
Քառյակը հերթական փակ հանդիպումն է անցկացնելու

ԱԺ նախորդ նիստում ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցությունները ներկայացրին առաջարկ` «արագաչափերի, նկարահանող սարքերի, վճարովի ավտոկայանատեղերի, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների» և այլ հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեծվելու մասին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ պատրաստակամություն հայտնեց այս հարցերով խորհրդարանական լսումներ անցկացնել, ինչին իր դրական համաձայնությունը տվեցին խորհրդարանի ոչ իշխանական ուժերը։ Հանձնաժողովի ստեղծման առաջարկության նախագծի շուրջ քվեարկությունը հետաձգվեց մինչև հաջորդ քառօրյա` պայմանով, որ մինչև ապրիլի 28-ը պետք է անցկացվեն խորհրդարանական լսումներ:
168.am-ի տեղեկություններով`նախնական պայմանավորվածություն կա լսումներն անցկացնել ապրիլի 22-ին, բայց վերջնական որոշում այս հարցում դեռ ձեռք չի բերվել: Այսօր ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացուցիչների միջև կկայանա հերթական փակ հանդիպումը: