում է բնապահպանների բողոքը: Ճապոնիայից բացի, կետորսությամբ շարունակվում են զբաղվել նաև Նորվեգիայում ու Իսլանդիայում: