Աշոտ Մելիքյան. «Ֆեյքերի» մասին» օրենքը վտանգավոր է ԶԼՄ-ների համար
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր Ազգային ժողովում հայտնի «Ֆեյքերի» մասին օրինագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի կողմից բարձրացված հարցերը կարևոր էին: «Իսկ կոնկրետ օրինագծի հետ կապված մենք՝ լրագրողական կազմակերպություններս, համարում ենք, որ առհասարակ պետք է շրջանառությունից հանվի այս օրենքն ու լայն քննարկումներից հետո այլ լուծումներ առաջարկվի, քանի որ տեխնոլոգիաների առումով այս լուծումները, որոնք պարունակում է օրինագիծը, անիմաստ են, այն վտանգավոր՝ լրատվամիջոցների համար»,- նշեց նա:
Ա. Մելիքյանի խոսքով՝ օրինագիծը խնդրահարույց է նաև իրավական առումով: Նա անիմաստ որակեց նախագիծը՝ շեշտելով, որ եվրոպական երկրներում այս փորձը ևս չկա և պետք է սպասել, թե նրանք ինչ քայլեր կձեռնարկեն: Նրա համոզմամբ, մենք առայժմ պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ արդյունքների դա կհանգեցնի եվրոպական երկրներում, և եթե նրանք սխալվեն, մենք էլ իրենց փորձը կօգտագործենք:
Ա. Մելիքյանն իր կողմից լուծում առաջարկեց՝ նշելով. «Դժգոհ որևէ պատգամավոր, քաղաքական գործիչ, բինզեսմեն, քաղաքացի դիմում է ինքնակարգավորման մարմնին ու ասում՝ վիրավորանք, զրպարտություն է տեսել, դիմել է լրատվամիջոցին, չեն հանել, և հիմա դիմում է այդ մարմնին, լուծում են: Բայց խնդրում ենք չանենք այս օրինգծով, սա կարող է լինել լայն քննարկման առիթ, բայց ոչ…Կրկնում եմ՝ սա վտանգավոր է, հիմա մարդիկ ստիպված են ամբողջ օրը սրանով զբաղվել, ներքին գրաքննությունը զարգանալու է, էլ չեմ ասում, որ վիրավորանքը, զրպարտանքը շատ սուբյեկտիվ ընկալում է»: