Գրիշա Սարգսյան. Դեռ չի ծնվել մի մարդ, ով կարող է ինձ ուղղորդել
«Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է կառավարությունը փոխելու միամսյակ և կոչ է արել նաև հասարակական կազմակերպություններին միանալ այդ նպատակը իրականացնելու համար ստեղծված միասնական շտաբին: Տեղեկություններ կան, որ «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպությունը կարող է արձագանքել այդ կոչին և որոշակի դերակատարություն ստանձնել:
«Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Սարգսյանն այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ասաց.
«Տարիներ շարունակ մամուլն ինձ և մեր հասարակական կազմակերպությունը փորձել է կապել ԲՀԿ-ի հետ և մեզ մեղադրել են ԲՀԿ-ի կողմից ուղղորդվելու մեջ: Պետք է ասեմ, որ ես ոչ ֆինանսապես, ոչ նյութապես, ոչ ֆիզիկապես և ոչ էլ բարոյապես որևէ մեկից կախվածություն չունեմ, և այդ պատճառով որևէ մեկը չի կարող ինձ ուղղորդել: Կարող եմ ասել, որ դեռ չի ծնվել մի մարդ, ով կարող է ինձ ուղղորդել, ես ունեմ իմ գաղափարները, իմ խելքը և ունեմ հրամանատարական խորհուրդ, որի որոշումներով էլ առաջնորդվում է կազմակերպությունը: Մենք` որպես ազգի զինվոր, պատրաստ ենք լինել հայրենիքի պաշտպանության դիրքերում, բայց ոչ թե այս կամ այն կուսակցական խաղերում»:
Հարցին, թե հնարավո՞ր է հրամանատարական խորհուրդը որոշի, որ պետք է միանալ ԲՀԿ-ի նախաձեռնած շարժմանը. Գ. Սարգսյանը պատասխանեց.
«Մենք քաղաքական գործիչներ չենք և չունենք քաղաքական նպատակներ: Մեր կազմակերպությունը զբաղվում է հասարակական գործունեությամբ. մենք հայտարարել ենք, որ մենք ազգի զինվորներ ենք, կանգնած ենք պետության և պետականության պաշտպանության դիրքերում և չենք ուզում ներքաշվել ներկուսակցական ինտրիգների մեջ»: