Էդդա Կաստելո. Ձեր ընտրած մեխանիզմն ավելի լավն է, քան Գերմանիայինը
Հարցազրույց Համբուրգի Սպառողների պաշտպանության կենտրոնի ղեկավար Էդդա Կաստելոյի հետ
– Հայաստանում ներդրվել է կենսաթոշակային նոր համակարգ, որին, ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է արտահայտվել, դեմ է ՀՀ քաղաքացիների 80%-ը: 1974 թվականից հետո ծնված քաղաքացիներից պարտադիր կերպով պահվում է աշխատավարձի 5%-ը, ինչը, հենց քաղաքացիների գնահատմամբ, իրենց սպառողական իրավունքի ոտնահարում է, և պայքարի են ելել դրա դեմ: Գերմանիայի փորձն ինչպիսի՞ն է:
– Գերմանիայի կենսաթոշակային ապահովվածության համակարգը ներառում է ծերության ժամանակ քաղաքացիների ֆինանսական ապահովվածության երկու համակարգերի համակցություն: Դրանք են վերաբաշխումը և կուտակումը: Ներկայումս Գերմանիայում գործող կենսաթոշակային համակարգը հիմնականում այն է, որ երիտասարդներից, աշխատունակ մարդկանցից արված պահումները 2 ամիս հետո վճարվում են թոշակառուներին:
Այսինքն` դա ոչ թե կուտակային է համարվում, այլ կոչվում է սերունդների համերաշխության սկզբունք: Վերաբաշխողական համակարգը բնութագրվում է նրանով, որ ծերերին թոշակ վճարելու համար օգտագործվում են կենսաթոշակային ապահովագրության ֆոնդի միջոցները:
Գերմանիայում այդ միջոցները ձևավորվում են ապահովագրված վճարներից, ինչպես նաև` դոտացիաներից: Կարծում եմ, որ այս թոշակները բավարար են ծեր մարդու նորմալ կենսամակարդակի ապահովման համար: Կենսաթոշակային ապահովվածության երկրորդ մեխանիզմում գործի են դրվում ձեռնարկությունների ֆոնդերից և մասնավոր վճարումներից կուտակումները: 7.7% վճարում է գործատուն, նույնքան էլ վճարում է աշխատող քաղաքացին:
– Մասնագետների հաշվարկներով` Հայաստանում պետությունը հարկերի և տարբեր պահումների տեսքով գանձում է աշխատողի աշխատավարձի շուրջ կեսը: Գերմանիայում աշխատողներին իրենց աշխատավարձի որքա՞ն մասն է մաքուր ձևով հասնում:
– Մեզ մոտ աշխատավարձից պահվող եկամտահարկը բավականին տարբերակված է. մինչև 7-8 հազար եվրո աշխատավարձի դեպքում հարկումը 0 է, ապա, ըստ աշխատավարձի մեծության, հասնում է մինչև 45%-ի: Բացի դա, պարտադիր կերպով պահվում են նաև կյանքի, ծերության և առողջապահական վճարներ, ընդհանուր մոտ 15%:
– Կուտակային պարտադիր համակարգին դեմ արտահայտվող ՀՀ քաղաքացիները գտնում են, որ սերունդների համերաշխության սկզբունքն իրենց դեպքում էլ է պահպանվում, այսինքն` նախկինում եղած 3% սոցիալական վճարը ներառվել է եկամտային հարկի մեջ, որը գործում է անցած տարվանից: Միաժամանակ, այս տարվանից սկսել է գործել կուտակայինը, որի դեպքում 5% է պահվում, որը կենսաթոշակային ֆոնդերին է փոխանցվում:
– Եթե կենսաթոշակներին հատկացումները պետության կողմից համալրվում են, և դա կառավարվում է շատ վստահելի օպերատորի կողմից, դա վատ գաղափար չէ: Մեզ մոտ` Գերմանիայում, հարյուրավոր մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր կան: Քաղաքացիներն իրենց ցանկությամբ ընտրում են դրանցից մեկը, պետությունն էլ իր կողմից է տոկոսներ վճարում: Մինչև թոշակի անցնելը քաղաքացիները պայմանագիր են կնքում այդ ընկերության հետ, կատարում են իրենց փոխանցումները մինչև թոշակի անցնելը, որից հետո ստանում են գումարները:
Միակ թերությունն այն է, որ այդ ֆոնդերը ղեկավարող ընկերությունները վատ պայմանագրեր են կնքում քաղաքացիների հետ: Այդ մասնավորները պայմանագրային կետերով սահմանում են թոշակային շատ բարձր վճարներ, իսկ եթե 1 կամ երկու օպերատոր լինի, որոնք պետք է գումարները կառավարեն, դա կքչացնի ծախսերը: Ես չգիտեմ, թե ձեր կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ինչպիսին է:
Իհարկե, կառավարության հանդեպ վստահությունը շատ մեծ դեր է խաղում այս հարցում, բայց այսպիսի ֆոնդերը, կառավարվելով լուրջ կազմակերպությունների կողմից, ապահովված են նաև սնանկացումից: Եթե ուզում եք անցնել կենսաթոշակային վճարման մասնավոր ձևի, պետք է ասեմ, որ ձեր ընտրած մեխանիզմն ավելի լավն է, քան Գերմանիայում գործողը: Մեր աշխատանքի նախարարներից մեկի օրոք ստեղծվեց գերմանական համակարգը և նրա անունով է կոչվում: Խնդիրն այն է, որ մասնավոր ֆոնդերի դեպքում ֆոնդերի ծախսերն այնքան բարձր են, որ տակը բան չի մնում: Ձեզ մոտ եթե օպերատորները երկուսն են, դա շահավետ կլինի:
– Գերմանիայում երիտասարդների համար պարտադի՞ր է մասնավոր հիմնադրամներում կենսաթոշակ կուտակելը, թե՞ դա կատարվում է կամավոր հիմունքներով:
– Օրենքով պարտադիր են սերունդների համերաշխության սկզբունքով վճարումները, որոնք, ինչպես ասացի, 2 ամիս անց փոխանցվում են` որպես թոշակ, իսկ դրանից զատ, մնացած ձևերը պարտադիր չեն:
– Հայաստանում վճարումները պարտադիր են 1974-ից հետո ծնվածների համար: Ձեր գնահատմամբ` պարտադիր լինելը խախտո՞ւմ է սպառողների իրավունքը:
– Եթե ֆոնդը լավ կառավարվի, կարծում եմ, շատ ավելի արդյունավետ կլինի: Դա ժողովրդագրական զարգացման հետ էլ է կապված: Գերմանիայում ծերացման ցենզը բարձրացել է, կան տարբեր սանդղակներ, թոշակի անցնում են 67 տարեկանից: Եթե ֆոնդերում ներդրված մեծ գումարներ ես ունենում, ավելի շատ տոկոսներ կարող ես ստանալ:
– Ամեն դեպքում, եթե քաղաքացին սպառողական զամբյուղից ցածր եկամուտ ունի, իրեն պարտադրում են հավելյալ վճարել, դա իրավունքի խախտո՞ւմ է, թե՞ ոչ:
– Այո, դա կարող է խնդիր լինել: Մեզ մոտ կուտակային կենսաթոշակի հարցին կարելի է անդրադառնալ միայն այն դեպքում, եթե գումարդ մեծ է: